ԵԱՏՀ-ն երեք տարով զրոյացրել է ԵԱՏՄ կոկոսի փաթիլների ներմուծման մաքսատուրքը
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) կոլեգիան երեք տարի ժամկետով զրոյացրել է չորացրած կոկոսի ընկույզի ներմուծման մաքսատուրքը: Այդ մասին տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից:
«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշում է ընդունել զրոյացնել չորացրած կոկոսի ընկույզի (կոկոսի փաթիլների) ներմուծման մաքսատուրքը մինչև 2027 թվականի հուլիսի 31-ը ներառյալ: ԵԱՏՄ-ի գործող միասնական մաքսատուրքի դրույքը կոկոսի փաթիլների համար կազմում է 3 տոկոս», – նշվում է հաղորդագրության մեջ։
ԵԱՏՀ առևտրի նախարար Անդրեյ Սլեպնյովի խոսքով՝ մաքսային-սակագնային կարգավորման միջոցը նպատակաուղղված է ինքնարժեքի նվազեցմանը, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության երկրներից հրուշակեղենի արտահանման զարգացմանը և արտասահմանի շուկաներում դրա մրցունակության բարձրացմանը։
Նա հիշեցրել է, որ բնական և բնակլիմայական պայմանների պատճառով ԵԱՏՄ տարածքում կոկոսյան արմավենիներ չեն աճում, իսկ կոկոսի արտադրություն չկա։ Այսպիսով, կոկոսի փաթիլների կարիքն ամբողջությամբ ապահովվում է ներմուծման հաշվին։
Որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օր անց: