ՀՀ-ում կվերականգվեն տնտեսվարողներից գանձվող մինչքովիդյան տույժաչափերը. ՊԵԿ
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստի ժամանակ որոշեց վերականգնել տնտեսվարողներից գանձնվող այն տույժաչափերը, որոնք գործում էին մինչ 2020 թ. կորոնավիրուսի համաճարակը։ Որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Համլետ Սահակյանը նշեց, որ նախագծով փոփոխվում են հարկերի ուշ վճարման համար օրական սահմանված տույժերը։
Նրա խոսքով` եթե 2018 թ. հունվարի 1-ից գործում էր օրական 0.075 տոկոս տույժը, ապա 2020 թ. ապրիլի 21-ին` հաշվի առնելով կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված տնտեսական գործունեության սահմանափակումները և նպատակ ունենալով մեղմել հետևանքները, օրական տույժի շեմն իջեցվեց ու սահմանվեց 0.04 տոկոս։
«Հաշվի առնելով, որ տնտեսական գործունեությունն արդեն վերականգնվել է, առաջարկում ենք վերականգնել 0.075 տոկոսը»,- նշեց Սահակյանը։
ՊԵԿ փոխնախագահը տեղեկացրեց, որ հիմա տույժերի տարեկան հանրագումարը կազմում է 14.6 տոկոս։ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նկատեց, որ այս պարագայում տնտեսվարողները կարող են դիմել չարաշահումների։ Սահակյանը չբացառեց` նշելով, որ նման դեպքերի երբեմն հանդիպում են։
«Հիմա շատ ենք տեսնում դեպքեր, երբ զրոյական հաշվարկներ են տնտեսվարողները ներկայացնում, որպեսզի տույժերի պարտավորությունը չառաջանա։ Այնուհետեև` իրենց հարմար պահի, ներկայացնում են արդեն ճիշտ պարտավորությունները, և տույժերը վճարում են տարեկան 14.6 տոկոսով»,– նկատեց Սահակյանը։
Վերականգնելով մինչ քովիդը գործող տույժերի չափը` տարեկան հանրագումարը կդառնա 27.375 տոկոս։
Նշենք, որ մինչև 2018 թ. հարկերի ուշ վճարման համար օրական սահմանված էր 0.15 տոկոս տույժ։