Փայտաշեն Էջմիածինը. ինչպե՞ս է փոխվել Մայր տաճարը կառուցման պահից մինչև մեր օրերը
301 թվականին, երբ Հայաստանն ընդունեց Քրիստոնեությունը որպես պետական կրոն, անմիջապես սկսվեց Էջմիածնի Մայր տաճարի կառուցումը, որն ավարտվեց 303 թվականին: Էջմիածինը համարվում է աշխարհի հնագույն մայր տաճարներից մեկը: Իր գոյության ամբողջ ընթացքում տաճարը շատ անգամներ վերակառուցվել է, վերանորոգվել, քանդվել, ավերվել, ենթարկվել թշնամիների թալանին, սակայն մինչ օրս կանգուն է: Պատմական փաստերն ու տվյալները գալիս են ներկայացնելու, թե ինչ ծանր ճանապարհ է անցել Մայր տաճարը: Հետաքրքրական է նշել, որ Էջմիածնի Մայր տաճարը սկզբնական շրջանում մասամբ փայտաշեն էր: Այդ մասին գրում է հայ անվանի ճարտարապետ Թորոս Թորամանյանը.
«….Մատենագրությանց մեջ գտնված հատ ու կտոր տեղեկություններից կիմանանք նաև, որ այս տաճարի սկզբնական շենքը մասամբ փայտաշեն էր, որով հեշտությամբ ենթարկվեց բնական և քաղաքական փոթորիկների պատճառած ավերումներին, որոնց հետևանքն եղավ հաճախակի նորոգություններ նախկին հատակագծի վրա։ Այժմյան գոյություն ունեցող շենքի մանրամասն մասնագիտական քննությունից պարզ երևում է, որ նախկին 303 թվականին հիմնարկված շենքը միանգամայն գոյություն չունի»: (Թորամանյան Թ., Հայկական ճարտարապետություն, հատոր 2, Երևան, 1948 թ., էջ 61):
Էջմիածնի հիմնադրումից հետո պատմական ժամանակաշրջանն ամենաբարդերից մեկն էր հայ իրականության մեջ: Մասնավորապես դա պայմանավորված էր նաև Շապուհ Երկրորդի արշավանքներով:
Այդ արշավանքներից անմասն չմնաց նաև Վաղարշապատ քաղաքը: Պատմական փաստերը վկայում են, որ 368-369 թվականների արշավանքը չափազանց ծանր վնասներ է հասցրել Վաղարշապատ քաղաքին: Այդ արշավանքների մասին մանրամասներ գրել է հայ պատմիչ Փավստոս Բուզանդը.
«Գրավեցին Վաղարշապատ քաղաքն էլ. քանդում, բրում, հիմքից կործանում էին. այս քաղաքից էլ գերի տարան տասնինը հազար տուն: Ամբողջ քաղաքում շենք չթողեցին, բոլորը քարուքանդ արին, կործանեցին: Ասպատակներ ուղարկելով՝ բոլոր չափահաս տղամարդկանց կոտորում էին, կանանց, երեխաներին գերի էին վերցնում»: (Բուզանդ Փ., Պատմություն Հայոց, Երևան, 1968 թ., էջ 218):
Մայր տաճարը ևս քարուքանդ վիճակում էր և այդպես մնաց մինչև 480-ական թվականը: 483-484 թվականներին տաճարը վերաշինում է Վահան Մամիկոնյանը: Մամիկոնյանի վերաշինման, Մայր տաճարի ճարտարապետական փոփոխությունների մասին հետաքրքիր մանրամասներ է ներկայացնում Թորամանյանը.
«Հին շենքը ամբողջովին քանդելով՝ հիմն ի վեր վերաշինել է Վահան Մամիկոնյանը 483 թվականին Հայաստանի մարզպան նշանակվելուց հետո։ Հատակագծային բաղդատական ուսումնասիրությունից ապացուցվում է, որ Վահան Մամիկոնյանը նախկին եկեղեցական հատակագծային ձևերից տարբեր մի նոր ոճով կառուցել է այս շենքը, որ բացի մի քանի աննշան արևմտյան ճաշակի մանրամասնություններից, ինչպես ֆրոնտոններ, պսակի ձևերը, տաճարի ընդհանուր երևույթը և շինարարական կերպերը, զուտ արևելյան հատկանիշ ունեն»: (Թորամանյան Թ., Հայկական ճարտարապետություն, հատոր 2, էջ 61):
Վահան Մամիկոնյանի կատարած ահռելի շինարարական վերականգնումից մոտ երկու դար անց Մայր տաճարը դարձյալ ենթարկվեց վերակառուցման ու մասնակի փոփոխությունների: Այս անգամ այդ գործը կատարեցին Կոմիտաս կաթողիկոսը և հետագայում Ներսես Շինող կաթողիկոսը.
«Կոմիտաս կաթողիկոս (612-621) 7-րդ դարուն, իր ժամանակին մաշված ու հնացած փայտյա գմբեթի տեղ, շինել է քարե գմբեթ անշուշտ, նաև հարակից նորոգություններ ևս անելով։ Իսկ Ներսես Շինող կաթողիկոս (642-662) նույն դարուն, թերևս տաճարը ընդարձակելու դիտավորությամբ, չորս կողմից քառակուսի պատերի մեջ ամփոփված աբսիդները արտաքին պատերից դուրս հանեց, ինչպես որ այժմ կտեսնվի։ Ուրեմն հատակագծի վերջին ձևը տրվեցավ 7-րդ դարում։ Թե ինչ ճակատագիր ունեցավ այս շենքը 7-րդ դարուց մինչև 15-րդ դարը, այս մասին հաստատ մի բան չի կարելի ասել, որովհետև գրեթե պատմական տվյալներ չունենք»: (Նույն տեղում՝ էջ 62):
7-րդ դարում արված վերանորոգումից հետո մինչև 15-րդ դարը Էջմիածնի Մայր տաճարի վերանորոգման մասին պատմական և փաստական տվյալներ գրեթե չկան:
1441 թվականին կաթողիկոսական աթոռը դարձյալ հաստատվեց Էջմիածնում, սակայն մոտ 2 դար ևս ոչ մի վերականգնման ու շինարարական աշխատանքներ տեղի չունեցան:
1627 թվականին Մովսես վարդապետը, ով 1629 թվականին դառնում է կաթողիկոս, ձեռնարկում է Մայր տաճարի վերանորոգման աշխատանքներ: Այդ մասին գրում է Առաքել Դավրիժեցի պատմիչը.
«Ըստ ամենայնի դատարկված է տաճարը, և կողոպտված յուր զարդերը, ոչ գիրք կար և ոչ զգեստներ, այդ պատճառով ոչ մի ժամասացություն չէր լինում, պատահական անցավոր ճանապարհորդների համար մի մահմեդական ձեթի ճրագ վառելով բեմի վրա կդներ, որպեսզի իրեն ողորմություն տան։ Հատակի սալերը ամբողջովին քանդված էին և մեծամեծ լուսամուտները բաց էին մնում առանց վանդակի և փեղկի, որով թռչունները մտնում էին ներս և աղտոտություններով լցնում։ Իսկ դրսի կողմից կաթողիկեի գլուխը, տանիքը և պատերի երեսները ամբողջովին քարուքանդ եղած և քարերը թափված էին գետին՝ գետնի սալերը ևս ջարդելով և փչացնելով։ Մի ժամանակ տաճարին կից շինություններ էին շինված ու հետո քանդված, որով փլատակների կույտը մինչև յոթը կանգուն բարձրացած էր տաճարի շուրջը»։ (Տե՛ս` Էջ:Armenian architecture, Toros Toramanian.djvu/78 — Վիքիդարան (wikisource.org)):
Նորոգման աշխատանքները դադարեցվել են 1635-1636 թվականների Օսմանա-սեֆյան պատերազմի պատճառով: Նորոգման աշխատանքները վերսկսվել են Փիլիպոս Ա Աղբակեցի կաթողիկոսի օորք, ով բոլոր փայտաշեն կառույցները, որոնք ավերված էին, նորոգում ու կառուցում է հիմնովին, քարով և աղյուսով կառուցում է Մայր տաճարի արևելյան խցերը, ամառային սեղանատունը, եկեղեցու առջևի սալահատակը, հարավային կողմի ձիթհանը: 1654 թվականին նա սկսում է Մայր տաճարի արևմտյան թևում կառուցել զանգակատուն, որի շինարարությունը ավարտվել է 1658 թվականին՝ կաթողիկոս Հակոբ Դ Ջուղայեցու օրոք: 1682 թվականին Եղիազար Ա Այնթափցի կաթողիկոսը կառուցում է երեք զանգակատուն:
18-րդ դարում ևս մի շարք վերականգնման ու վերանորոգման աշխատանքներ տեղի են ունեցել: Ցարական և Խորհրդային շրջանում Էջմիածնի Մայր տաճարի կարգավիճակին մենք պարբերաբար անդրադարձել ենք մի շարք հոդվածներում: Պատմական ու քաղաքական բոլոր բարդ ժամանակները հաղթահարելով և կանգնելով մեր օրերի ներքին և արտաքին քաղաքական ծանր դրության կենտրոնում, Էջմիածնի Մայր տաճարը շարունակում է մնալ Հայոց եկեղեցու հոգևոր կենտրոնը: 6-ամյա վերանորոգման աշխատանքներից հետո Մայր տաճարը դարձյալ իր դռները կբացի բոլորի առաջ, իր վրա կրելով 1700 տարվա ճարտարապետական, շինարարական բոլոր փոփոխությունների ազդեցությունն ու իր ներսում կրելով 1700-ամյա պատմությունը:
Զ. Շուշեցի