«Նիկոլի դեմ պայքարող մարդկանց մեջ կան այնպիսիք, որոնք Նիկոլի ԱԱԾ-ի հետ գնում հարցեր են կարգավորում». Աննա Մկրտչյան
«Որքան հակահայ է փաստաթուղթը, այնքան այն ավելի արագ է ստորագրվում, որքան հակահայ է ծրագիրն ու գործողությունը, այնքան առավել արագ է այն կատարվում»,- այս մասին Բաղրամյան 26-ում՝ ՀՀ նախագահականի մոտ, սրբազան պայքարի հանրահավաքից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը՝ խոսելով նախագահի կողմից հայ-ադրբեջանական սահմանի գծման աշխատանքային կանոնակարգի վավերացման մասին։
Նա հիշեցրեց, թե որքան արագ տեղի ունեցավ իշխանությունների կողմից Գորիս-Կապան ճանապարհի հանձնումը, նաև մի քանի տարվա ընթացքում Արցախը հայաթափեցին։
«Այն, ինչը պիտի երաշխավորված իրականացվի Նիկոլի աթոռը պահելու համար, նույն կերպ շարունակում է իրականացվել։ Կարծում եմ, որևէ մեկը Հայաստանում չի կասկածում, որ որքան հակահայ լինի պայմանավորվածությունը, այնքան առավել արագ պետք է կյանքի կոչվի։
Ես գիտեմ, որ մեր քաղաքացիների մոտ այս գիտակցումը կա, հասկանում եմ, որ անզորության զգացողությունը սպանում է բոլորին, բայց հիասթափությունը հարցի լուծում չէ և միակ տարբերակն է՝ անընդհատ հիշեցնել իրենց պատասխանատվության մասին»,- հավելեց ընդդիմադիր պատգամավորը։
Նա մատնանշեց նախագահականի մոտ կուտակված ոստիկաններին ու երկաթե շիթերը, որոնք, ըստ նրա՝ ցանկացած պահի պատրաստ են ճնշելու ՀՀ քաղաքացիներին։
«Ես ցանկացած շարժման հրավերի, որն ուղղվում է ՀՀ քաղաքացիներին՝ մասնակցելու Նիկոլի դեմ պայքարին, դրա շրջանակներում եմ այստեղ։ Այո, ինչպես իմ խոսքում նշեցի, շատ ուրախ կլինեի, եթե մենք մեկ քայլ առաջ կարողանայինք այս հարցը լուծել և թույլ չտայինք, որպեսզի ԱԺ-ն կես ժամվա մեջ ընդուներ այդ հակասահմանադրական կանոնակարգը, պետականության խարխլումը մատի հարվածով կազմակերպեին»,- շեշտեց նա։
Թե ինչո՞ւ շարժմանը չի հաջողվում հասնել հաջողության՝ հարցին Աննա Մկրտչյանը պատասխանեց.
«Նիկոլի դեմ պայքարող մարդկանց մեջ կան մարդիկ, որոնք համարում են, որ նրա դեմ կարելի է պայքարել մի փողոցում, իսկ մյուս փողոցում կարելի է գնալ իր հեղինակազրկված ԱԱԾ-ից մեկի հետ հանդիպել և իր անձնական հարցերը կարգավորել։ Նկատի ունեմ բոլոր այն մարդկանց, որոնք իրենց համակեցությունն այս կամ այն կերպ պատկերացնում են»,- եզրափակեց Աննա Մկրտչյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում