«Ադրբեջանը երբեք այդ թուղթը չի ստորագրելու». Գրիգորի Այվազյան

Ադրբեջանը շարունակում է ակտիվորեն տեսանյութեր, հեռուստատեսային ռեպորտաժներ տարածել Տավուշի մարզի այն հատվածներից, որոնք ՀՀ իշխանությունը հանձնեց թշնամուն։ Ալիևը և իր վարչակազմն էլ առիթը բաց չեն թողնում հայտարարելու, որ Հայաստանն առանց որևէ մեկ կրակոցի իրենց է հանձնել չորս գյուղ և «պարտավոր է հանձնել այն բոլոր տարածքները, որոնք միասին կազմում են «Արևմտյան Ադրբեջանը»։

Չնայած դրան, ՀՀ իշխանությունը, այդ թվում՝ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը շարունակում էին խոսել խաղաղության պայմանագրի և այն ստորագրելու համար ստեղծված բարենպաստ պայմանների առակայության մասին, թեև իրենցից բացի հայ հանրությունը տեղյակ չէ, թե ինչ պայմանների մասին է խոսքը։ Միայն երեկ, երբ Հայաստանն ու Ֆրանսիան հայտարարեցին, որ «Սեզար» հրետանային համակարգերի ձեռքբերման պայմանագիր են ստորագրել, և դրան անմիջապես հետևեց պաշտոնական Բաքվի կոշտ և դատապարտող արձագանքը, ՀՀ ԱԳՆ-ն մասնավորապես հայտարարեց.

«Ադրբեջանի գործելակերպը մտածելու տեղիք է տալիս և գալիս է հիմնավորելու մի շարք կենտրոնների կողմից արվող վերլուծությունները, թե Ադրբեջանն ամեն ինչ անելու է վիժեցնելու Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիր կնքելու գործընթացը, 2024թ. նոյեմբերին Բաքվում կայանալիք COP29 գագաթնաժողովից հետո Հայաստանի Հանրապետության նկատմամբ նոր ագրեսիա ձեռնարկելու համար»:

168.amի հետ զրույցում Ադրբեջանի հարցերով փորձագետ, պատմական գիտությունների թեկնածու Գրիգորի Այվազյանն էլ համոզված ասաց, որ խաղաղության պայմանագիր ստորագրելու համար չկա որևէ նպաստավոր պայման, ավելին՝ Ադրբեջանը երբեք այդ թուղթը չի ստորագրելու։

Կարդացեք նաև

Փորձագետի կարծիքով՝ նույնիսկ սահմանում տեղադրված սահմանասյուները չեն կարող Ադրբեջանին հետ պահել Հայաստանի վրա հարձակումներից։

«Մենք իրավաբանորեն պատերազմի մեջ չենք եղել Ադրբեջանի հետ, որպեսզի խաղաղության մասին պայմանագիր կնքենք։

Նախ, եկեք ճշգրտենք որոշակի դրույթներ։ Եթե պետությունների միջև հարաբերությունների կարգավորման որևէ փաստաթուղթ ստորագրված չէ, նրանց միջև չի կարող տեղի ունենալ սահմանազատում ու սահմանագծում, սա նոնսենս է։ Համաշխարհային պրակտիկայում նման բան գոյություն չունի։ Սահմանազատում ու սահմանագծում չի կարող և չի լինում հատվածական, կա՛մ պետք է տեղի ունենա ամբողջական, կա՛մ առհասարակ տեղի չունենա։

Չգիտես ինչու, այսօր հայ ժողովրդին անընդհատ ասում են, թե թուրքերը քաղաքակրթվել են, սա իրականությանը չի համապատասխանում, մեղմ ասած։ Այն փշալարերը, որոնք իշխանությունները քաշել է Տավուշի մարզում, չի կարող հայ ժողովրդին պաշտպանել Ադրբեջանի ագրեսիայից, դրանք երաշխիք չեն»,- նշեց Գրիգորի Այվազյանը։

Նա հիշեցրեց, թե վերջին տարիների, մասնավորապես՝ այս տարվա ընթացքում Թուրքիայի ու Ադրբեջանի քանի համատեղ զորավարժություն է եղել, և դրանք հենց այնպես չեն անցկացվում, դրանով Ադրբեջանը հաստատ «խաղաղության դարաշրջանի» չի պատրաստվում։

«Հիմա մեր իշխանությունն ի՞նչ է անում՝ դիմադրելո՞ւ է թուրք-ադրբեջանական տանդեմի հարձակումներին, թե՞ պետք է դասախոսություն կարդա երիտասարդությանը խաչքարերի մասին, ու ասի, որ դրանք ժանգոտված շղթայով քարշ են տալիս իրենց ոտքերից։ Այսպես չի կարելի, սա ծաղրանք է՝ կրոնին ու եկեղեցուն ուղղված։ Ժամանակը ցույց կտա, թե որքանով է այս իշխանությունն ապահովում երկրի անվտանգությունը, կտեսնենք՝ անվտանգության ապահովո՞ւմ է, թե՞ վերջնական պարտության տանելու քաղաքականություն է»,- հավելեց մեր զրուցակիցը։

Նա այս համատեքստում նաև ընդգծեց, որ հայկական կողմի խոսույթը վերջին մի քանի տարիների ընթացքում խիստ փոխվել է։ ՀՀ իշխանությունը հայտարարում է, որ տարածքային պահանջներ չունի Ադրբեջանից, մոռանալով Արցախի ու արցախահայության հարցը, ՀՀ տարածք ներխուժած ադրբեջանական զինուժի մասին։ Մինչդեռ Ադրբեջանը ճիշտ հակառակն է պնդում, որ Հայաստանը պետք է շարունակի իրեն տարածքներ զիջել։

«Չպետք է մոռանալ արցախահայերի վերադարձի ու ադրբեջանահայերի իրավունքների մասին, այս մասին իշխանությունը մոռացել է, մինչդեռ Ադրբեջանի բռնապետին պետք է հիշեցնենք, որ ինքը պարտք ունի կատարելու, ոչ թե պահանջներ ներկայացնելու։

Ադրբեջանն այսօր չի ցանկանում խաղաղություն, գուցե ՀՀ իշխանության երևակայության մեջ կլինի, բայց իրականության մեջ՝ ոչ։ Խաղաղության իրավունքը միայն նվաճում են, այլ ոչ թե մուրում»,- շեշտեց Գ. Այվազյանը։

Տեսանյութեր

Լրահոս