Թուրքիայի տեղն ու նշանակությունը 21-րդ դարում. Զբիգնև Բժեզինսկի

Թուրքական Uluslarası Politika Akademisi (թարգմանաբար՝ Միջազգային քաղաքական ակադեմիա) ուղեղային կենտրոնում հրապարակվել է Սինա Քըսաջըքի «Ջորջ Ֆրիդմանի ու Զբիգնև Բժեզինսկու կարծիքով՝ Թուրքիայի տեղն ու նշանակությունը 21-ր դարում» հոդվածը, որում (այս նյութում միայն Բժեզինսկու հատվածը) ասվում է.

«Ջորջ Ֆրիդմանն ու Զբիգնև Բժեզինսկին մտնում են մեր դարաշրջանի արտաքին քաղաքականության հայեցակարգի խոշորագույն հիմնադիրների թվում: Ֆրիդմանի «Հետագա 10 տարիները. Ո՞րտեղ ենք մենք եղել … Ո՞ւր ենք գնում մենք» գիրքը և Բժեզինսկու «Ռազմավարական հայացք. Ամերիկան և գլոբալ հզորության ճգնաժամը» աշխատությունը նվիրված են 21-րդ դարում ԱՄՆ արտաքին քաղաքականության ռազմավարության վերլուծությանը:

Բժեզինսկու կարծիքով՝ 20-րդ դարում Թուրքիան ցույց է տվել, որ վերափոխման գործընթացում ավելի հաջողակ է գտնվել՝ համեմատած կոմունիստական Ռուսաստանի հետ: 1924 թվականին Աթաթուրքի կողմից հաջողությամբ իրականացված արմատական բարեփոխումները տպավորիչ ու գրավիչ փոփոխությունների ուշադրության  պատճառ դարձան:

Նշված տարիներին հստակ աշխարհիկ տեսք ունեցող պետական կառույցում ուժ հավաքող ժողովրդավարական գործընթացի շրջանակներում աստիճանաբար տեղի ունեցավ ինստիտուցիոնալացում: Աթաթուրքի հավակնոտ ազգային գաղափարները վարակիչ կերպով տարածվեցին թուրք կրքոտ երիտասարդության շրջանում, սակայն դրանք չուղեկցվեցին անդադար կոշտ և զինված տեռորով:

Ուշադրության արժանի հաջողություն է կայսերական հավակնություններից Անկարայի ապշեցուցիչ հրաժարումը և կողմնորոշումը դեպի սեփական հասարակական արդիականացում: Աթաթուրքը գործել է՝ առաջնորդվելով պատմական հեռատեսությամբ՝ պահպանելով նպատակների ու դրանց հասնելու միջոցների միջև հավասարակշռություն: Թուրքիայի վստահ ժողովրդավարացումը դարձավ տարածվող այն հասկացության արտացոլանքը, որ ժողովրդավարությունը կյանքի ոճ է:

Թեև Թուրքիայում ժողովրդավարությունը նախկինի նման փխրուն է, ինչն առաջին հերթին վերաբերում է մամուլի ազատության ոլորտին, թուրքական բանակի կողմից ընտրությունների արդյունքներն ընդունելու պարտավորվելը և սահմանադրական ուղղումներն ապացուցում են թուրքական ժողովրդավարության կենսունակությունը: Այդ տեսանկյունից Անկարան ակնհայտորեն գերազանցում է Մոսկվային:

Որոշակի միջոցների շնորհիվ Անկարան, թեկուզև ոչ պաշտոնապես, հասել է Եվրոպայի և վերջապես Արևմուտքի հետ հետ շարունակելու դիրքորոշման: Ներկայիս Թուրքիան, որը միջազգային արենայում աստիճանաբար դառնում է ավելի ժամանակակից, նաև իր աշխարհիկության հիմքով, վերականգնում է իր տարածաշրջանային աշխարհագրական գերազանցությունը, ինչը փոխառված է օսմանյան կայսերական անցյալից:

«Ռազմավարական խորություն» գրքի հեղինակ, աշխարհաքաղաքական տեսլական ունեցող Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի ձևակերպած արտաքին նոր քաղաքականությունը հենված է այն դրույթի վրա, որ Անկարան վերածվում է առաջնորդի այն տարածաշրջաններում, որոնք նախկինում ընդգրկվել են Օսմանյան կայսրության տարածքում: Խոսքը գնում է Արևելյան Միջերկրածովի, Հյուսիսային Աֆրիկայի ու Միջագետքի մասին:

Տվյալ մոտեցման աղբյուրը ոչ թե կրոնական դրդապատճառներն են, այլ՝ պատմական-աշխարհաքաղաքական մոտիվացիան: Դավութօղլուի առաջարկած պլանում նախապատվությունը տրվում է հարևանների հետ բարենպաստ հարաբերություններ ունենալուն՝ ի հակակշիռ թշնամական հարաբերությունների: Այն նախատեսում է, որ աշխարհի 17-րդ տնտեսությունն ունեցող Անկարան օգտագործի առկա սոցիալ-տնտեսական պոտենցիալը:

Դա ուղղված է այն հարաբերությունների վերածնմանը, որոնք պատմականորեն բնորոշ են եղել այդ պետություններին, և որոնք, սակայն, անկում են ապրել ազգային անվտանգության քեմալական հայեցակարգի և հատկապես 20-րդ դարում թուրքական ազգայնականության պատճառով:

Խորհրդային Միության փլուզումից հետո նախկին Օսմանյան կայսրության սահմաններում, մշակութային ժառանգության շրջանակներում Անկարային սպասում են Միջին Ասիայի թյուրքալեզու երկրները, որոնց մեծ մասն անկախություն է ձեռք բերել ոչ վաղ անցյալում:
Էներգետիկ տեսանկյունից հարուստ, սակայն աշխարհաքաղաքական առումով չզարգացած այդ տարածաշրջանի հետ ավելի ակտիվ առևտրային ու տնտեսական հարաբերություններ հաստատելը կարող է վերածվել արդիականացման, աշխարհիկության և վերջապես ժողովրդավարացման պոտենցիալ ճնշման գործոնի:

Մոսկվան ձգտում է մոնոպոլացնել Միջին Ասիայի էներգոպաշարների հանդեպ ուղիղ մուտք ունենալը, սակայն Բաքվի ու Թբիլիսիի հետ համագործակցության շրջանակներում Անկարայի աճող տարածաշրջանային դերակատարությունը կարող է օգնել Եվրոպային՝ Կասպից ծովի միջոցով անմիջական մուտք ունենալու Միջին Ասիայի նավթի ու բնական գազի նկատմամբ:

Թուրքիան աստիճանաբար հուսալիորեն վերափոխվում է ժամանակակից ու աշխարհիկ պետության՝ չնայած գոյություն ունեցող մի շարք խնդիրների, ինչը թուրք քաղաքացիներին տալիս է հայրենասիրական ինքնավստահություն: Սակայն դա կարող է ստանալ հակաարևմտյան միտման տեսք, եթե Անկարան իրեն մշտապես մերժված զգա Եվրոպայի կողմից:

Ներեվրոպական ուժերը՝ հատկապես Գերմանիան ու Ֆրանսիան, պնդում են Անկարային մերժելու վրա՝ դա պատճառաբանելով նրա օտար մշակույթով, որը գործընկերության հետ մեկտեղ, կխախտի միասնությունն ու կարգը: Դեպի Եվրոպա կողմնորոշվելուց 85 տարի անց Թուրքիայի մտավախությունն այն է, որ ժողովրդավարացման փորձի տապալման դեպքում կաճի իսլամիստական քաղաքական նույնականությանը կամ հակաժողովրդավարական ռազմական վարչակարգին անցում կատարելու վտանգը:

Տվյալ սցենարներից յուրաքանչյուրի իրագործման դեպքում Թուրքիան, Եվրոպային Մերձավոր Արևելքի խնդիրներից ու պահանջելու վահան դառնալու փոխարեն, կվերածվի Բալկանների միջոցով Եվրոպային մերձավորարևելյան խնդիրների հիմնական մատակարարի: Այդ հնարավորությունը ձեռք է բերում էլ ավելի վըտանգավոր ձևեր՝ հաշվի առնելով Ամերիկայի ու Եվրոպայի մշտական անհաջողությունները՝ կապված Իսրայելի ու Պաղեստինի միջև խաղաղ հավասարակշռություն հաստատելու, և (կամ) Իրանի հետ Ամերիկայի ուղիղ հակամարտության մեջ մտնելու հետ:

Առաջին հավանականությունն անուղղակիորեն, սակայն բավական բացասաբար է անդրադառնում Արևմուտքի հանդեպ Անկարայի դիրքորոշման վրա: Իսկ երկրորդը սպառնալիք կհանդիսանա Թուրքիայի անվտանգության համար, հատկապես եթե այդ հակամարտությունն ավարտվի քրդական ապստամբությամբ և Բաղդադի կրկնակի ապակայունացմամբ: Թուրքիայի ազգային շահերի հանդեպ Արևմուտքի ուշադրության բացակայության պայմաններում թուրքերը կունենան շատ ավելի մեծ մտավախություններ, եթե ռիսկի ենթարկվի բուն Թուրքիան:

Եվրոպայից Թուրքիայի հեռացումը, որը կարող է ստանալ թշնամական տեսք, ունակ է պատճառ դառնալ քաղաքական հետընթացի և արմատական փոփոխությունների, որոնք կխոչընդոտեն Թուրքիայի արդիականացումը: Ամենաանբարենպաստ սցենարի դեպքում, եթե հիշենք 1979 թվականին Իրանի շահի տապալման արդյունքները, ապա հեռացման այդ ձևն օժտված է Աթաթուրքի թողած ժառանգությանը հարված հասցնելու պոտենցիալով:

Այդ իրադարձությունը պատմական ու աշխարհաքաղաքական տեսանկյունից երեք պատճառով կհանգեցնի բավական անբարենպաստ արդյունքների: 1) Թուրքիայի ժողովրդավարացումը և արդիականացման տարածումն ի ցույց են դնում, որ ո՛չ ժողովրդավարացումը, ո՛չ արդիականացումը չեն հակասում իսլամական, կրոնական ավանդույթներին:

2) Մերձավոր Արևելքում, ուր Անկարան պատմականորեն ունեցել է գերազանցություն, հարևանների հետ խաղաղասիրական համագործակցությունից առկա կախվածությունը համաձայնեցվում է Արևմուտքի շահերի հետ՝ կապված տարածաշրջանում անվտանգության հետ:

3) Աստիճանաբար դառնալով Արևմուտքի մասնիկը, օգտվելով Օսմանյան կայսրության կազմում գտնված և միջինասիական հետխորհրդային ժողովուրդների հետ իր տարածաշրջանային ու մշակութային կապերից՝ մուսուլմանական երկիր Թուրքիան կարող է զբաղեցնել մուսուլմանական արմատականությունը կանգնեցնելու ունակ և Միջին Ասիայում տարածաշրջանային կայունություն հաստատելու ունակ երկրի դիրք: Դա ոչ միայն կհամապատասխանի Թուրքիայի սեփական շահերին, այլև՝ Եվրոպայի ու Մոսկվայի շահերին»:

Հիշեցնենք, որ Զբիգնև Բժեզինսկին հանդիսացել է ԱՄՆ նախկին նախագահ Ջիմմի Քարտերի՝ ազգային անվտանգության գծով խորհրդական (1977-1981):  Նա հեղինակ է մի շարք գրքերի, այդ թվում նաև՝ «Շախմատային մեծ խաղատախտակ» և «Եվս մեկ հնարավորություն»:

Տեսանյութեր

Լրահոս