Փաստերի կարևոր փաթեթ՝ Արմեն Գրիգորյանի համար. Ներկա՞, թե՞ նախկին իշխանությունն է անվտանգային սպառնալիքի դեպքում շտապել զանգել Մոսկվա, և ոչ միայն

Սեպտեմբերի 18-ին Հայկական երկրորդ գլոբալ գագաթնաժողովի պանելային քննարկման ժամանակ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել էր. «Մեր ձախողումը ո՞րն է եղել. առաջնային անվտանգության համակարգի մեխանիզմը սա է եղել. անվտանգության սպառնալիքի դեպքում զանգել Մոսկվա, ուրիշ որևէ տարբերակ կամ մեխանիզմ չկա: Այժմ այդպես չէ, այժմ առաջնահերթ մենք ենք որոշում որոշումներ կայացնել»:

168.am-ն առանձնացրել է 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազանգերը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Եվ այսպես՝

 – 2020, սեպտեմբեր 27. Նիկոլ Փաշինյանը 44-օրյա պատերազմի առաջին օրը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ Նիկոլ Փաշինյանը խորը մտահոգություն էր հայտնել ադրբեջանական կողմից սանձազերծված ռազմական գործողությունների կապակցությամբ, որոնք ագրեսիա են Լեռնային Ղարաբաղի դեմ: Նա անթույլատրելի է համարել էսկալացիայի հետագա զարգացումը և դրանում արտատարածաշրջանային ուժերի ներգրավումը:

Կարդացեք նաև

Վլադիմիր Պուտինը խորը մտահոգություն է հայտնել լայնամասշտաբ ռազմական գործողությունների կապակցությամբ: ՌԴ նախագահն ընդգծել է անհրաժեշտ ջանքերի ներդրման կարևորությունը, որպեսզի թույլ չտրվի հակամարտության հետագա էսկալացիա և դադարեցվեն ռազմական գործողությունները:

– 2020, սեպտեմբերի 29. Փաշինյանը ՌԴ նախագահ Պուտինի հետ հեռախոսազրույցում անդրադարձել էր Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի հետևանքով տեղի ունեցող զարգացումներին:

«Արմենպրեսի» փոխանցմամբ, Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել նաև 2020 թվականի հոկտեմբերի 2-ին:

– 2020, հոկտեմբեր 5. Փաշինյանն իր Արցախ այցելելու օրը, որի շրջանակում հաստատվել է հակահարձակման հայտնի օպերացիան, հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ։

– 2020, հոկտեմբերի 7. Փաշինյանը հերթական հեռախոսազրույցն է ունեցել Պուտինի հետ նրա ծննդյան օրվա առթիվ, բայցև, ինչպես Քննիչ հանձնաժողովում հայտնել էր  Փաշինյանը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ շոշափել է կրակի դադարեցման հարցը. «Ասացի՝ համաձայն եմ, մինչ այդ հետաքրքրվելով, թե ի՞նչ պայմաններով պետք է լինի կրակի դադարեցումը»:

«Հաջորդ օրը (2020, հոկտեմբերի 8։- Մ.Պ.) Ռուսաստանի նախագահն ինձ տեղեկացրեց, որ հրադադարի համար ադրբեջանական կողմը նախապայման ունի. ակնկալում է, որ առանց մարտի իրենց հանձնվի Ֆիզուլին և հայկական ուժերն Արաքսի երկայնքով նահանջեն մինչև Խոդաֆերինի ջրամբար՝ այնպես, որ ջրամբարը լինի Ադրբեջանի վերահսկողության տակ, և նրանք կարողանան այնտեղից ջուր վերցնել ոռոգման նպատակով Ասացի, որ նախապայմաններն ընդունելի չեն, քանի որ ՌԴ նախագահի հետ պայմանավորվել էինք, որ հրադադարը պետք է հաստատվի առանց նախապայմանների, և հետո, նույնիսկ, եթե ես համաձայնվեմ զորքերի նահանջին՝ ոչ մի երաշխիք չկա, որ նահանջի ընթացքում Ադրբեջանը չի շարունակի հարձակումը: Այնուամենայնիվ, որոշակի ճկունություն ցուցաբերեցի՝ արձանագրելով, որ Խոդաֆերինի ջրամբարից ջրի համատեղ օգտագործումը հնարավոր էայսինքն՝ ԼՂ-ն, կարծում եմ, կարող է չխոչընդոտել ջրամբարից Ադրբեջանի ջուր վերցնելուն…»,- մանրամասնել էր նա:

– Այնուհետև Քննիչ հանձնաժողովում վերևում հիշատակված իր խոսքում Փաշինյանը շարունակել էր. «Առաջին անգամ 2020 թվականի հոկտեմբերի 13-ին էր, որ Ռուսաստանի Դաշնության նախագահին խնդրեցի պատասխանել հետևյալ ուղիղ և երկիմաստություններից զերծ հարցին. ի՞նչ պիտի անեմ, որ հրադադար հաստատվի, որ պատերազմը կանգնեցվի: Նույն հարցադրման շուրջ Վլադիմիր Պուտինի հետ ավելի մանրամասն քննարկում ունեցա հոկտեմբերի 16-ին, և Ռուսաստանի նախագահը կարծիք հայտնեց, որ կարելի է փորձել 5 շրջանների վերադարձի դիմաց պատերազմը կանգնեցնելու մասին խոսել, իհարկե՝ առանց Ղարաբաղի կարգավիճակի որևէ հստակեցման, այսինքն՝ կարգավիճակի անորոշությամբ: Այդ օրը Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ համաձայնվեցինք, որ հանձնարարենք, որ թիմերն աշխատեն այս գաղափարի բյուրեղացման ուղղությամբ»:

– 2020 թվական, հոկտեմբերի 19. Նիկոլ Փաշինյանը կեսօրին հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ, որտեղ, ըստ Փաշինյանի, ՌԴ ղեկավարը վերահաստատել է, որ դեռևս տարիներ առաջ մշակված ռուսական պլանի պայմաններով կարելի է փորձել կանգնեցնել պատերազմը: Քննիչ հանձնաժողովում Փաշինյանը շարունակել էր, որ Ռուսաստանի նախագահի հետ հեռախոսազրույց է ունեցել նաև հոկտեմբերի 20-ի առավոտյան, իհարկե, Պուտինն էր զանգել:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 19-20-ին պատերազմը կանգնեցնելու Պուտինի առաջարկը Փաշինյանը մերժել էր:

2020, հոկտեմբերի 31. ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հաղորդագրություն էր տարածել, որ Նիկոլ Փաշինյանը նամակ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին:

«Նամակում, մասնավորապես, ընդգծվել է Մերձավոր Արևելքից օտարերկրյա զինյալ ահաբեկիչների տեղափոխման և վերջիններիս Լեռնային Ղարաբաղի դեմ մարտական գործողություններում ներգրավման հանգամանքը:

Հաշվի առնելով մարտական գործողությունների Հայաստանի Հանրապետության սահմանին մոտենալու, ՀՀ տարածքի նկատմամբ արդեն իսկ տեղի ունեցած ոտնձգությունների փաստերը, ՀՀ վարչապետը դիմել է ՌԴ նախագահին՝ սկսելու անհապաղ խորհրդակցություններ՝ սահմանելու աջակցության տեսակները և չափը, որը Ռուսաստանի Դաշնությունը կարող է հատկացնել Հայաստանի Հանրապետությանն իր անվտանգության ապահովման համար՝ հիմք ընդունելով Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային հարաբերությունները և 1997թ. օգոստոսի 29-ի «Բարեկամության, համագործակցության և փոխադարձ աջակցության մասին» պայմանագրի 2-րդ հոդվածը»,- նշվում է ԱԳՆ այս հաղորդագրության մեջ:

«Ազատությունը», հղում անելով ՏԱՍՍ գործակալությանը՝ գրել էր, որ Ռուսաստանի նախագահը 2020թ. նոյեմբերի 1-ին և 2-ին հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ:

«Նոյեմբերի 1-ին և 2-ին տեղի են ունեցել Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցները նախ՝ Նիկոլ Փաշինյանի, ապա՝ Իլհամ Ալիևի հետ: Զրույցների ընթացքում հանգամանորեն քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցերը»,- ռուսական գործակալության հաղորդմամբ ասվում էր Կրեմլի տարածած հաղորդագրությունում:

Արդեն 2020 թվականի նոյեմբերի 9-10-ին ստորագրվում է Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան եռակողմ հայտարարությունը, և դրանից օրեր հետո՝ 2020 թվականի նոյեմբերի 14-ին, Փաշինյանը հեռախոսային զրույց է ունեցել Պուտինի հետ:

Երևան-Մոսկվա հեռախոսազանգերը՝ 44-օրյա պատերազմից հետո

Շարունակենք ՀՀ իշխանությունների՝ Մոսկվա զանգելու թեման՝ 2020 թվականի 44-օրյա պատերազմից դուրս:

– 2021 թվականի մայիսի 13-ին՝ Ադրբեջանի զորքի ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժելու օրերին, ՀՀ իշխանությունների նախաձեռնությամբ, տեղի էր ունեցել Փաշինյան-Պուտին հեռախոսազանգը:

– 2021 նոյեմբերի 16-ին՝ նոյեմբերյան մարտերի օրերին, Փաշինյանը դարձյալ հեռախոսազրույց էր ունեցել Վլադիմիր Պուտինի հետ։

– 2022, սեպտեմբեր 13-ին՝ սեպտեմբերյան մարտերի օրերին, Փաշինյանը զանգել էր Պուտինին և մանրամասնել փոխանցել Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի սուվերեն տարածքի ուղղությամբ սադրիչ, ագրեսիվ գործողությունների վերաբերյալ, որոնք ուղեկցվել են հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակահերթերով: Զրուցակիցները պայմանավորվել էին լինել օպերատիվ կապի մեջ:

Մի կողմ ենք թողնում այն, որ Նիկոլ Փաշինյանը և նրա իշխանությունն առաջին հերթին ՀԱՊԿ-ից և ՌԴ-ից պահանջում էին, ըստ էության, հեռացնել ՀՀ ինքնիշխան տարածք մտած ադրբեջանական զորքին: Իհարկե, ՀԱՊԿ-ն և ՌԴ-ն որոշակի պարտավորություն ունեն ՀԱՊԿ անդամ և ՌԴ ռազմավարական դաշնակից Հայաստանի հանդեպ, սակայն նախ ՀՀ զինված ուժերը պետք է կարողանան կանխել հակառակորդի ներթափանցումը կամ դուրս շպրտել նրան սեփական երկրի տարածքից՝ ելնելով Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված պարտավորություններից:

Ի դեպ, այս համատեքստում հարկ է հիշեցնել, որ 168.am-ը գրել էր, որ 2020 թվականի հուլիսյան մարտերի օրերին այդ ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը չէր զանգել ՌԴ իր գործընկերոջը՝ ի տարբերություն Ադրբեջանի ՊՆ Զաքիր Հասանովի: Հայկական կողմը նույնիսկ մի քանի անգամ հայտարարել էր, որ անհրաժեշտություն չկա դիմելու ՀԱՊԿ-ի կամ հայ-ռուսական միացյալ զորախմբի օգնությանը:

Ավելի ուշ անազատության մեջ գտնվող Դավիթ Տոնոյանը փաստաբանների միջոցով 168.am-ի հարցերին ի պատասխան՝ ասել էր. «Տավուշում 2020 թվականի հուլիսյան մարտերը և դրան նախորդած 2019 թվականի փետրվարյան գործողություններն իրականացվել էին՝ ելնելով ՀՀ դիրքերի ամրապնդման ռազմավարական տրամաբանությունից»:

Նշենք, որ այդ ժամանակ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը Օնիկ Գասպարյանն էր, իսկ ՀՀ ԶՈՒ 3-րդ բանակային կորպուսի հրամանատարը Գրիգորի Խաչատուրովն էր, ում հետ պայմանագիրը Նիկոլ Փաշինյանը չերկարացրեց և հեռացրեց բանակից: Այդպես էր թելադրում թուրք-ադրբեջանական տանդեմի հետ իր խաղաղության օրակարգը:

Վերադառնալով ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանին՝ հիշեցնենք, որ ինչ-որ պահից Նիկոլ Փաշինյանը Մոսկվա զանգելուն զուգահեռ (կամ էլ չզանգելուն), անվտանգային առումով կարևոր ու ճակատագրական իրադարձություններից առաջ և հետո հեռախոսազրույցներ է ունեցել Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ: 2023 թվականի սեպտեմբերի 20-ին 168.am-ը մանրամասն ներկայացրել էր դրանք:

Այս տարի Փաշինյանը ևս հեռախոսային զրույց է ունեցել Էրդողանի հետ: Իսկ այսօր մամուլում տեղեկություն շրջանառվեց, որ ՄԱԿ Գլխավոր վեհաժողովին մասնակցության նպատակով ԱՄՆ մեկնած Էրդողանը կհանդիպի Փաշինյանին: Դրանից առաջ Էրդողանը հասցրել է ասել, որ «պատմական իրողությունները պետք է ուսումնասիրեն պատմաբանները, դրանք չպետք է քաղաքական մանիպուլյացիաների զենք որպես օգտագործվեն, նման դիրքորոշումը չի նպաստում հայ-թուրքական հարաբերությունների նորմալացմանը»:

Եվ քանի որ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը նախկին իշխանություններին էր մեղադրել, ըստ էության, անվտանգության սպառնալիքի դեպքում Մոսկվա զանգելու համար, հարկ ենք համարում հիշեցնել 2016 թվականի Ապրիլյան պատերազմի համատեքստում կարևոր փաստեր:

Առաջին, 2016-ի ապրիլի 5-ին Ադրբեջանն ինքն էր Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ խնդրել մարտական գործողությունների դադարեցում, ինչի մասին 2020թ. «5-րդ ալիք» հեռուստաընկերության ապրիլյան պատերազմի մասին «Հաղթանակի ապրիլ» փաստավավերագրական ֆիլմի շրջանակում մանրամասներ էր հայտնել Ապրիլյան պատերազմի ժամանակ ԳՇ պետ Յուրի Խաչատուրովը:

Ավելին, դեռ ապրիլի 3-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կոչ էր անում դադարեցնել պատերազմը և հայտնում իր պատրաստակամությունը։ 

 «Ելնելով խաղաղասիրությունից և հիմք ընդունելով միջազգային հանրության կոչերը, Ադրբեջանը որոշում է կայացրել միակողմանի դադարեցնել պատասխան ռազմական օպերացիաները: Իհարկե, փորձելու է ամրացնել գրաված տարածքները»,- նշվում էր Ադրբեջանի ՊՆ հայտարարության մեջ:

Երկրորդ, Սերժ Սարգսյան-Վլադիմիր Պուտին հեռախոսազանգ տեղի է ունեցել 2016 թվականի ապրիլի 5-ին, ընդ որում, հեռախոսազրույցը կայացել էր ՌԴ Նախագահի նախաձեռնությամբ:

Իսկ դրանից մեկ օր առաջ՝ ապրիլի 4-ին, Սերժ Սարգսյանը հանդիպում էր ունեցել ԵԱՀԿ անդամ երկրների դեսպանների հետ՝ Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում ստեղծված իրավիճակի մասին տեղեկատվություն փոխանցելու նպատակով:

«Մարտական գործողությունների հետագա սաստկացումը կարող է հանգեցնել անկանխատեսելի և անդառնալի հետևանքների՝ ընդհուպ մինչև լայնածավալ պատերազմի: Սա, բնականաբար, կազդի ոչ միայն հարավկովկասյան, այլև եվրոպական տարածաշրջանի անվտանգության ու կայունության վրա:

Ակնհայտ է, որ թե ռազմական գործողությունների դադարեցումը և, առհասարակ, հիմնախնդրի խաղաղ կարգավորումը բխում են նաև եվրոպական երկրների շահերից: ԵԱՀԿ-ին՝ որպես Եվրոպայի անվտանգության ապահովման երաշխավորման գործում առանցքային դերակատարություն ունեցող կառույցի, այս հարցում առանձնակի դեր է վերապահված»,- ընդգծել էր նախագահ Սերժ Սարգսյանը:

Հիշեցնենք, որ 2016թ. ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը, արցախաադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանը սկսել էր լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որին ընդունված է ասել «քառօրյա պատերազմ», ինչպես նշեցինք՝ հրադադարը հաստատվել էր ապրիլի 5-ին, սակայն, դրանից հետո, իհարկե, ադրբեջանական կողմը որոշ ուղղություններով մինչև ապրիլի վերջ սադրանքների դիմել էր:

Արմեն Գրիգորյանին պետք է, որ բավարար լինեն ներկայացված ամբողջ փաստերը, թե ո՚՞վ է ժամ առաջ զանգեր կատարել Մոսկվա, հետո նաև՝ Թուրքիա, ո՞ւմ օրոք են զինված ուժերը զրկվել սահմանադրական իրենց պարտքը կատարելու իրավունքից, դրանք փորձելով վերապահել նախևառաջ այլոց, ռուս սահմանապահներին և այլն:

Տեսանյութեր

Լրահոս