Չի բացառվում, որ բանակցությունների հաջորդ հանգրվանը Մոսկվան լինի, սակայն ժամանակավոր․ վերլուծաբան

«Մոսկվան պատրաստ է հարթակ տրամադրել Երևանի և Բաքվի ներկայացուցիչների միջև բանակցությունների համար և կստեղծի ամենահարմար պայմանները»,- օրերս նման անակնկալ հայտարարությամբ հանդես եկավ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նրա խոսքով՝ տարածաշրջանում կայուն և երկարաժամկետ խաղաղության հասնելու համար Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման ակտիվ նախապատրաստման կարևորությունը հատկապես ընդգծվել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ 2022 թվականի հոկտեմբերի 31-ի հայտարարության մեջ: Զախարովան հիշեցրել էր, որ պայմանավորվածություն էր ձեռք բերվել նաև «շարունակել փոխընդունելի լուծումների որոնումը՝ հիմնված առկա զարգացումների վրա»։

«Ռուսաստանի Դաշնությունը խոստացել է շարունակել հնարավոր աջակցություն ցուցաբերել դրան։ Այսինքն՝ մեր մոտեցումը ոչ միայն կայուն է, դա արձանագրված է նաև ստորագրած փաստաթղթում։ Իհարկե, նման օգնության ծավալն ու ձևը պետք է ընդունելի լինեն բանակցող կողմերից յուրաքանչյուրի համար։

Ձեռք բերված պայմանավորվածություններին համահունչ՝ Մոսկվան բազմիցս ընդունել է հայ-ադրբեջանական բանակցությունների փուլեր՝ խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ։ Պատրաստ ենք, ինչպես միշտ ընդգծել եմ, շարունակել դա անել։ Մենք երաշխավորում ենք ամենահարմարավետ պայմանների ստեղծումը երկու պատվիրակությունների աշխատանքի համար իրենց նախընտրած երկկողմ ձևաչափով»,- ասել էր դիվանագետը։

Կարդացեք նաև

Միևնույն ժամանակ, ինչպես հավելել էր Զախարովան, Ռուսաստանի Դաշնությունը ողջունում է իր ղազախ գործընկերների ջանքերը, որոնք նախաձեռնել և կազմակերպել են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը մայիսի 10-11-ը Ալմաթիում։

Զախարովան նշել էր, որ Ռուսաստանի Դաշնությունը կողմերի միջև հավասարակշռված խաղաղության պայմանագրի կնքումը համարում է անփոխարինելի նախապայման տարածաշրջանում անվտանգության և կայուն տնտեսական զարգացման ճարտարապետության կառուցման համար:

Նա հույս էր հայտնել, որ առկա տարաձայնությունները շուտափույթ կլուծվեն, և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման այլ ոլորտներում հաջող առաջընթաց կկատարվի ամենաբարձր մակարդակով երկկողմ պայմանավորվածություններին համապատասխան:

«Հարավային Կովկասի ճակատագիրն ու ապագան պետք է որոշեն բացառապես տարածաշրջանի երկրները և հարևան գործընկեր պետությունները։ Եվ դրսից ոչ ոք հաստատ խաղաղություն ու բարեկեցություն չի բերի մեր ընդհանուր տանը։ Դա ապացուցված է դարերով»,- ընդգծել էր նա։

Այս կապակցությամբ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն ասել է, որ Բաքուն դեմ չէ Ռուսաստանի մասնակցությամբ բանակցություններին և, ընդհանուր առմամբ, սատարում է Հայաստանի հետ քաղաքական երկխոսության ցանկացած հնարավորություն։ Երևանը դեռ չի արձագանքել Մոսկվայի առաջարկին։

Վրացի քաղաքական վերլուծաբան Կախա Գոգոլաշվիլին 168.am-ի հետ զրույցում ասաց, թե չի բացառվում, որ բանակցություններ տեղի ունենան նաև Ռուսաստանում։

Ըստ նրա, եթե ՌԴ-ից տևական պասիվությունից հետո հարթակ է առաջարկվում, ապա դա ամենևին պատահական չէ, առաջարկի հիմքում կա և աշխարհաքաղաքական, և ռեգիոնալ վերլուծություն ու ծրագիր։

«Եթե կա ծրագիր, ապա ոչ միայն այս առաջարկը, այլ գուցե լինեն զարգացումներ, որոնք կնպաստեն, որպեսզի բանակցություններ տեղի ունենան այս հարթակում։ Պետք է ընդունել, որ Արևմուտքը մեծ ակտիվություն է ցուցաբերում միջնորդություն հաստատելու համար, սակայն դա ուղեկցվում է բարդություններով, քանի որ Ադրբեջանը ցանկանում է բանակցել ուղիղ։ Հարց է նաև՝ ընդունելով Մոսկվայի առաջարկը, որքա՞ն երկար Բաքուն կբանակցի այս հովանու ներքո։ Վերջին տարիներին տեսնում ենք, որ որպես կայուն միջնորդ որևէ երկրի հարթակ չի ամրագրվում։ Դա, իհարկե պայմանավորած է աշխարհաքաղաքական թեժ զարգացումներով, ինչպես նաև կողմերի ցանկությամբ, այս դեպքում Ադրբեջանի, ինչը նշանակում է, որ Մոսկվայում բանակցություններ հնարավոր են արևմտյան ակտիվությունը թուլացնելու համար, սակայն ինչպես արևմտյան հարթակը, սա ևս կարող է կայուն չլինել։ Սա վերջին տարիների միտումն է, որն, ինչպես նշեցի, ունի պատճառների արտաքին ու ներքին կողմ»,- ասաց վերլուծաբանը։

Ըստ նրա, Ադրբեջանը ոչ միայն ցանկանում է ուղիղ բանակցել, այլև ամենայն հավանականությամբ Արևմուտքում չի ցանկանում բանակցել այն պատճառով, որ ՀՀ-Արևմուտք հարաբերություններում կան փոփոխություններ դեպի հարաբերությունների սերտացում։

«Ադրբեջանը, ինչպես տեսնում ենք հայտարարություններից, խնդիր է համարում այն ռազմական աջակցությունը, որը տրամադրում է Հայաստանին Արևմուտքը՝ մասնավորապես ֆրանսիական կողմը, որը որոշ զինատեսակներ է մատակարարում, ԵՄ-ն որոշակի ֆինանսական աջակցություն է ցանկանում տրամադրել։ Եվ գուցե կան մտավախություններ, որ Արևմուտքում բանակցելը սխալ է Ադրբեջանի տեսանկյունից և Արևմուտքը չի լինի անաչառ միջնորդ»,- նկատեց Կախա Գոգոլաշվիլին։

Մոսկվան, նրա կարծիքով, այս զարգացումներում խաղադրույք է կատարում այս տարաձայնությունների, ընկալումների ու խնդիրների վրա՝ հուսալով կողմերին առաջարկել նաև իր օրակարգը այս հակամարտությունում։

«Կարելի է վստահությամբ պնդել, որ որքան էլ կողմերը հայտարարում են, որ համաձայնագրի մեծ հատվածը բանակցված է, միջնորդ երկրի դերակատարությունը չի կարող կարևոր չլինել, քանի որ միջնորդ երկիրն ունի իր շահերը և գործընթացում իր նպատակներն ու շեշտադրումները։ Հետևաբար՝ հարթակից կան կախված հարցեր, դա է պատճառը նաև, որ գործընթացն անընդհատ տեղափոխվել է այս ընթացքում ուղիղ բանակցություններից Վաշինգտոն-ԵՄ-ՌԴ-Գերմանիա-Ղազախստան։ Չի բացառվում, որ հաջորդ հանգրվանը Մոսվան լինի, սակայն ոչ տևական ըստ ամենայնի»,- ասաց Կախա Գոգոլաշվիլին։

Տեսանյութեր

Լրահոս