Միջազգային հարաբերությունների պարադոքսը և Փաշինյանի Լենինյան Հայաստանը

Անվտանգային վերլուծությունների ինստիտուտը ներկայացնող քաղաքագետ Էդուարդ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Միջազգային հարաբերություններում կա մի հետաքրքիր պարադոքս։

Մի շարք մասնագետներ պնդում են, որ փոքր պետությունները ունեն ավելի մեծ հնարավորությունների «պատուհան»՝ միմյանց դեմ ուժ կիրառելու և միջազգային համակարգի կողմից անպատիժ մնալու համար, քան ավելի մեծ պետությունները։ Եվ իսկապես, ի տարբերություն վերջիններիս, որոնց ուժի կիրառումը սահմանափակված է միջուկային «զսպման» տրամաբանությամբ, փոքրերը զսպվածություն չունեն, և, ինչպես նշում են Ռոթշթեյնը (1968թ.), Փուրնելը (1973թ.), Հանդլը (1990թ.) կամ Րիքլին (2008թ.), ռեսուրսների կուտակման շնորհիվ կարող են մարտնչել միմյանց դեմ առանց սահմանափակումների։ Նույնիսկ կարծիք կա, որ փոքր պետությունները կարող են լինել շատ ավելի ագրեսիվ, օպոնենտի հետ բարոյական տեսանկյունից ավելի անկաշկանդ վարվել, քան մեծեր պետությունները։ Փոքրերի այս գերագրեսիվությունը բացատրվում է համեմատության մեջ ուժի դեֆիցիտի հետևանքով ձևավորված մշտական գոյատևման առաջնահերթությունից բխող սինդրոմով։

Հակամարտող փոքր պետությունները միմյանց նկատմամբ կարող են կիրառել ուժ, իրականացնել ինտերվենցիա, զավթել կամ «ազատագրել» տարածք և միջազգային հարաբերությունների համակարգի կողմից անպատիժ մնալ։

Կարդացեք նաև

Բանն այն է, որ փոքր պետությունների միջև ուժային խաղն ու հակամարտությունը, միմյանց տարածք նրանց գրավելը, բացառությամբ՝ եզակի դեպքերի, մեծամասամբ չի խախտում գերտերությունների ուժային բալանսը՝ թե՛ գլոբալ և թե՛ տարածաշրջանային աշխարհաքաղաքականության առումով։

Այստեղ կարևոր է հաշվի առնել նաև աշխարհակարգի բևեռային կառուցվածքը, որի տարբեր տեսակները փոքր պետություններին ավելի հավակնոտ և անկաշկանդ լինելու տարբեր մակարդակի հնարավորությունների «պատուհաններ» են տալիս։

Ավելին, փոքր պետությունները տարբեր պատրվակներով միմյանցից տարածք ներխուժելու, տարածք գրավելու կամ իրենց գերակայությունը մյուսի նկատմամբ հաստատելու հնարավորություն են տեսնում, երբ մեծերը կա՛մ «զբաղված» են ներքին հիմնախնդիրներով, կա՛մ մեծերի միջև ուժային բալանսի էական վերադասավորում է տեղի ունենում` մեծերի միջև հակամարտության տեսքով, որն էլ առաջացնում է մեծերի ազդեցության կարճաժամկետ «վակուումներ» տարածաշրջաններում, որտեղ առավել հավակնոտ փոքրերը կարգ ու խաղի կանոն թելադրելու հնարավորություն են ունենում։

Եվ քանի որ միջազգային հարաբերությունների կառուցվածքն անարխիկ է` տեղի է ունենում զսպման մեխանիզմների կտրուկ անկում, մինչև որ չձևավորվի նոր գլոբալ ուժային բալանսի ճարտարապետություն։

Փոքրերի համար նման «պատուհանները» կարող են բաց լինել մի քանի ամսից մինչև նույնիսկ մի քանի տասնամյակ։

Այսպիսի իրավիճակային դասական օրինակ կարող է համարվել, օրինակ, 1960-1980-ականների Վիետնամն իր ինտերվենցիաներով՝ Լաոս, Կամբոջա, դե Հարավային Վիետնամի կործանման և անեքսիայի մասին էլ չեմ ասում։

Այդպիսի «պատուհաններից» էր, օրինակ, ԽՍՀՄ փլուզման շրջանը, երբ Հայաստանին հաջողվեց, ըստ ադրբեջանական նարատիվի՝ գրավել իրենց 20%-ը, իր օժանդակ հետևանքներով ադրբեջանցիների համար, և պահել այն առանց որևէ արտաքին մեծ խնդիրների, նույնիսկ ՄԱԿ-ի չորս ռեզոլյուցիաների առկայության դեպքում։ Եվ իսկապես, Հայաստանի նկատամամբ որևէ պատժամիջոց չկիրառվեց՝ Ադրբեջանի խնդրանքով Թուրքիայի կողմից սահմանը փակելուց բացի, և ոչ մեկը Հայաստանին, պատկերավոր ասած, չասաց, որ աչքի վերևը ունք կա։ Այս իրավիճակը շարունակվեց այնքան, մինչև որ նույն ադրբեջանցիները չհասկացան, որ իրենք պիտի լինեն իրենց բախտի տերը, պատրաստվեն ու օգտվեն նման մի «պատուհանից»՝ հետևողականորեն համբերատար ձևավորել կոնսենսուս Հայաստանի ռազմավարական պարտության և վերջինիս կարգավիճակի անկման շուրջ՝ կիրառելով ուժ, ռազմական հանցագործություններ, էթնիկ զտում և այլն, նույն կերպ «մարսելով» մի տարածքի ձեռք բերում, որն իրենց որպես սուվերեն ակտոր հավասարապես չի էլ պատկանել։

Հետևաբար, Ադրբեջանը միշտ փնտրելու է առիթ և «պատուհաններ»՝ իրականացնելու համար ռազմական ինտերվենցիա Նիկոլ Փաշինյանի (ՆՓ) կողմից, ըստ էության, մայիսի 24-ին հռչակված «Լենինյան» Հայաստան։

Բանն այն է, որ ի տարբերություն Արցախով Հայաստանի, ՆՓ-ի Լենինյան Հայաստանը այսպիսի ասիմետրիկ ուժային կոնֆիգուրացիայի մեջ տևական ժամանակ կարող է լինել կործանումից «հինգ պակաս»՝ իր գերնպաստավոր սահմանների, վատ աշխարհագրության, սակավ բնակչության և վատ բաշխման, ԶՈւ ոչ ադեկվատ ունակությունների և Ադրբեջանի գերակա դիրքի ու ուժի վրա քաղաքականություն իրականացնելու արդյունավետ լինելու հետևանքով։ Ու դա նրանից չէ, որ ՆՓ-ն Ադրբեջանի հնարավոր մշտական ինտերվենցիայի վտանգը դարձրել է ներքաղաքական կամ արտաքին քաղաքական իր դիսկուրսների պատեհ կամ անպատեհ «հիմնավորում» ինչ-որ բան անելու կամ չանելու համար։ Նրանից չէ, որ այն ՆՓ-ի իշխանություն պահպելու և ներքին իշխանափոխություն թույլ չտալու գործիք է։ Այլ այն, որ Ադրբեջանի ՆՓ-ի Լենինյան Հայաստան ինտերվենցիա իրականացնելու ու ներքին գործերին բացահայտ խառնվելու առիթների փնտրտուքը բխում է հենց միջազգային հարաբերությունների օրենքներից և Իլհամ Ալիևի պետական շահի ընկալման շրջանակներում պետական հավակնությունների մեկնաբանությունից։

Կարճ ասած՝ նման միջավայրում, նման աշխարհաքաղաքական «պատուհանների» համատեքստում նորմալ է լինել այնպես, ինչպես Ադրբեջանն է։ Նորմալ չէ լինել այնպես, ինչպես ՆՓ-ի Լենինյան Հայաստանն է»։

Տեսանյութեր

Լրահոս