Հետևությունները, որոնք Կարմիր խաչն անում է տեսակցություններից, կիսում է համապատասխան իշխանությունների հետ, երրորդ կողմի հայտարարություն չենք մեկնաբանում. Զառա Ամատունի
Եվրախորհրդարանաի լիագումար վերջին նիստում պատգամավորներից մի քանիսն անդրադարձել են Բաքվում հայ պատանդներին, գերիներին, ինչպես նաև Ադրբեջանի ցեղասպան գործողություններին, որի արդյունքում արցախահայերը բռնի տեղահանվել են իրենց բնօրրանից։
Հոկտեմբերի 22-ին տեղի ունեցած նիստում Կիպրոսից Եվրախորհրդարանի անդամ Լուկաս Ֆուրլասը հայտարարել է, որ Բաքվում հայ գերիները ենթարկվում են ծաղրի ու նվաստացման։
168.am-ը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունուց հետաքրքրվեց՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն որևէ կերպ գնացե՞լ է այս և նմանատիպ հայտարարությունների հետքերով, վերջին անգամ ե՞րբ են այցելել Բաքվում պահվող անձանց։
«Կարմիր խաչի միջազգային կոմիտեն միակ կազմակերպությունն է, որը հնարավորություն ունի տեսակցելու անձանց։ Այն հետևությունները, որոնք Կարմիր խաչն անում է այդ տեսակցություններից հետո, կիսում է միայն համապատասխան իշխանությունների հետ, ուստի չենք կարող մեկնաբանել երրորդ կողմի որևէ հայտարարություն թեմայի շուրջ»,- նշեց Զառա Ամատունին։
Նրա խոսքով՝ պահվող անձանց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից տեսակցությունը շարունակական է։
«Վերջին տեսակցությունը եղել է սեպտեմբեր ամսին և մեր համապատսխան ընթացակարգերով, որով մենք շարժվում ենք այդ տեսակցությունների ընթացքում, կիրառվել է նաև վերջին անգամ։ Սա, բնականաբար, նշանակում է՝ առանձնազրույցների ձևաչափով տեսակցություններ անցկացնելը, հնարավորություն տալ յուրաքանչյուր անձի կապ հաստատել իր հարազատների հետ։ Մեր պատվիրակները նաև գնահատել են անձանց առողջական վիճակը, նրանց հանդեպ վերաբերմունքը և պահման պայմանները։ Այս առումով բովանդակային ամբողջ տեղեկատվությունը կոնֆիդենցիալ է՝ մեր աշխատանքի ձևաչափն է այդպիսին»,- եզրափակեց Զառա Ամատունին։
Հիշեցնենք՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանն Արցախի դեմ սկսած պատերազմից հետո խաղաղ բնակիչներին սպանելու սպառնալիքի տակ սեպտեմբերի 27-ից սկսած գերեվարեց Արցախի նախկին բարձրաստիճան ռազմաքաղաքական ղեկավարությանը։ Սեպտեմբերի 27-ին Հակարիի կամրջից Ադրբեջանը գերեվարեց Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին և ՊԲ նախկին հրամանատարի տեղակալ Դավիթ Մանուկյանին։ Իսկ սեպտեմբերի 28-ին Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ ադրբեջանական կողմը պահանջել է իր ժամանումը Բաքու՝ համապատասխան հետաքննության համար։
Նշենք նաև, որ անցած տարի սեպտեմբերին ապօրինաբար ձերբակալված Ռուբեն Վարդանյանին և Արցախի Հանրապետության ևս 7 նախկին ու գործող պաշտոնյաների առաջադրվել են շինծու մեղադրանքներ՝ քաղաքական դրդապատճառներով, նրանց կալանքի ժամկետներն ապօրինաբար մի քանի անգամ արդեն երկարաձգվել են։
Հիշեցնենք նաև, որ օրերս Բաքվի դատարանը մերժել է Արցախի նախկին պետնախարար, բարերար, գործարար Ռուբեն Վարդանյանի բողոքը, որը վերաբերում էր նրա կալանքի ժամկետի երկարաձգմանը։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Բաքվում ապօրինի պահվող Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարարը խնդրել էր չեղարկել իր կալանքի որոշումը, սակայն դատարանն անհիմն է համարել բողոքը։