Իսրայելը Վաշինգտոնի համար չափազանց սերտ դաշնակից է զենքի մատակարարումները դադարեցնելու համար. ԱՄՆ պաշտոնյա

Վաշինգտոնը չի դիտարկում Իսրայելին զենքի մատակարարումները դադարեցնելու հնարավորությունը, չնայած Գազայի հատվածում հումանիտար իրադրությանը: Այս մասին հաղորդում է POLITICO-ն՝ վկայակոչելով Գազայի հատվածում իրավիճակը վերահսկող ԱՄՆ հումանիտար առաքելության ղեկավար Լիզ Գրանդեի հայտարարությունները։

«Օգոստոսի 29-ին Վաշինգտոնում կայացած հանդիպման ժամանակ Լիզ Գրանդեն ավելի քան մեկ տասնյակ հումանիտար կազմակերպությունների ղեկավարներին ասել է, որ ԱՄՆ-ն կարող է դիտարկել այլ մարտավարություններ, որպեսզի Իսրայելին համոզի թույլ տալ կենսականորեն անհրաժեշտ օգնության մուտքը Գազա, օրինակ՝ ճնշում գործադրել ՄԱԿ-ի միջոցով, սակայն ընդգծել է, որ վարչակազմը կշարունակի աջակցել Իսրայելին և չի հետաձգի կամ դադարեցնի զենքի մատակարարումները», – հաղորդում է հրատարակությունը՝ վկայակոչելով հանդիպմանը ներկա աղբյուրներին և տվյալ հանդիպման ժամանակ արված մի շարք մանրամասն նշումներ։

Հանդիպմանը ներկա հումանիտար կազմակերպության ներկայացուցիչը POLITICO-ին հայտնել է, որ, Գրանդեի խոսքով, Իսրայելը մտնում է «այն շատ քիչ դաշնակիցների նեղ շրջանակի մեջ», որին ԱՄՆ-ն չի հակադրվի, և «չի զրկի նրանց ուզած որևէ բանից»:

Օգոստոսյան հանդիպմանը մասնակցած մի քանի հոգի կարծում են, որ Գրանդեն ոչ թե սեփական կարծիքն էր հայտնել, այլ ավելի շուտ բացատրել է ԱՄՆ-ի քաղաքականությունն Իսրայելի նկատմամբ։

Ավելի վաղ ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը նամակ էին ուղարկել Իսրայելի ռազմավարական հարցերի նախարար Ռոն Դերմերին՝ կոչ անելով մեկ ամսվա ընթացքում բարելավել հումանիտար իրավիճակը Գազայի հատվածում, այլապես ԱՄՆ ռազմական օգնությունը կարող է սահմանափակվել:

Իր հերթին, իսրայելցի պաշտոնյաներից մեկն Axios-ին հայտնել է, որ երկրում լրջորեն են վերաբերվում այս հարցին և մտադիր են նամակում բարձրացված խնդիրները քննարկել ամերիկացի գործընկերների հետ։

Տեսանյութեր

Լրահոս