«Շենքն էլ բանկով եմ ձեռք բերել». Քանաքեռ-Զեյթունի թաղապետը Դրոյի փողոցում 7-հարկանի շինություն է կառուցում. «Հետք»

«Հետք». Երևանի Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանում գտնվող Դրոյի փողոցի ամբողջ երկայնքով ակտիվ շինարարություն է։ Փողոցի տարբեր հատվածներում այս պահին մի շարք շենքեր են կառուցում, կառուցապատողներից մեկն էլ ոչ այլ ոք է, քան Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Արտակ Հովակիմյանը։ Նա Դրոյի 36 հասցեում հասարակական նշանակության 7-հարկանի շինություն է կառուցում։

Տարածքը և դրա վրա առկա անշարժ գույքը Արտակ Հովակիմյանը ձեռք է բերել 2021 թվականի մայիսին։ Նախկինում այնտեղ եղել է ոսկերչական իրերի արտադրամաս, սակայն վերջին տարիներին շենքը չի շահագործվել։ Yandex Maps-ում պահպանված լուսանկարներից երևում է, որ 2016 թվականին այստեղ եղել է եռահարկ շինություն, իսկ ներկայում Քանաքեռ-Զեյթունի թաղապետը ևս 4 հարկ է ավելացնում:

Անշարժ գույքը Արտակ Հովակիմյանը գնել է Հակոպ Երմագյանից՝ մոտ 140 մլն դրամի վարկային միջոցներով, որն արտացոլված է նաև Արտակ Հովակիմյանի ներկայացրած գույքի և եկամուտների հայտարարագրերում։

Տարածքում հասարակական նշանակության շինության վերակառուցման և ընդլայնման նախագծման թույլտվությունը Արտակ Հովակիմյանը ստացել է 2021թ․ օգոստոսի 18-ին, իսկ 2022-ի ապրիլի 8-ին ստացել է շինարարական թույլտվություն։

«Հետքի» հետ զրույցում Արտակ Հովակիմյանը նշեց, որ իր զբաղեցրած պաշտոնն իր համար որևէ արտոնյալ պայման չի ստեղծում շինարարություն իրականացնելու համար, քանի որ նախագծման և շինարարական թույլտվություն ստացել է նախքան վարչական շրջանի ղեկավար նշանակվելը։ Մեր դիտարկմանը, թե գործող շինթույլտվությունը ստացել է 2023 թվականի նոյեմբերին, երբ արդեն մոտ մեկուկես տարի զբաղեցնում էր Քանաքեռ-Զեյթունի թաղապետի պաշտոնը, Հովակիմյանը նշեց հետևյալը․

«2023-ին հին շինթույլտվության հիման վրա նախագծի փոփոխություն է եղել։ Հին շինթույլտվությունը, եթե չեմ սխալվում, ստացել եմ 2021 թվականին (իրականում՝ 2022-ին, խմբ․), դրանից հետո, երբ որ սկսել ենք շինարարությունը, ում որ պատվիրել եմ, շինարարության ընթացքում դիմել ենք քաղաքապետարան, օրինական փոփոխություն ենք ստացել։ Շենքն էլ բանկով եմ ձեռք բերել ու էդ ժամանակ նույնիսկ չեմ էլ մտածել վարչական շրջանի ղեկավար նշանակվելու մասին»։

Տրդատ Մուշեղյան

Գլխավոր նկարը՝ Նարե Պետրոսյանի

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս