Այս իշխանություններն ունեն 1 նպատակ՝ ջարդել արցախցիներին և ցանկացած դիմադրություն. Աբրահամյան

Սուրբ Խաչ եկեղեցում Արցախի անկման և նահատակների հիշատակի համար մատուցված պատարագից առաջ 168am-ը ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ են իշխանություններն այսօր լռություն պահպանում, ինչո՞ւ գործադիրի նիստում չեն հնչում օրվա խորհրդին համահունչ հայտարարություններ, և փոխարենը՝ խոսում են ասֆալտի, մեքենաների ու ծառերի մասին․ արդյո՞ք նաև ամոթի զգացումն է պատճառը։

«Ասել, որ այս իշխանությունն ինչ-որ բանից ամաչում է՝ հատկապես հայրենիքի նկատմամբ գործադրած իր հանցագործություններից, բնականաբար, շատ մեծ կոմպլիմենտ կլիներ նրանց հասցեին»,- արձագանքեց ընդդիմադիր պատգամավորը՝ նկատելով, որ այսօր իշխանությունների առաջ խնդիր է դրված փակել Արցախին առնչվող բոլոր օրակարգերը։

«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղարն արձանագրեց նաև, որ իշխանությունները նույնիսկ իրենց պատվից վեր են համարել հարգել մեկ տարի առաջ Արցախում զոհված հարյուրավոր մեր հայրենակիցների հիշատակը։

«Հայաստանյան իշխանության համար այժմ կա մեկ նպատակ՝ ջարդել արցախցիներին, ցանկացած դիմադրություն, պայքար, որը կարող է որևէ ձևով ուղղված լինել մեր արժանապատվության վերականգնմանը, և դրա շրջանակներում նրանք ամեն ինչ անում են՝ անտեսելու, քարոզչական աղբի, ապատեղեկատվության միջոցով առաջին պլանից հանելու մեր երկրի համար կարևոր և կենսական նշանակություն ունեցող հարցերը, և այն լցնել իրենց ասֆալտային, կամ մեկ այլ՝ տրամաբանությամբ աշխատանքների իրականացման մասին տեղեկություններով»,- շեշտեց Տիգրան Աբրահամյանը։

Կարդացեք նաև

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս