Ես, ՀՀ որևէ պաշտոնական ներկայացուցիչ չի այցելի այլևս Բելառուս, քանի դեռ նախագահը Լուկաշենկոն է․ Փաշինյան
Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս է գալու, սա կլինի հաջորդ տրամաբանական քայլը։ Այս մասին խորհրդարանում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
Փաշինյանն ասաց, որ կառավարության ծրագրում չեն ասել՝ մնալու ենք ՀԱՊԿ-ի անդամ, իսկ թե երբ դա տեղի կունենա՝ կորոշեն, հնարավոր է՝ մեկ ամիս, հնարավոր է՝ մեկ տարի, հնարավոր է՝ երեք տարի հետո։
«ՀԱՊԿ ղեկավարներից մեկը հայտարարել է, թե 44-օրյա պատերազմը նախապատրաստելուն մասնակցել է, քաջալերել է, ցանկացել է Ադրբեջանի հաղթանակը։ Բա դրանից հետո ես պետք է գնամ Բելառուսի նախագահի հետ ՀԱՊԿ ֆորմատում նստեմ, հարց քննարկե՞մ, բա դուք չե՞ք, որ խոսում եք արժանապատվությունից ու սկզբունքայնությունից։ Չնայած նաև իրավիճակ կա ԵԱՏՄ-ում ու ԱՊՀ-ում, ինչ-որ առումով ստիպված եմ լինելու, բայց նաև հետևյալն եմ ուզում ասել՝ ես արձանագրում եմ, որ Բելառուս ես երբեք չեմ այցելի, ՀՀ ոչ մի պաշտոնական ներկայացուցիչ Բելառուս չի այցելի»,- ասաց Փաշինյանը։
Նա չբացառեց, որ տեսականորեն հնարավոր է՝ ՀԱՊԿ-ի հետ կապված որևէ բան փոխվի։
«ՀԱՊԿ-ի հետ կապված կարո՞ղ է որևէ բան փոխվել։ Տեսականորեն չի կարող բացառվել, եթե Բելառուսն ինքն որոշի ՀԱՊԿ-ից դուրս գալ, կամ Բելառուսի նախագահը Հայաստանի ժողովրդին ներողության ու բացատրության այնպիսի խոսքեր ասի, որ Հայաստանի ժողովրդի համար կլինի ընդունելի»,- ասաց նա։