«Դելֆին» թայֆունը հարվածել է Ճապոնիային և շարժվում է դեպի Չինաստան․ կան տուժածներ, չեղարկվել են ավիաչվերթներ
«Դելֆին» թայֆունը հարվածել է ճապոնական Օկինավա պրեֆեկտուրային՝ առանց էլեկտրականության թողնելով շուրջ 14 հազար շենք և վնասվածքներ պատճառելով հինգ մարդու, որից հետո սկսել է շարժվել դեպի Չինաստանի ափեր, հաղորդել է Reuters-ը։
Ճապոնիայի օդերևութաբանական գործակալության տվյալներով՝ շաբաթ առավոտյան թայֆունը գտնվում էր Կումե կղզուց մոտ 160 կմ հյուսիս-արևմուտք և շարժվում էր մոտ 15 կմ/ժ արագությամբ։ Կայուն քամու արագությունը հասնում էր 162 կմ/ժ-ի, պոռթկումները՝ 216 կմ/ժ-ի։
Օկինավայի հինգ տարեց բնակիչներ ստացել են թեթև վնասվածքներ, որոնցից երեքը ուժեղ քամու պատճառով ընկել են։ ANA և Japan Airlines ավիաընկերությունները չեղարկել են տարածաշրջանային թռիչքները։ Ճապոնիայում տարերքի հիմնական հարվածը սպասվում է Օկինավային և Կագոսիմա պրեֆեկտուրայի Ամամի կղզիներին։
Չինաստանը պատրաստվում է թայֆունը «դիմավորել» կիրակի ուշ երեկոյան կամ երկուշաբթի վաղ առավոտյան։ Կանխատեսումների համաձայն՝ «Դելֆինը» ափ դուրս կգա Չժեցզյան նահանգի Չժոուշան և Ֆուցզյան նահանգի Ֆուդին քաղաքների միջև։ Թայֆունի կենտրոնի շրջանում քամու արագությունը կարող է հասնել ժամում 85–101 մղոնի (137–163 կմ/ժ)։
Չժեցզյանի իշխանությունները հայտարարել են թայֆունի վերաբերյալ նախազգուշացման ամենաբարձր մակարդակը, դադարեցրել են նավահանգիստների աշխատանքը և կասեցրել 162 ուղևորատար լաստանավային երթուղիներ։ Նինբո-Լիշե միջազգային օդանավակայանը շաբաթ երեկոյան կդադարեցնի աշխատանքը և կիրակի կչեղարկի բոլոր չվերթները։
Շանհայում Յանշան նավահանգստից դուրս են բերվել նավերը, իսկ կիրակի օրվանից Յանցզիի դելտայում սպասվում են երկաթուղային հաղորդակցության սահմանափակումներ։ Ուժեղ անձրևներն ու քամին Չինաստանի արևելքում կպահպանվեն մինչև օգոստոսի 12-ը։ Չժեցզյան նահանգի առանձին շրջաններում տեղումների քանակը կարող է գերազանցել 600 միլիմետրը։
Թայվանում թայֆունի պատճառով չեղարկվել է 63 միջազգային չվերթ։ Կղզու հյուսիսում սպասվում են հորդառատ անձրևներ։

