Թրամփի «Խաղաղության խորհուրդը» և Հարավային Կովկասը. ինչպե՞ս է նոր հարթակը նպաստելու խաղաղության հաստատմանը

Նախօրեին Դավոսի ամենամյա Համաշխարհային  տնտեսական համաժողովի շրջանակում Դոնալդ Թրամփը ստորագրեց իր հեղինակած «Խաղաղության խորհրդի» կանոնադրությունը։  «Խաղաղության խորհուրդը» հռչակվեց՝ որպես  նոր միջազգային մարմին, որը նրա վարչակազմը դիրքավորում է՝ որպես Միավորված Ազգերի Կազմակերպությանն (ՄԱԿ) այլընտրանք։

Թրամփն, իհարկե, դրան զուգահեռ՝ նաև հայտարարեց, որ «Խաղաղության խորհուրդը» կհամագործակցի այլ միջազգային կազմակերպությունների, այդ թվում՝ Միավորված Ազգերի Կազմակերպության (ՄԱԿ) հետ։ ԱՄՆ նախագահն ասաց, որ նոր կառույցն անօգուտ չի լինի՝ ընդգծելով դրա աշխատանքի գործնական բնույթը։

«Սա ժամանակի վատնում չի լինի։ Մենք չափազանց շատ ժամանակ ենք վատնել այն բաների վրա, որոնք երբեք տեղի չեն ունեցել։ Սա տեղի կունենա և արդեն տեղի է ունենում»,- հայտարարել է Թրամփը։

Նա հավելել է, որ Խաղաղության խորհրդին մասնակցելու հետաքրքրությունը շարունակում է աճել, քանի որ, նրա խոսքով, կառույցն «իսկապես մեծ նշանակություն կունենա»։ Դոնալդ Թրամփը նաև նշել է, որ Գազայի հատվածը «հիանալի վայր» է, և, որ «Խաղաղության խորհուրդը» կարևոր դեր կխաղա այդտեղի ժողովրդի կենսամակարդակը փոխելու գործում։ Արարողությունից հետո Սպիտակ տունը «Խաղաղության խորհուրդը» հայտարարեց պաշտոնապես ճանաչված միջազգային մարմին։

Կարդացեք նաև

Դոնալդ Թրամփից բացի, կանոնադրությունը ստորագրել են նաև Ադրբեջանի, Արգենտինայի, Հայաստանի, Բահրեյնի, Բուլղարիայի, Հունգարիայի, Ինդոնեզիայի, Հորդանանի, Ղազախստանի, Կատարի, Մարոկկոյի, Մոնղոլիայի, Միացյալ Արաբական Էմիրությունների, Պակիստանի, Պարագվայի, Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի, Ուզբեկստանի և Կոսովոյի առաջնորդներն ու պաշտոնյաները։ Սակայն Միացյալ Նահանգների ավանդական արևմտաեվրոպական դաշնակիցներից ոչ մեկը չի մասնակցել։

Ռուսաստանը և Ուկրաինան, ի թիվս այլոց, հրավիրվել էին միանալու «Խաղաղության խորհրդին»։ Ըստ որոշ տեղեկությունների, նոր կազմակերպությանը միանալու հրավիրվել է ընդհանուր առմամբ 50 երկիր։ Միայն 35-ն է արձագանքել։ Financial Times-ի տվյալներով՝ ԵՄ երկրների մեծ մասը մերժել է հրավերը։ Նորվեգիան նույնպես մերժել է հրավերը։

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հունվարի 20-ին հայտարարել էր, որ Մոսկվան դեռևս չգիտի «Խաղաղության խորհրդի» բոլոր մանրամասները՝ վերաբերում է միայն Գազայի՞ն, թե՞ «ավելի լայն համատեքստին»։ Հաջորդ օրը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Արտաքին գործերի նախարարությանը հանձնարարել էր ուսումնասիրել ԱՄՆ-ի առաջարկը՝ միանալու  «Խաղաղության խորհրդին» և խորհրդակցել գործընկերների հետ այս հարցի շուրջ։  Նա նաև հայտարարել էր ԱՄՆ-ում սառեցված ռուսական ակտիվներից 1 միլիարդ դոլար «Խաղաղության խորհրդին» փոխանցելու իր պատրաստակամության մասին, որը նա հաստատել էր հունվարի 22-ին Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասի հետ հանդիպման ժամանակ։

Հիշեցնենք, որ Ռուսաստանը նաև  այլ պայման էր առաջ քաշել՝ ԱՄՆ-ում մնացած մյուս սառեցված ակտիվները հետագայում կարող են օգտագործվել ռազմական գործողություններից տուժած տարածքների վերականգնման համար՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության պայմանագրի կնքումից հետո։

Ռուս վերլուծաբան Կոնստանտին Սիմոնովը մեզ հետ զրույցում անդրադարձավ Թրամփի նախաձեռնությանը՝ նշելով, թե դեռևս չի հաջողվում շատ լուրջ վերաբերվել, ինչպես նաև շատ հեռանկարային գնահատել ձևավորվող հարթակն ու նրա ապագա գործունեությունը:

Ըստ նրա, միանշանակ է, որ դրա գործունեության կենտրոնը լինելու է ԱՄՆ-ը, ԱՄՆ  նախագահն  ու ամերիկյան շահերը:

«Այստեղ հետաքրքիր բաղադրիչն այն է, որ ԱՄՆ-ի ավանդական խոշոր արևմտյան գործընկերները չեն միանում այս նախաձեռնությանը, ամենայն հավանականությամբ, դեռ գաղափար չունենալով՝ ինչո՞վ է զբաղվելու այս կազմակերպությունը, կամ կասկածով վերաբերվելով այս նախաձեռնության ապագային: Այնուամենայնիվ, Թրամփի յուրաքանչյուր նախաձեռնություն նախ Թրամփի հեղինակության  բարձրացման մասին է միջազգային հարաբերություններում: Ակնհայտ է նաև այն, որ ԱՄՆ վարչակազմն այս կառույցը դիրքավորում է՝ որպես  ՄԱԿ-ին հավասարազոր կառույց, բավականին հավակնոտ նպատակ դնելով, ինչը, կարծում եմ, շատ գերագնահատված ակնկալիք է նման ձևաչափով հարթակի համար: Միևնույն ժամանակ սա որոշակիորեն տեղավորվում է բազմաբևեռ աշխարհի տրամաբանության մեջ, ԱՄՆ-ը ձևավորում է մի շրջանակ, որում գործընթացները կազմակերպվելու են այնպես, այն արագությամբ, որոնցով հետաքրքրված է ԱՄՆ-ը: Թրամփը դժգոհ է արևմտյան մի շարք այլ կառույցների գործունեությունից, անընդհատ քննադատում է դրանք, համարում անօգուտ, ուստի սրանով փորձելու է շատ գործընթացներ կազմակերպել այնպես, ինչպես ինքն է ճիշտ համարում՝ բիզնես գործարքային տրամաբանությամբ»,- նման կարծիք հայտնեց վերլուծաբանը:

Նրա խոսքով, փաստը, որ Հայաստանն ու Ադրբեջանը միացել են հարթակին, շատ բան չի նշանակում.

«Ըստ էության, հարթակին միացան այն երկրները, որոնք համագործակցել են Թրամփի վարչակազմի հետ, և որոշակի առումով բավարարվել են ամերիկյան վարչակազմի սպասելիքներն այդ երկրներից: Իսկ այս վարչակազմի սպասելիքն էր՝ արդարացնել Թրամփի նախընտրական խոստումները խաղաղություն հաստատելու մասին Ուկրաինայի հարցով, իսկ քանի որ այն չհաջողվեց, Թրամփը սկսեց փորձել այլ ռեգիոններում: Իսկ Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում Թրամփի միջնորդությունը ԱՄՆ վարչակազմի համար էական հանգրվան դարձավ, ԱՄՆ նախագահն այդ մասին շատ հաճախ է խոսում՝ նշելով, որ իրեն հաջողվեց այն, ինչ չէր հաջողվել Ռուսաստանին: Հայաստանին ու Ադրբեջանին Թրամփի վարչակազմին կապում են օգոստոսյան պայմանավորվածությունները, խաղաղության հաստատման օրակարգն ու «Թրամփի ուղին», որոնք էլ այս երկրներին բերեցին «Խաղաղության խորհրդի» հարթակ: Թե նոր ի՞նչ կարող է այս հարթակը տալ այդ երկրներին, դժվարանում եմ ասել: Իսկ այդ երկրներն իրենց ներկայությամբ և մասնակցությամբ հնարավոր դարձրին Թրամփի նախաձեռնությունը: Այն, թե ինչ կարող է յուրաքանչյուր երկիր շահել սրանից, կախված է այդ երկրի դիվանագիտությունից ու դիրքից: Կարծում եմ՝ Հայաստանի դեպքում կարևոր է, որ լիներ անվտանգության երաշխիքների մեխանիզմ, պատասխանատվության համակարգ, քանի որ Հարավային Կովկասում կա հայտարարված խաղաղություն, որի դիրքերը չափազանց փխրուն են և որի ամրապնդման համար անհրաժեշտ են զսպող, բալանսավորող մեխանիզմներ: Եթե ակնկալիքն այն է, որ այս հարթակը լինի՝ որպես օժանդակ դիվանագիտական գործիք, ապա այն կարող է օգտակար լինել, իսկ խաղաղությանը ծառայելու համար հարկավոր են բազմաթիվ այլ գործիքներ, որոնք, դեռ հստակ չէ՝ ունենալո՞ւ է այս հարթակը, թե՞ ոչ»,- պարզաբանեց նա:

Ինչ վերաբերում է Ռուսաստանի հնարավոր մասնակցությանը, փորձագետի կարծիքով՝ Ռուսաստանն ակնհայտորեն չի շտապում պատասխանել Թրամփի հրավերին՝ կենտրոնանալով ՌԴ-ԱՄՆ բանակցությունների վրա Ուկրաինայի հարցի շուրջ:

«Բնականաբար, եթե բանակցությունների այս նոր փուլը որևէ արդյունքի չհանգեցնի, ապա դժվար է ակնկալել Ռուսաստանի կողմից այս ուղղությամբ որոշում: Կարծում եմ՝ Ռուսաստանի համար ևս կարևոր է հասկանալ, թե ինչ է իրենից ներկայացնում այս հարթակը և ինչով է զբաղվելու: Այն, որ այն նախատեսված էր Գազայի գոտում իրավիճակը հանգուցալուծելու համար, ապա ընդլայնվեց և վերածվեց այլ օրակարգի, ցույց է տալիս, որ պետք է դեռ սպասել»,- ասաց նա:

Տեսանյութեր

Լրահոս