«Մարտի 1-2-ի ընթացքում կատարված հանցագործությունների բացարձակ մեծամասնությունը մինչ այսօր բացահայտված չէ»
Այսօր ԱԺ-ում սկսել է քնննարկվել ԱԺ ՀԱԿ պատգամավորներ Ստեփան Դեմիրճյանի, Գագիկ Ջհանգիրյանի, Նիկոլ Փաշինյանի, Լյուդմիլա Սարգսյանի, Արամ Մանուկյանի կողմից հեղինակած 2008թ. Մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին նախագիծը:
«Մարտի 1-2-ին կատարված սպանություններից, քաղաքացիներին, զինծառայողներին, ոստիկաններին հասցված հարյուրավոր մարմնական վնասվածքներից անցել է մոտ հինգ տարի: Այդ հանցագործություններից ոչ մեկը բացահայտված չէ, թեև Մարտի մեկ-երկուսի դեպքերով մեղադրվել և դատի են տրվել 83-ից ավելի քաղաքացիներ, բայցև այդ անձինք ևս չեն մեղադրվել ու չեն դատապարտվել ո՛չ սպանությունների, ո՛չ էլ հրազենով և պայթուցիկ սարքերով, ո՛չ մարմնական վնասվածքներ հասցնելու համար: Փաստորեն, կարելի է արձանագրել, որ մարտի 1-2-ի ընթացքում կատարված հանցագործությունների բացարձակ մեծամասնությունը մինչ այսօր բացահայտված չէ»,- ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը:
Նրա խոսքով՝ դատախազի հանձնարարականից անցել է մոտ 1,5 տարի, սակայն հանցագործության դեպքերն այդպես էլ բացահայտված չեն: «Ավելին, այն չորս ենթասպաները, որոնց մեղադրում էին զենքի հետ վարվելու կանոնների խախտմամբ երեք քաղաքացիական անձանց մահ պատճառելու համար, այդ մեղադրանքները կարճված են, հետապնդումները դադարեցված են»,- ասաց պատգամավորը:
Վերջինիս փոխանցմամբ՝ մարտիմեկյան դեպքերին սպանված տասը քաղաքացիների ընտանիքներն ու այդ դեպքերին մարմնական վնասվածքներ ստացած քաղաքացիները մինչ օրս չեն ստացել համապատասխան փոխհատուցում: «Մինչ օրս կատարված չեն ԵԽ ԽՎ թիվ 1609, 1620, 1643, 1677 բանաձևերի 2012թ. մայիսի 15-ի տարեկան զեկույցի և վերջերս նաև էդպիսի հայտարարություն ընդունվեց՝ անկողմնակալ, վստահելի հետաքննություն անցկացնելու տեղի ունեցած մահվան բոլոր դեպքերը բացահայտելու՝ Հայաստանին ուղղված պահանջները»,- նշեց Գ. Ջհանգիրյանը: