Եզրահանգումը մեկն է․ Սերժ Սարգսյան ճիշտ է. Սահմանադրությունը հնարավորություն է տալիս ԱԺ-ին՝ փոխել երկքաղաքացիներին Հայաստանում վարչապետի պաշտոնը զբաղեցնել արգելող հոդվածը. Վարդան Պողոսյան
Նախօրեին Փաստերի ստուգման հարթակը՝ Fip.am-ը, հրապարակում էր կատարել, որում անդրադարձել էր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի վերջին ճեպազրույցում արտահայտած այն մտքին, որ երկքաղաքացիության մասին սահմանադրական արգելքը պատգամավորները կարող են վերացնել: Կայքը պնդել էր՝ չեն կարող, և Սերժ Սարգսյանը սխալվում է:
«Ըստ նրա, պարզվում է՝ հնարավոր է պատգամավորների նախաձեռնությամբ ՀՀ Սահմանադրության մեջ փոփոխություն կատարել և ազատվել Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արք․ Գալստանյանին այդքան խանգարող երկքաղաքացիության արգելքից»,- գրել էր Fip.am-ն ու եզրակացրել՝ Սերժ Սարգսյանը թույլ է տվել կոպիտ սխալ՝ խոսելով Սահմանադրության այդ հոդվածի վերաբերյալ:
Թեմայի առնչությամբ 168.am-ը զրուցեց սահմանադրագետ, քաղաքագետ Վարդան Պողոսյանի հետ:
– Պարոն Պողոսյան, «Երկքաղաքացիության մասին սահմանադրական արգելքը պատգամավորները չեն կարող վերացնել. Սերժ Սարգսյանը սխալվում է»
հնչեղ վերնագրով հոդվածում Փաստերի ստուգման հարթակը պնդում է, թե
«Հայաստանի նախկին նախագահ, այժմ Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) նախագահ Սերժ Սարգսյանը, մայիսի 31-ին դատական նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում խոսելով Սահմանադրության մի հոդվածի մասին, թույլ է տվել կոպիտ սխալ»։ Արդյո՞ք արդպես է։
– Իրականում կոպիտ սխալ է թույլ տվել հենց Փաստերի ստուգման հարթակի փորձագետը, ընդ որում, այնպիսին, որ խորը կասկածներ է հարուցում՝ կա՛մ նրա մասնագիտական ունակությունների, կա՛մ Փաստերի ստուգման հարթակի անաչառության վերաբերյալ։
Հայտնի է, որ 2015 թ. խմբագրությամբ Սահմանադրությունը սահմանադրական փոփոխությունների խնդրում որդեգրել է տարբերակված մոտեցում: Սահմանադրական կարգի հիմունքների, մարդու իրավունքների և ազատությունների և առանցքային նշանակություն ունեցող այլ դրույթների փոփոխությունը, ըստ Սահմանադրության 202-րդ հոդվածի 1-ին մասի, կարող է կատարվել բացառապես հանրաքվեի միջոցով:
Ինչ վերաբերում է Սահմանադրության մյուս հոդվածներում փոփոխություններին, ապա դրանք ընդունվում են Ազգային ժողովի կողմից` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով:
Իր ճեպազրույցում Սերժ Սարգսյանը, անդրադառնալով վարչապետին ներկայացվող սահմանադրական պահանջների խնդրին, ասել է, որ «Սահմանադրությունը հնարավորություն է տալիս խորհրդարանի 2/3-ով փոխել այն կետը, որն արգելում է երկքաղաքացիներին Հայաստանում զբաղեցնել բարձրագույն պաշտոններ»։
Կառավարության անդամներին, ներառյալ՝ վարչապետին ներկայացվող պահանջների վերաբերյալ Սահմանադրության 148-րդ հոդվածի առաջին մասը սահմանում է, որ «Կառավարության անդամը պետք է բավարարի պատգամավորին ներկայացվող պահանջները»։ Պատգամավորին ներկայացվող պահանջները, իրենց հերթին, սահմանված են Սահմանադրության 2-րդ գլխում, 48-րդ հոդվածում, և, իսկապես, կարող են փոփոխվել միայն հանրաքվեի միջոցով (ըստ Սահմանադրության 202-րդ հոդվածի 1-ին նախադասության, բայց ոչ 203-րդ հոդվածի, ինչպես պնդում է հոդվածագիրը)։ Բայց 48-րդ հոդվածում խոսքը գնում է միայն պատգամավորին ներկայացվող պահանջների մասին։ Կառավարության անդամներին ներկայացվող պահանջների վերաբերյալ նորմը, որը զետեղված է Սահմանադրության 6-րդ գլխում, կարող է փոփոխության ենթարկվել Ազգային ժողովի կողմից։ Ըստ Սահմանադրության 202-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին նախադասության «Բացառությամբ սույն հոդվածի 1-ին մասում նշված հոդվածների, Սահմանադրության մյուս հոդվածներում փոփոխություններն ընդունում է Ազգային ժողովը` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով»:
Բավարար է միայն կարդալ 202-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին նախադասությունը, որպեսզի պարզ լինի, որ Սահմանադրության 148-րդ հոդվածը ներառված չէ միայն հանրաքվեով փոփոխության ենթակա հոդվածների շարքում։
Եզրահանգումը մեկն է․ Սերժ Սարգսյան ճիշտ է, Սահմանադրությունը հնարավորություն է տալիս Ազգային ժողովին՝ փոխելու Սահմանադրության 148-րդ հոդվածը, որն արգելում է երկքաղաքացիներին Հայաստանում զբաղեցնել վարչապետի պաշտոն։
Հ.Գ. Ի դեպ, նյութը պատրաստ էր հրապարակման, երբ հայտնաբերեցինք, որ այն հեռացված է Fip.am-ից:
Վերը բերված լուսանկարը, սակայն, փաստում է՝ Ֆեյսբուքը որոշակիորեն պահպանել էր հրապարակման հիմնական մտքերը: