Ընտրություններում Փաշինյանի ձայները չկորցնելու համար ՊԵԿ-ը զբաղվում է ինքնիրավչությամբ

Ցանկացած տնտեսական գործունեության համար հավասար մրցակցային միջավայր ստեղծելու գործում առանձնահատուկ դեր ունի Պետեկամուտների կոմիտեն։ ՊԵԿ-ի գործողություններից է կախված, թե որքանով մրցակցային միջավայրը հավասար կլինի հարկատուների համար. բոլորը կգործեն նույն հարկային դաշտո՞ւմ, թե՞ կլինեն արտոնյալներ։

Սա ՊԵԿ-ի անուղղակի պարտավորություններից մեկն է, որը, սակայն, չի կատարվում, կամ միշտ չէ, որ կատարվում է։ Հավասար մրցակցային միջավայր ապահովելու և օրենքի պահանջները բոլորի նկատմամբ համաչափ կիրառելու փոխարեն՝ ՊԵԿ-ն ինքն է նպաստում հարկատուների համար անհավասար պայմանների ստեղծմանը։ Ու դա անում է՝ շրջանցելով օրենքի պահանջները, որը պարտավոր է կատարել։ Կարճ ասած՝ ինքնիրավչությամբ է զբաղվում, ինքն է որոշում՝ կատարե՞լ օրենքի պահանջը, թե՞ չկատարել։

Հիմա՝ ըստ էության։

Ինչպես հայտնի է, սեպտեմբերի 1-ից գործողության մեջ են մտել տաքսի ծառայություն մատուցելու նոր պայմանները։ Դրանց համաձայն, ոլորտում գործող՝ ինչպես կազմակերպությունները, այնպես էլ՝ անհատ տաքսիստները պարտավոր են գրանցվել օնլայն հարթակներում, ծառայություն մատուցելուց էլեկտրոնային հաշիվ դուրս գրել ու շրջանառությունից հարկեր վճարել։

Կարդացեք նաև

Սա պահանջ է, որն ամրագրված է օրենքով։ Այլ հարց, թե այն որքանո՞վ է արդարացված, ի՞նչ խնդիրների առաջ է կանգնեցրել ոլորտում գործողներին և առաջին հերթին՝ անհատ տաքսի ծառայություն մատուցողներին։

Բայց դա օրենքի պահանջ է, որը ՊԵԿ-ը պարտավոր է կատարել։ Հետևել, որպեսզի բոլորը գրանցվեն և կատարեն իրենց հարկային պարտավորությունները։

Սակայն ՊԵԿ-ը որոշել է, որ կարող է իրեն իրավունք վերապահել, շրջանցելու օրենքի պահանջը։

Օրերս անդրադառնալով տաքսի ծառայության մատուցման նոր պայմանների գործարկումից հետո ոլորտում առկա իրավիճակին՝ Պետեկամուտների կոմիտեի նախագահը խիստ տարօրինակ հայտարարություն արեց։ Ասում է՝ անհատ տաքսիստների մասով չենք պատրաստվում կոշտ վարչարարություն կիրառել, կապ չունի, որ նրանք չեն գրանցվում էլեկտրոնային հարթակներում, որպեսզի վճարեն հարկերը։

«Արդեն միլիարդավոր դրամների շրջանառություն կա էլեկտրոնային հարթակներով։

Մենք տեսնում ենք էլեկտրոնային հարթակներից օգտվողների քանակը։ Անհատ տաքսիները, առաջին 10 օրերին եմ հետաքրքրվել, մոտ 30 գրանցում ունեին, հիմա կթարմացնենք և պարբերաբար կտեղեկացնենք»,- հայտարարում է Պետեկամուտների կոմիտեի նախագահը՝ խոստովանելով, որ անհատ տաքսիստների մեծ մասը չի գրանցվել էլեկտրոնային հարթակներում ու չի վճարում հարկերը՝ գտնվելով անհավասար մրցակցային դաշտում գրանցվածների նկատմամբ, որոնք արդեն հասցրել են միլիարդավոր դրամների շրջանառություն ցույց տալ ու դրա դիմաց, բնականաբար, նաև հարկեր վճարել։

Չնայած նրան, որ անհատ տաքսիստները խուսափում են գրանցվել էլեկտրոնային հարթակներում, ու դա ՊԵԿ-ին հայտնի է, այնուհանդերձ ՊԵԿ նախագահը մի բան էլ խրախուսում է այս վարքագիծը՝ հայտարարելով, որ չի պատրաստվում կոշտ վարչարարություն կիրառել նրանց նկատմամբ, բերել հարկման դաշտ և ստեղծել հավասար պայմաններ՝ ոլորտում գործողների համար։

«Անհատ տաքսիների մասով ես նշել եմ, որ մենք չենք պատրաստվում կոշտ վարչարարության դիմել։ Ավելի շատ կամավոր կարգապահության ծրագրեր ենք անելու, բացատրելու ենք վճարելու կարևորությունը, խրախուսելու ենք գրանցումը՝ փուլ առ փուլ»,- ասում է ՊԵԿ նախագահը։

Այս հայտարարությունից ուղղակիորեն բխում է, որ ՊԵԿ-ի ջանքերով՝ գրանցված տաքսի ծառայություն մատուցողները հայտնվել են մի  հարկային բեռի տակ, չգրանցվածները՝ մեկ այլ։ Սա հարվածում է, առաջին հերթին՝ տաքսի ծառայություն մատուցող ընկերություններին։ Եթե այս ամենի նպատակը նրանց հարկային դաշտ բերելն էր, պետք էր ժամանակին մտածել այդ մասին և այլ կարգավորումներ անել։ Փոխարենը՝ այլ պահանջներ սահմանել անհատ տաքսիների նկատմամբ և ոչ թե՝ օրենքի ընդունումից ու կիրառության մեջ դնելուց հետո հայտարարել, թե նրանց նկատմամբ վարչարարություն չի կիրառվելու, թողնելու են ինքնահոսի։

Օրենքը բոլորի համար նույն պահանջներն է սահմանել։ Ու ՊԵԿ-ը պարտավոր է բոլորի համար ապահովել դրանց կատարում։ Ոչ թե սեփական հայեցողությամբ մի մասին թույլ տալ աշխատել արտոնյալ պայմաններում, մյուսներին՝ ոչ։

Իսկ թե ինչո՞ւ են խուսափում անհատ տաքսիստների նկատմամբ կոշտ վարչարարություն կիրառել, դա էլ կարելի է հասկանալ։ Ժամանակին Նիկոլ Փաշինյանը նրանց խոստացել է, որ ոչ մի վճար վճարելու կարիք չեն ունենա, աշխատելու են առանց հարկ վճարելու, քանի որ ընտանիք պահելու խնդիր են լուծում: Ու հիմա, սպասվող ընտրություններից առաջ՝ չեն ուզում շատ նեղություն տալ, ձայներ կորցնել։ Ոչինչ, որ դրանով խաթարում են մրցակցային դաշտը՝ անհավասար պայմաններ ստեղծելով նույն դաշտում գործող տարբեր տնտեսվարողների միջև։

Թվում է, թե այս իրավիճակը, առավել ևս՝ ՊԵԿ նախագահի հայտարարությունը, պիտի անհանգստացներ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովին, որի գոյության իմաստը տնտեսվարողների համար հավասար մրցակցային միջավայրի ապահովում է։ Բայց մրցակցության հանձնաժողովը, ինչպես միշտ, իր տեղում չէ՝ ո՛չ տեսնում են, ո՛չ էլ լսում, թե ինչպես են խեղաթյուրում մրցակցային միջավայրը։

Մինչդեռ՝ իշխանության գալուց անմիջապես հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, թե Հայաստանում այլևս ստեղծված են հավասար մրցակցային պայմաններ, բոլորն ազատ են գործելու նույն միջավայրում։ Հիմա տեսնում ենք, թե ինչպես են պետական մակարդակով ու անհամաչափ վարչարարությամբ անհավասար դաշտ ստեղծում նույն ոլորտում գործող տարբեր տնտեսվարողների համար։ Օրենքը ընդունել, դրել են գործողության մեջ, բայց ընտրողաբար են կիրառում։

Մեր խնդիրը չէ, իհարկե, պաշտպանել տաքսի ծառայություն մատուցող ընկերություններին կամ վնասել անհատ տաքսիստներին։ Ընդհակառակը՝ այն, ինչ արվել է այս օրենքի կարգավորմամբ, ավելի շատ խնդիրներ է ստեղծում, քան խնդիրները կարգավորում։ Խոսքը դրա մասին չէ. Խնդիրը մրցակցային միջավայրը խաթարելուն ու օրենքի պահանջներն արհամարհելուն է վերաբերում, որն իրականացվում է պետական մակարդակով։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս