«Արդյոք նպատակայի՞ն է եղել Փաշինյանին Պուտինի զանգը Անկախության հռչակագրի ընդունման տարեդարձի օրը». Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը տելեգրամյան իր ալիքում անդրադարձել է Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցին՝ գրելով. «Այն, իհարկե, սպասվում էր, քանի որ ազդարարված էր դեռեւս Բաքվում Պուտինի հայտարարությամբ:

Առաջինը, որ ուշադրության է արժանի առնվազն խորհրդանշական իմաստով, դա այն է, որ Պուտինի հեռախոսազանգը Փաշինյանին տեղի է ունենում Հայաստանի Անկախության հռչակագրի ընդունման տարեդարձի օրը: Որեւէ կերպ հնարավոր չէ ստույգ ասել՝ ընտրվա՞ծ է այդ օրը հատուկ, թե՞ Կրեմլն այդ մասին չի էլ մտածել եւ պարզապես այդպես է ստացվել ժամանակացույցով: Նկատեմ միայն, որ քաղաքականության մեջ խորհրդանշականությանը տրվում է տեղ եւ խորհրդանշանները ըստ էության քաղաքականության «լեզուներից» մեկն են:

Առավել եւս, որ այս պարագայում Անկախության հռչակագրի հանգամանքը բոլորովին միայն խորհրդանշական չէ, հաշվի առնելով Հայաստանի հանդեպ Բաքվի պայմանները՝ Սահմանադրություն փոխելու եւ այդ կերպ Անկախության հռչակագրի ու Սահմանադրության կապակցվածությունը կտրելու վերաբերյալ:

Այդ իմաստով, առնվազն կա հարցադրման տեղիք՝ նպատակայի՞ն է եղել Փաշինյանին Պուտինի զանգը Անկախության հռչակագրի ընդունման տարեդարձի օրը, եւ արդյո՞ք ռուսական կողմը այդ կերպ փորձել է դնել վերաբերմունքի խորհրդանշականություն:

Ինչ վերաբերում է հեռախոսազրույցի բուն բովանդակությանը, ապա այստեղ նկատենք հայկական կողմի եւ Կրեմլի տարածած հաղորդագրությունների որոշակի տարբերություն:

«ՌԴ նախագահը ՀՀ վարչապետին տեղեկացրել է նախորդ շաբաթ Ադրբեջան կատարած իր այցի տպավորությունների մասին, ինչի համար վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել նախագահ Պուտինին։ Զրուցակիցները պայմանավորվել են առաջիկա պատեհ առիթով հանդիպել Հայաստան-Ռուսաստան երկկողմ օրակարգի հարցեր քննարկելու համար»: Սա հայկական կողմի տարածած հաղորդագրությունն է:

Կրեմլի կայքում փոքր-ինչ ավելի մանրամասն է, մասնավորապես շեշտվում է, որ՝ «շարունակվել է հայ-ադրբեջանական հարաբերության կարգավորման հարցերի քննարկումը, հաշվի առնելով նաեւ Բաքու կատարած Պետական այցի ընթացքում Ադրբեջանի նախագահի հետ Ռուսաստանի նախագահի բանակցությունը»:

Հետո հիշատակվում է, որ Ռուսաստանը հետագայում էլ պատրաստ է աջակցել խաղաղության պայմանագրի, սահմանագծման ու սահմանազատման, նաեւ հաղորդուղիների ապաշրջափակման հարցում: Կրեմլի հաղորդագրության մեջ նշվում է, որ գոհ են երկկողմ հարաբերության առեւտրատնտեսական ընթացքից:

«Պայմանավորվել են շարունակել շփումները»,- ավարտում է Կրեմլը:

Տեսնում ենք, որ տարբեր է ձեւակերպումը՝ հայկական կողմն ասում է պատեհ առիթով հանդիպելու պայմանավորվածության մասին, ռուսական կողմը ձեւակերպում է՝ «շփումները շարունակելու», ինչը կարող է ենթադրել նոր հեռախոսազրույց:

Շարունակում եմ լինել այն կարծիքին, որ այս պահին հայ-ադրբեջանական հարցը Ռուսաստանի համար ածանցյալ է, իսկ Պուտինի Բաքու այցի առանցքային նպատակը Հյուսիս-հարավ օրակարգն է:

Ընդ որում, այստեղ պետք է հասկանալ ոչ միայն զուտ երթուղին՝ ապրանքային, առեւտրային ուղին, այլ Հյուսիս-հարավ գլոբալ համակարգը:

Հայ-ադրբեջանական հարցն այս պահին Կրեմլին թերեւս հետաքրքրում է այնքանով, որքանով ցանկալի չէ, որ այդ հարցում լինեն զարգացումներ, որոնք կարող են այսպես ասած պահանջել Ռուսաստանից մեծ ջանք եւ ուշադրություն»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031