Րաֆֆի Հովհաննիսյանը հիշում է ապրիլի 9-ը. Երբ ինձ գետնեցին, ես էլ չորսոտանի կենդանի դարձա…
Այսօր Ազատության հրապարակում ոչ բարենպաստ եղանակային պայմաններում սկսված հերթական հանրահավաքին «Ժառանգության» ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը դատապարտեց ապրիլի 9-ին Ոստիկանության գործողությունները, մասնավորապես իր կուսակցական ընկերոջ` «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանին ծեծի ենթարկելը:
«Մեզ հետ է «Բարև, Երևան» ցուցակի ներկայացուցիչ կազմը` Արմեն Մարտիրոսյանի` մեր հաջորդ քաղաքապետի ղեկավարությամբ, և ես այս գործող իշխանությունից, գեներալ` իմ լեզվով ասած` զորավար Գասպարյանից, պահանջում եմ պատիժ այդ կեղտոտ ոստիկանի համար, այդ աններելի ոստիկանների համար, ովքեր ռիսկ արեցին Արմենի վրա ձեռք բարձրացնել, հրաժարական ձեզ»,- ասաց Հովհաննիսյանը, ինչից հետո հավաքված քաղաքացիները սկսեցին վանկարկել Արմեն Մարտիրոսյանի անունը:
Շարունակելով` Րաֆֆի Հովհաննիսյանը հիշեց ապրիլի 9-ին Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունները` նշելով. «Ես այդ օրը տուն չգնացի, և դուք լավ գիտեք` եթե մի բանում սխալվեցի, դա այն էր, որ երբ արդեն 2-րդ, 3-րդ անգամ գնացի Բաղրամյան, ժողովուրդը լավ չհասկացավ, որ մենք Բաղրամյանով պիտի բարձրանանք դեպի Ծիծեռնակաբերդ: Բայց ես, որ ասացի` ոչ մի արյուն, սխալվեցի, որովհետև արյունոտվեց Արմենը, գետին նետեցին Արմենուհուն, և արյունոտվեց Արմենուհին, փոշոտվեց, կոշիկը կորցրեց:
Բայց եթե սա է Հայաստանի Հանրապետության հակաժողովրդական, ընտրություն գողացած, կուսակցականապաշտ, ինքնահավան իշխանության որակը, դուք հասկացեք մի բան, որ մենք երդվեցինք չհիասթափվելու, ուժ տալու, և այս իշխանությունը փոխվելու է, և մենք դա կտեսնենք միասին: Իսկ այն դասալիքը, ով մահանա է փնտրում, ով վախենում է, ով ուզում է իր եղբորը, քրոջը տալ արյան, հետո տուն գնալ, TV դիտել, մեր ժողովրդի հետ դուք գործ չունեք, ախպերներ»:
«Այդ ոստիկաններն, իրենց կեղծ, անիրավ հրահանգն իջեցնելով, էդ սաղավարտներով իմ աչքերի մեջ նայում էին, ես էլ ասում էի` «ձեզ սիրում ենք, տղեք, մի´ արեք, անիրավ հրահանգը մի´ իրականացրեք»: Իսկ երբ ինձ գետնեցին, ես էլ չորսոտանի կենդանի դարձա, Կարինն էլ եկավ ասաց, որ այսպես չի լինելու»,- ասաց Ր.Հովհաննիսյանը:
«Ժառանգության» ղեկավարը «պատեհապաշտ» և «վախկոտ» անվանեց նրանց, ովքեր հեգնում են ապրիլի 9-ին Ազատության հրապարակում տեղի ունեցած երդմնակալությունը:
«Ամբողջ հայ ազգը, մեր պետությունը, հայերը և հայաստանիցները ասացին, որ այսպես պիտի չշարունակենք: Ասացինք, որ սա ոչխարի հոտ չէ, մենք մտանք այս պայքարի մեջ փետրվարի 18-ից մինչև ապրիլի 9-ը և այս առաջիկա շաբաթներին և ամիսներին մենք հանգիստ չենք տալու այս կեղծ իշխանությանը և տանելու ենք մեր պայքարը նորից Երևան, նորից Գյումրի, նորից Կապան, նորից Սիսիան»,- հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը: