Բաժիններ՝

Հյուսիսկորեացի զինվորները հատել են Հարավային Կորեայի սահմանը, նրանց ուղղությամբ նախազգուշական կրակ են բացել

Հարավային Կորեայի զինվորականները նախազգուշական կրակոցներ են արձակել այն բանից հետո, երբ Հյուսիսային Կորեայից մոտ 20 զինվոր կարճ ժամանակով հատել են երկու Կորեաների սահմանը։ Այս մասին հաղորդում է հարավկորեական Yonhap լրատվական գործակալությունը։

Հարավային Կորեայի զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեն հունիսի 11-ին հայտնել է, որ մի խումբ հյուսիսկորեացի զինվորներ հունիսի 9-ին, տեղական ժամանակով մոտավորապես 12:30-ին հատել են սահմանազատման գիծը սահմանի կենտրոնական հատվածում`երկու Կորեաները բաժանող ապառազմականացված գոտում։

Բարձրախոսով նախազգուշացումից և նախազգուշական կրակոցներից հետո հյուսիսկորեացի զինվորները վերադարձել են սահմանի իրենց կողմը։

Ըստ կոմիտեի խոսնակի՝ Հարավային Կորեան համարում է, որ զինվորները, որոնք ինչ-որ աշխատանքներ էին կատարում ապառազմականացված գոտում, միտումնավոր չեն հատել սահմանը։ Խոսնակը հավելել է, որ սահմանազատման գծում այժմ խիտ բուսականություն է աճում, և նշանները լավ չեն երևում։

Վերջին օրերին երկու Կորեաների միջև լարվածությունը սրվել է․ ի պատասխան հարավկորեացի ակտիվիստների կողմից քարոզչական թռուցիկների ուղարկման՝ Հյուսիսային Կորեան աղբով լի փուչիկներ է ուղարկել Հարավային Կորեա։ Սրան ի պատասխան՝ Հարավային Կորեան վերսկսել է սահմանին բարձրախոսով քարոզչական բնույթի հեռարձակումները վեց տարվա ընթացքում առաջին անգամ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս