Փաշինյանին իրականում պետք է, որ 2021 թվականի մուրճի հետ մյուս ձեռքում էլ սպիտակ թուղթ ունենա, ասի՝ ժողովուրդ, ձեզ բերեցի խաղաղություն. Գեղամ Մանուկյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն այսօր խորհրդարանական խմբակցությունների ճեպազրույցների ժամանակ հիշեցրեց, որ շուտով լրանալու է Արցախի ամբողջական օկուպացիայի ու արցախահայերի բռնի գաղթի մեկ տարին։
Արցախի ղեկավարներն արդեն մեկ տարի գտնվում են Բաքվի բանտերում, սակայն ՀՀ ղեկավարության կողմից նրանց վերադարձնելու ուղղությամբ որևէ բան չի արվում։
«Մեզ համար Արցախի հարցն ամենացավալի հարցն է, այն չի ավարտվել, որովհետև Արցախի հակամարտությունը չի ավարտվել։ Ադրբեջանն իր հանցագործ գործողություններով բռնաթափեց ամբողջ Արցախը, և այս առումով Արցախը պետք է պատասխան տա իր կատարած հանցագործությունների համար։ Ադրբեջանը, լինելով ագրեսոր երկիր, փորձում է ՀՀ-ի վրա դնել ագրեսոր երկրի համար նախատեսված բոլոր պատժամիջոցները»,- նշեց Սեյրան Օհանյանը։
Ըստ նրա, ՀՀ իշխանություններն ուղղակի հրաժարվել են Արցախի վերաբերյալ որևէ ռազմավարություն մշակելու ուղղությամբ։
Խոսելով խաղաղության պայմանագրի մասին, Սեյրան Օհանանն ասաց, որ խաղաղությունը չեն մուրում, այն պետք է լինի արժանապատիվ։ Մինչդեռ այս գործընթացը միակողմանի պարտադրանքի, ճնշումների արդյունք է։
«Արդյունք է նաև այն բանի, որ ՀՀ իշխանության խոսույթում կա, թե՝ եկեք պայմանավորված կետերի շուրջ ինչ-որ բան ստորագրենք, դրանից հետո մնացած կետերի շուրջ աշխատանք կտանենք։ Սա նման է սահմանազատման ու սահմանագծման գործընթացին, երբ որևէ փաստաթուղթ գոյություն չուներ, բայց միակողմանի այդ զիջումներն իրականացվեցին։ Խաղաղության պայմանագրի լիարժեք փաստը կիրականացվի այն դեպքում, երբ բոլոր կետերի ուղղությամբ պայմանավորվածություն լինի և այնտեղ նշված լինի Արցախին ու մեր բոլոր գերիներին վերաբերող հարցը։ Հակառակ պարագայում նշանակում է, որ խաղաղության պայմանագիրը պարզապես խաբկանք է»,- շեշտեց նա։
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն էլ հիշեցրեց, որ ամիսներ առաջ ընդդիմադիր 4 պատգամավոր հնարավորություն է ունեցել ծանոթանալու այն փաստաթղթին, որը պետք է ստորագրվի Երևանի ու Բաքվի միջև։
«Օրերս կրկին դիմել էին ԱԳՆ՝ նոր փաստաթղթին ծանոթանալու համար, առանց պատճառաբանության մերժվեց։ Իրականում այս հարցում մենք դատական գործընթաց ենք սկսելու։
Նիկոլ Փաշինյանին իրականում պետք է ունենա սպիտակ թուղթ, որ 2021 թվականի մուրճի հետ, մյուս ձեռքում էլ՝ սպիտակ թուղթ ունենա, ասի՝ ժողովուրդ ձեզ բերեցի խաղաղություն։ Այսօրվա իշխանության նպատակն է՝ հնարավորինս ձգել իր իշխանությունը, բոլոր հետագա պրոբլեմները թողնելով հաջորդ սերնդի, հաջորդ ղեկավարների վրա»,- եզրափակեց Գեղամ Մանուկյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում