Աստղաբաշխական գումարներ՝ ԱԳՆ-ի սրտի անհատ ձեռներեցին. թե բա՝ կոռուպցիա չկա

Արտաքին գործերի նախարարությունն օրերս հանրայնացրել է «Երևանյան երկխոսություն» համաժողովի ծախսերի մեկ այլ հատված։

Պետգնումների էլեկտրոնային armeps համակարգում օրերս հանրայնացված գնումից պարզ է դառնում, որ ԱԳՆ-ն հոկտեմբերի 4-ին մեկ անձ ոչ մրցակցային գնման ընթացակարգով շուրջ 23 միլիոն 600 000 դրամ (շուրջ 61.262 դոլար) արժողությամբ պայմանագիր է կնքել Մարիամ Աբգարյան Հովսեփի ԱՁ-ի հետ։

Պայմանագրով այս ԱՁ-ն ստանձնել է ներկայացուցչական ծառայությունների մատուցման պարտականությունը՝ դահլիճի բրենդավորման, ծրագրերի և բեյջերի տպագրության, թարգմանչական համակարգերի, անլար խոսափողների և 6 բազկաթոռների տրամադրման և այլ տեխնիկական ու կազմակերպչական խնդիրների լուծման համար։

Ի դեպ, ըստ իրավաբանական անձանց ռեգիստրի տվյալների, այս ԱՁ-ն գործունեություն է սկսել ծավալել 2019 թվականի հունվարից հետո, և 2022 թվականից սկսած՝ միլիոնավոր դրամների պայմանագրեր կնքել հենց ԱԳՆ-ի հետ։

Կարդացեք նաև

Ավելին՝ դարձյալ այս տարի, դարձյալ նույն համաժողովի շրջանակում, բայց օգոստոս ամսին սույն ԱՁ-ի հետ կնքվել է մեկ այլ պայմանագիր, որի գինը մատնանշվել է 73 միլիոն 678 660 դրամը(շուրջ 191,334 դոլար)։ Նշվում է, որ այս գումարի շրջանակում Մարիամ Աբգարյանն իրականացրել է սրահների մոդելավորումը, պաստառապատ պատերի տեղադրումը, անիմացիոն հոլովակների պատրաստումը, բեմահարթակի տեղադրումը, ապա նաև՝ մոնտաժման ու ապամոնտաժման աշխատանքները, նկարահանման գոտու նախագծումը, ֆուրշետային սեղանի ձևավորումը, տրամադրել է անգլերեն լեզվով հաղորդավարի ծառայություններ, ապահովել «Երևանի ջազ նվագախումբ, Վահագն Հայրապետյան և Սրբուկ» խմբի ներկայությունը ու այլ նմանատիպ կազմակերպչական միջոցառումներ։

2022 թվականին «Ընդդեմ Ցեղասպանությունների» ֆորումի շրջանակում այս ԱՁ-ն ԱԳՆ-ի հետ ծառայությունների մատուցման պայմանագիր էր կնքել, որի գինը 50 միլիոն 728557 դրամ էր (շուրջ 131,723 դոլար)։

2023 թվականին «Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների նախարարարական հանդիպման շրջանակներում Մարիամ Աբգարյան Հովսեփի ԱՁ-ի հետ կնքված պայմանագրի գինն էլ կազմել է շուրջ 35 միլիոն դրամ(շուրջ 90,925 դոլար)։

Ավելի վաղ 168․am-ը գրել էր, որ 2024 թվականի սեպտեմբերի 9-11-ը ՀՀ արտաքին գործերի նախարարության նախաձեռնությամբ Երևանում տեղի ունեցած «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի շրջանակում հյուրանոցային և տրանսպորտային ծառայությունների համար ԱԳՆ-ն պետական բյուջեից ծախսել է 37 միլիոն 500.000 դրամ։

Գնումը կատարվել է ոչ մրցակցային մեկ անձ ընթացակարգով․ մատակարար ընկերությունն «Արմենիա Թրավել+Մ» ՍՊԸ-ն է։ Ի դեպ, այս ընկերությունը, ըստ armeps էլեկտրոնային հարթակի, թեև դեռ 2016 թվականից է պետգնումներում (2017-2019 թթ. ընդմիջումով), սակայն միայն 2019 թվականից է բացառապես մեկ անձ ընթացակարգով սկսել ծառայություններ մատուցել։ Ընկերության հետ ՄԱ գնման ընթացակարգով միլիոնավոր դրամների տասնյակ պայմանագրեր են կնքել Ազգային ժողովը և Արտաքին գործերի նախարարությունը։

Թե բա՝ կոռուպցիա չկա: Կոռուպցիան պոզով-պոչո՞վ է լինում:

Տեսանյութեր

Լրահոս