Զգուշացրեցին՝ ճանապարհին որևէ բան չանենք. մարզպետարանի պաշտոնյան ասաց՝ քո ի՞նչ գործն է, որ պետական նշանակության ճանապարհ ես փոսալցնում. Ողջիի վարչական ղեկավար
Շիրակի Մարզի Ամասիայի տարածաշրջանի Ողջի, Մեղրաշատ և Բյուրակն գյուղերը մասամբ կամ ամբողջական ճանապարհների խնդիրներ ունեն, դրանք վերանորոգման լուրջ կարիք ունեն։
Բյուրակն գյուղի վարչական ղեկավար Սեյրան Սարգսյանի խոսքով՝ չկա տարի, որ մի քանի մեքենա ավազ ու խճաքար չլցնեն գյուղամիջյան ճանապարհներին, սակայն անձրևներից, հողամասերը ոռոգելուց հետո լցրած ավազի ուղիղ կեսը ջուրը տանում է, ինչից հետո վիճակը բարդանում է։
«Մարդիկ կարտոֆիլը ջրում են, հետո ջուրը բաց են թողնում, ճանապարհներից ավազը տանում է, սելավներ են լինում, ճանապարհներին ավազ չի մնում։ Մենք իրավիճակը ներկայացրել ենք պատկան մարմիններին, ասել են՝ 2026 թվականին Մեղրաշատ, Ողջի, Բյուրակն ճանապարհները կասֆալտապատվեն, հիմա Բյուրակնում նոր դպրոց են կառուցում, երևի դրանից հետո կանեն։
Մենք ինչ կարողանում, անում ենք, մարդիկ մի քիչ էլ պետք է պատասխանատու լինեն, որ ոռոգման ջուրը բաց չթողնեն, իրենք էլ պետք է հետևողական լինեն։ Թե չէ միայն վարչական ղեկավարը չի կարողանալու այդքան ընկնել մարդկանց հետևից ու բացատրել՝ պատասխանատու լինեն»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Սեյրան Սարգսյանը։
Ըստ վարչական ղեկավարի, խճապատման աշխատանքներից հետո ճանապարհները հայելու տեսք են ստանում այնքան ժամանակ, քանի դեռ անձրև չի եկել կամ ջուր բաց չեն թողել։
«Տեխնիկա ենք բերում, հարթում ենք, տնից մի բնակիչ դուրս չի գալիս, մի խոշոր քար տեղից չի վերցնի։ Կրկնում եմ՝ ամեն մարդ մի քիչ պատասխանատվություն պետք է ունենա, ոչ թե առաջնորդվեն «բոլորը մեղավոր են, բացի ինձանից»-ով։
Մի լավ բան նշեմ, որ գյուղում 50 հատ լուսավորություն ենք քաշել՝ հին քաշածները չհաշված»,- եզրափակեց Բյուրակնի վարչական ղեկավարը։
Ողջիում գյուղամիջյան ճանապարհները հարթեցված են, գրեթե հասցվել են ասֆալտի մակարդակի, միայն մի ճանապարհ վերանորոգման կարիք ունի, որը գնում է դեպի հարևան գյուղ։
Վարչական ղեկավարը խճաքարեր ու ավազ է լցրել այդ ճանապարհին, բայց «Գազելի» մի քանի վարորդներ բողոքել են, թե իրենց մեքենաները փչացնում է, ինչից հետո մարզպետարանից նան արգելել են այդ ճանապարհին որևէ աշխատանք իրականացնել։
«Այդ ճանապարհը պետական նշանակության ճանապարհ է։ Տարիներ շարունակ իմ ու համայնքի, բնակիչների ուժերով մշտապես փոսալցման աշխատանքներ ենք իրականացրել։ Իդեալական վիճակը պահպանվել է՝ մոտ 1-2 տարի առաջ։ Մենք կրկին պատրաստ ենք նույն աշխատանքը տանելու, բայց մեզ արգելեցին, քանի որ խիճ կար ճանապարհին, ու «Գազելի» վարորդներ, որոշ մարդիկ ասում էին՝ խիճը լցրել ես, մեր մեքենաները ջարդվում են։ Այդ ճանապարհով ես ավելի շատ եմ երթևեկում, բայց իմ մեքենան չի ջարդվել, բնակիչների 90 տոկոսը գոհ էր, բայց մեզ Շիրակի մարզպետարանի տրանսպորտի ու կապի պետը, որն այս պահին, եթե չեմ սխալվում, կալանքի տակ է, զգուշացրեց, որ այս ճանապարհին այլևս որևէ բան չանենք։ Այդ մարդը զանգահարեց ինձ, ասաց՝ քո ի՞նչ գործն է, որ պետական նշանակության ճանապարհ ես փոսալցնում, այսինքն՝ ասեց՝ ի՞նչ գործ ունես։ Հիմա ես վախենում եմ նույնիսկ այդ ճանապարհին մոտենամ։ Պատկան մարմինները գնացել-եկել են այս ճանապարհով, տեսել են, բայց հիմա որևէ բան չեմ կարող անել, հիմա այդ պետական նշանակության ճանապարհը մնացել է այդպես, ֆինանսավորում չկա, չեն վերանորոգում։
Բյուրակն համայնքում դպրոց են կառուցում, մեզ ասել են, որ մինչև 2026 թվականը դպրոց գնացող ճանապարհները կասֆալտապատվեն, ասել են՝ սպասեք։ Հիմա կանե՞ն, թե՞ չեն անի՝ չեմ կարող ասել»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Ողջիի վարչական ղեկավար Նորայր Մկրտչյանը։
Ըստ մեր զրուցակցի, այս տարիների ընթացքում, ինչ ինքը վարչական շրջանի ղեկավար է, արել է ամեն ինչ, որպեսզի գյուղը զարգանա՝ գյուղում բնակիչների համար պոմպակայան է ստեղծել, լուսավորություն քաշել։
«Ես աշխատել եմ՝ իմ վերադասը՝ Ամասիայի համայնքապետն էլ ինձ աջակցել է։ Մանկապարտեզ ենք պահում, այն դեպքում, որ որևէ տեղ մանկապարտեզ չկա։ Նախկինում կողքի գյուղերից բերում էին մեզ մոտ, հիմա չեն բերում, դե, գնալ-գալը խնդիր է»,- ընդգծեց Նորայր Մկրտչյանը։
Օրեր առաջ 168.am-ի հետ զրույցում Մեղրաշատի վարչական ղեկավար Էդգար Թադևոսյանն ասել էր, որ գյուղի բոլոր ճանապարհները քարուքանդ են՝ գյուղը պատկան մարմինների ուշադրությունից դուրս է։ Հենց այս գյուղի դպրոցն է ԿԳՄՍ նախարարությունը որոշել փակել ու տեղափոխել հարևան Բյուրակն գյուղ։