Բաժիններ՝

«Հիմա ստացա հարցերիս պատասխանները». հոլիվուդյան դերասան Ջո Մանգանիելոն այցելել է Հայաստան

Հոլիվուդյան դերասան Ջո Մանգանիելոն, որը բազմիցս պատմել է հայկական արմատներ ունենալու և Հայոց ցեղասպանությունից մազապուրծ եղած նախնիների մասին, այցելել է Հայաստան: Այս մասին տեղեկանում ենք ՔՈԱՖ-ի («Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամ) ինստագրամյան էջից:

«Ուրախ ենք կիսվել ձեզ հետ դերասան Ջո Մանգանիելոյի՝ վերջերս Հայաստան կատարած անհավանական ճամփորդության ոգեշնչող դրվագներով: ՔՈԱՖ-ի խորհրդի անդամ և ՔՈԱՖ 20-րդ ամենամյա Գալայի հեղինակավոր մարդասիրական մրցանակի արժանացած դերասանը ծանոթացավ իր մայրական տատի հայրենիքի հարուստ պատմությանը, բացառիկ մշակույթին և ջերմ հյուրընկալությանը: Շնորհակալ ենք, Ջո՛, անմոռանալի հիշողությունների և այն սիրո համար, որը տվեցիք Հայաստանի մանուկներին», – գրված է էջում հրապարակված տեսանյութին կից:

Հայաստան կատարած այցի շրջանակում աստղն այցելել էր Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարան՝ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի ուղեկցությամբ: Բացի այդ, նա շրջել է երկրով մեկ, եղել հին վանքերում և եկեղեցիներում, այդ թվում՝ Խոր Վիրապում, Սանահինում:

Մանգանիելոյի խոսքով՝ Հայաստանում ինքը ստացել է տարիներ շարունակ իրեն հետաքրքրող հարցերի պատասխաները՝ կապված հայկական ժառանգության և ինքնության հետ:

«Հիմա ստացա հարցերիս պատասխանները», – տեսանյութում նշել է դերասանը:

Նշենք, որ ավելի վաղ Մանգանիելոն ամերիկյան KTLA 5 հեռուստաալիքի եթերում «Հայկական պատմության ամիս» նախագծի շրջանակում պատմել էր Հայոց ցեղասպանությունը վերապրած նախնիների և իր արմատների մասին՝ ընդգծելով, որ մայրական կողմից հայ է:

«Մայրս հայ է և միշտ հայկական ուտելիքներ էր պատրաստում, որոնք մանկուց կերել եմ ու մինչև հիմա շատ եմ սիրում», – ասել էր դերասանը:

Ըստ Մանգանիելոյի՝ մեծանալուն զուգահեռ ինքը ծանոթանում էր իր արմատներին և շատ տպավորված էր այդ ժառանգությամբ:

Դերասանի մեծ տատը՝ խարբերդցի Թերվիզը, մազապուրծ է եղել Հայող ցեղասպանությունից:

«Ես ցանկանում էի այդ պատմությանը ծանոթանալ, քանի դեռ դրա մասին իմացողները ողջ էին, և դա ինձ հաջողվել է», – պատմել էր Մանգանիելոն:

Արդյունքում նա բացահայտել էր, որ 1915-ին թուրքերը սպանել են մեծ տատի ամուսնուն և յոթ երեխային: Ի վերջո կինը հայտնվել է ճամբարում, որտեղ հղիացել է թուրքերի հետ համագործակցող գերմանացի սպայից: Թերվիզը լույս աշխարհ է բերել խարտյաշ աղջկա, որին անվանել է Սիրարփի: Վերջինս Մանգանիելոյի տատն է:

Ի վերջո Թերվիզն ու Սիրարփին հայտնվել են ԱՄՆ Մասաչուսեթս նահանգում:

Հիշեցնենք, որ նախորդ տարի Մանգանիելոն հարցազրույցներից մեկում մանրամասն պատմել էր նախատատի պատմությունը.«Թուրքերը 1915 թվականին, Առաջին համաշխարհային պատերազմի քողի տակ, մտել են նրա տուն և փորձել իրականացնել իրենց սկսած Ցեղասպանությունը: Կրակել են ամուսնուն, հետո՝ նրան. նա պառկել է գետնին, ձևացրել, թե մեռած է, ապա հնչել է ևս 7 կրակոց. նրա յոթ երեխաներն էին: Նա անշարժ պառկել է, թուրքերը հեռացել են տնից և ութերորդ երեխային, որն օրորոցի մեջ էր, թողնել են սովամահ լինելու. նրանք հենց այդպես էին վարվում»։

Մանգանիելոն մանրամասնել էր, թե ինչպես է իր մեծ տատիկը կապել երեխային մեջքին և փախել քաղաքից։ Նա հազիվ է խուսափել մահվան երթի սարսափելի ճակատագրից, որը նկարագրել է դերասանը:

«Նրանք ուղղակի ձեռնաշղթաներ էին կապում, շղթայակցում էին հայերին և դուրս էին բերում անապատ, իսկ քրդերին ազատում, զինվորական վերարկուներ, ձիեր ու հրացաններ էին տալիս, որպեսզի հետո նրանք գնային իրենց երդվյալ թշնամիների՝ հայերի հետ անելու այն, ինչ ուզում էին։ Նա դրանից խուսափել է: Երեխան մեջքի վրա՝ հասել է Եփրատ գետը, լողալով անցել է այն, և երբ նա հասել է մյուս ափը, երեխան խեղդվել է», – պատմել էր կինոաստղը:

Մանգանիելոն հավելել էր, որ իր մեծ տատիկը շատ դիմացկուն էր և ապրել է քարանձավում այլ փախստականների հետ, մինչև որ նրանց բռնել են գերմանացի զինվորականները։ Մանգանյելոյի մեծ տատը, ի վերջո, ռազմական ճամբարում հղիացել է գերմանացի սպայից և ծնել շիկահեր, կիսագերմանացի երեխայի։

«Ես դեռ մանկուց գիտեի Հայոց ցեղասպանությունը վերապրածի պատմությունը, և որ կա այս գերմանացի զինվորը, որն իմ նախապապն է։ Վերջին տասը տարվա ընթացքում փորձում էի պարզել, թե ով է այդ գերմանացին», -պատմել էր Մանգանիելոն:

Ի վերջո պարզվել է, որ հայուհուն հղիացրած գերմանացի սպան Կառլ Վիլհելմ Բոյթինգերն էր, որը դրանից հետո վերադարձել է ընտանիքի մոտ՝ Գերմանիա:

«Ես վերապրածների ժառանգ եմ … Պատետկերացրեք՝ շիկահեր երեխայի մեծացնել ճամբարում, այն պարագայում, երբ հայերից ոչ ոք շիկահեր չէ, մեծացնել առանց հոր, հետո գալ Միացյալ Նահանգներ և մեծացնել այդ երեխային շրջապատի մյուս մեծահասակների հսկողության ներքո: Դա ծանր է»,- ասել էր դերասանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս