Երևան-Սևան ճանապարհին տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժածներից մեկը ծայրահեղ ծանր վիճակում է, մյուսների մոտ կա դրական դինամիկա
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը վերահաստատել է, որ օրեր առաջ Երևան-Սևան ճանապարհին տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժած քաղաքացիներից մեկը մահացել է, ևս մեկ բուժառու ծայրահեղ ծանր վիճակում է։
Այս մասին նախարարն ասաց լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում։
«Այո, ցավոք սրտի, չհաջողվեց փրկել մեր պացիենտներից մեկի կյանքը․ բժիշկներն ամեն ձևով պայքարում են։ Իրականացվել են թե՛ վիրահատական, թե՛ այլ միջամտություններ։ Մյուս պացիենտի վիճակը դեռ մնում է ծայրահեղ ծանր։ Արվում են բոլոր անհրաժեշտ միջամտությունները»,- հայտնեց Ավանեսյանը։
Առողջապահության նախարարը հայտնեց, որ պայթյունի հետևանքով տուժած մյուս պացիենտների մոտ, որոնք միջին ծանրության այրվածքներ էին ստացել, դրական դինամիկա կա։
«Նրանք, իհարկե, դեռ կշարունակեն բուժման ընթացքը, բայց արդեն կարող ենք հանգիստ լինել նրանց համար»,- ասաց նախարարը։
Նա հավելեց, որ բուժառուները միջին տարիքի տղամարդիկ են, այդ թվում՝ նախօրեին մահացած անձը։