Հովհաննես Թումանյանի հեքիաթների՝ տարբեր լեզուներով բջջային հավելվածն արդեն հասանելի է
Առ այսօր չկար Հովհաննես Թումանյանի հեքիաթների բջջային հավելված՝ խոսող գրքերի շտեմարանով:
Հովհաննես Թումանյանի թանգարանի նախաձեռնությամբ արդեն իրականություն է «Ոսկե դարան» հավելվածը, որը կլինի թումանյանական հեքիաթների տարածման ու հանրահռչակման այլընտրանքային տարբերակ:
Հավելվածն օգտակար կլինի հատկապես սփյուռքի այն երեխաների համար, ովքեր չգիտեն հայերեն կարդալ, բայց կարող են լսել ու հասկանալ: Ի դեպ, հեքիաթները կարող են օգտակար լինել նաև անգլախոս, ֆրանսախոս և ռուսախոս երեխաներին:
Հավելվածն ունի ինֆորմացիայի ավելացման համապատասխան գործիքակազմ: Այսպահին արդեն ձայնագրվել են Հովհաննես Թումանյանի պոեմները, քառյակները ևլեգենդներից մեկը: Կարելի է ասել, որ «Ոսկե դարան» հավելվածը կլինիընտանեկան հավելված: Այն կլինի հետաքրքիր՝ տարիքային բոլոր խմբերի համար՝սկսած երեք տարեկանից: Ի դեպ, Հովհաննես Թումանյանի ստեղծագործություններն ընթերցում են լավագույն դերասաններ ու մտավորականներ: Հավելվածը հետաքրքիր և եզակի է նրանով, որ Թումանյանը մատուցվում է տարբեր լեզուներով: Այս պահին հասանելի են հայերեն, արևմտահայերեն, անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն ընթերցվածքներ:
Դարանը «կխոսի» նաև հայոց աշխարհի բարբառներով, ինչպես նաև գերմաներեն, իտալերեն, վրացերեն, պարսկերեն, արաբերեն, հնդկերեն և այլն։
«Ոսկե դարան» հավելվածը ստեղծվել է Հայ Կրթական Հիմնարկություն հիմնադրամի գլխավոր հովանավորությամբ, բայց քանի որ այն շարունակաբար համալրվելու է Հովհաննես Թումանյանի լավագույն ստեղծագործություններով, ուստի ենթադրում է նաև ֆինանսական օժանդակություն: Հավելվածը ներբեռնել, հավանել և ֆինանսական աջակցության ցանկություն է հայտնել Հայ Առաքելական եկեղեցու Միացյալ թագավորության և Իռլանդիայի թեմը՝ ի դեմս Սրբազան Հոր՝ գերաշնորհ Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանի և բարերար Գրիգոր Մելքոնյանի:
Յուրաքանչյուրի ներդրումը «Ոսկե դարան» հավելվածին՝ ներդրում է ազգային արժեքների հանրահռչակմանը, պահպանմանն ու զարգացմանը: