ԱՄՆ-ը ծրագրում է Հայաստանին ու Ադրբեջանին մտցնել ՆԱՏՕ-ի «հովանու» ներքո

«Վաշինգտոնը պատրաստ է հյուրընկալել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը»,- այս մասին Բաքու կատարած այցի ընթացքում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ’Բրայենը:

«Խոսքն այն մասին է, թե ինչն առավել օգտակար կլինի երկու կողմի համար։ Հույս ունեմ, որ արտաքին գործերի նախարարները հնարավորինս շուտ հանդիպելու հնարավորություն կգտնեն։ Եթե դա տեղի ունենա Վաշինգտոնում, մենք ուրախ կլինենք նրանց ընդունել ցանկացած դերում, որը կարող ենք խաղալ: Բայց կան բազմաթիվ ալիքներ, և երկու կողմերն էլ շատ արդյունավետ ուղիղ կապ են պահպանում: Մենք այս գործընթացին մասնակցում ենք՝ որպես բարեկամ»,- ասել է Օ’Բրայենը։

Դիվանագետը հայտնել է նաև, որ ԱՄՆ-ը Ադրբեջանին և Հայաստանին հրավիրել է Վաշինգտոնում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում գործընկերների հանդիպմանը:

ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ’Բրայենը Միացյալ Նահանգների համար բավականին աղմկահարույց հայտարարություններ է արել՝ շեշտելով, որ տարածաշրջանում խաղաղության հաստատման գործում կենտրոնական դեր է խաղացել Ադրբեջանը:

Պետդեպարտամենտի ներկայացուցչի խոսքով՝ վերջին տարիների իրադարձությունները թույլ են տվել Ադրբեջանին կենտրոնական դեր խաղալ տարածաշրջանում քաղաքականության փոփոխության հարցում, ինչն էլ իր հերթին՝ խաղաղության հաստատման է հանգեցրել:

Այնուհետև Օ’ Բրայենը նշել է, որ Վաշինգտոնը շատ ոլորտներում արդյունավետորեն գործակցում է Բաքվի հետ:

«Այսօրվա քննարկումների մեծ մասը նվիրված էր տարածաշրջանում տիրող իրավիճակին։ Ադրբեջանի նախագահի հետ հանդիպմանը մենք քննարկել ենք մի քանի կոնկրետ հարցեր, մասնավորապես անդրադարձել ենք տարածաշրջանում տիրող իրավիճակին։ Խոսվել է տարածաշրջանում խաղաղության հաստատման մասին»,- ասել է նա։

Պետքարտուղարի օգնականն ընդգծել է, որ տարածաշրջանի երկրների միջև համագործակցությունը ոչ միայն կբարելավի անվտանգության ոլորտում տիրող իրավիճակը, այլև թույլ կտա Կենտրոնական Ասիայից ապրանքներ մատակարարել Ադրբեջանի, ապա Վրաստանի և Հայաստանի տարածքով՝ համաշխարհային շուկաներ:

Մեկնաբանելով Հայաստանին ֆրանսիական սպառազինության մատակարարման մասին հարցը՝ Օ’Բրայենը հայտարարել է, որ յուրաքանչյուր երկիր ինքնապաշտպանության իրավունք ունի:

«Մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը նույնպես աշխատում է այդ ուղղությամբ»,- նշել է դիվանագետը:

168am-ի հետ զրույցում վրացի քաղաքական վերլուծաբան Իրակլի Մենաղարիշվիլին ասաց, որ ԱՄՆ փոխպետքարտուղարը կարևոր առաջարկներ է անում, որոնք փոխկապակցված են և թույլ են տալիս կազմել ամերիկյան ծրագրի նախնական պատկերը։

Ըստ նրա, որքան էլ որ կողմերը Խաղաղության համաձայնագիրը բանակցեցին ուղիղ տարբերակով՝ առանց միջնորդների, ԱՄՆ-ը շարունակում է պնդել իր միջնորդությունը և վերջնական բանակցություններն անցկացնել ԱՄՆ հովանու ներքո։

«Սրա հետ մեկտեղ՝ խոսելով խաղաղությունից, համաձայնագրի ստորագրումից և հետագա տարանցիկ ճանապարհներից, ԱՄՆ-ը ժեստ է անում և միասին հրավիրում գործընկերներին ՆԱՏՕ-ի միջոցառման՝ դրանով իսկ փորձելով ազդարարել ԱՄՆ ազդեցության խորացումը հարավկովկասյան ռեգիոնում։ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հրավերքը, ինչպես նաև դրան մասնակցությունն այսօր անդամակցության հեռանկար չենթադրող քայլ է, սակայն դա ունի որոշակի նշանակություն։ Ուղերձն այն է, որ ռեգիոնը նաև անվտանգային, ռազմական բաղադրիչով մտնի արևմտյան հովանու ներքո։ Սա շարունակական քայլերի հաջորդականություն է, գուցե չհաջողվի, սակայն չնկատել, որ Արևմուտքի ազդեցությունը տասնամյակների հակամարտության գոտում աճել է, և այս հրավերով ԱՄՆ-ը նաև դա է ամրագրում՝ ցույց տալով, որ եթե ՀՀ-ն ունի որոշում՝ խորացնել հարաբերություններն Արևմուտքի հետ, Արևմուտքը պատրաստ է նույնն անել նաև Ադրբեջանի դեպքում։ Սրա նպատակն էլ ռեգիոնն ամբողջությամբ «վերցնելն է», ոչ թե մաս-մաս»,- նման կարծիք հայտնեց վերլուծաբանը։

Հարցին՝ ինչպե՞ս գնահատել ամերիկացի դիվանագետի հայտարարությունը, թե Ադրբեջանն առանցքային դերակատարություն է ունեցել խաղաղության հաստատման հարցում, երբ Ադրբեջանն է տարիներ շարունակ ռազմաքաղաքական ագրեսիա դրսևորել, հանգեցրել Արցախյան գոտին հայաթափման և բռնի տեղահանության, վերլուծաբանը պատասխանեց, որ յուրաքանչյուր հյուրընկալող երկրում արվում են դիվանագիտական, ականջ շոյող հայտարարություններ։

«Ամերիկացի դիվանագետը շեշտել է Ադրբեջանի հաղթանակը։ ԱՄՆ-ի գնահատականները հասկանալու համար պետք է ամերիկյան դիտանկյունը տեսնել։ ԱՄՆ-ը արձանագրել է Ադրբեջանի հաղթանակ, ռեգիոնում ՌԴ դերակատարության նվազեցում և համաձայնագրով վերջնական խաղաղության հաստատման հնարավորություն, որը թույլ կտա ԱՄՆ-ին է՛լ ավելի լուրջ ազդեցություն սահմանել Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ։ Ուստի Ադրբեջանի հաղթանակը և պատերազմն է իրականում ստեղծել ԱՄՆ-ի համար այդ հնարավորությունը, որքան էլ ռեգիոնի համար պատերազմը եղել է ամենաողբերգական էջերից մեկը»,- նշեց Մենաղարիշվիլին։

Տեսանյութեր

Լրահոս