Ռուսաստանում դեսպանի փոփոխությունը Հայաստանի իրավասությունն է. Միխայիլ Գալուզին

ՌԴ-ում ՀՀ ներկայիս դեսպանի փոփոխության հարցը Հայաստանի իրավասությունն է, կան համապատասխան ընթացակարգեր այդ հարցերի լուծման համար, ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։

Հիշեցնենք, որ այսօր ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտնել էր, որ Երևանը ծրագրում է փոխարինել ՌԴ-ում ՀՀ դեսպանին։ Նոր դեսպանի թեկնածությունն արդեն ներկայացված է։

«Պետության իրավասությունն է որոշել այս կամ այն երկրում իր դեսպանի թեկնածությունը։ Տվյալ դեպքում խոսքը ՌԴ-ում դեսպանին փոխելու Հայաստանի ղեկավարության մտադրության մասին է։ Նման հարցերի լուծման համար սահմանված են ընթացակարգեր։ Ինչպես ես եմ հասկանում, դրանք կիրականացվեն», – ասել է Գալուզինը լրագրողների հետ զրույցում։

Նա նաև նշել է, որ շնորհակալ է ներկայիս դեսպան Վաղարշակ Հարությունյանին ռուս-հայկական հարաբերությունների ամրապնդման գործում ունեցած մեծ ավանդի համար:
«Նա արդեն բավական երկար ժամանակ է` դեսպանի գործառույթներ է իրականացնում։ Ես միշտ խորը գոհունակություն եմ զգացել ռուս-հայկական հարաբերությունների, դաշնակցային և ռազմավարական գործընկերության զարգացման և ընդլայնման ուղղությամբ մեր համատեղ աշխատանքից», – ասել է փոխնախարարը։

Նշենք, որ դեռ նախորդ տարի «Հրապարակ» օրաթերթը գրել էր, որ Հայաստանը ՌԴ–ում նոր դեսպանի մի քանի թեկնածուների հարց է քննարկում, և հայկական կողմը կարծես թե կանգնել է ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանի վրա:

Հիշեցնենք` ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել 2022 թվականի հունվարի 5-ին։

Տեսանյութեր

Լրահոս