«Սևան» ազգային պարկի» նախկին տնօրենը դատապարտվեց ազատազրկման
«Սևան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության նախկին տնօրեն Գագիկ Մարտիրոսյանը դատապարտվել է ազատազրկման՝ մեղավոր ճանաչվելով պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։
Գ.Մարտիրոսյանը բացի տնօրեն լինելուց, նախկինում եղել է նաև ՊՈԱԿ-ի հողամասերի վարձակալության ու կառուցապատման մրցութային հանձնաժողովի նախագահ և նախաքննությամբ պարզվել է, որ ազգային պարկի հողամասերի վարձակալության և կառուցապատման համար հայտարարված մրցույթին մասնակցելու հայտերում և մրցույթի արդյունքներով կազմված արձանագրություններում ակնհայտ կեղծ տեղեկություններ մտցնելով` հաղթող են ճանաչել նախապես որոշված և մինչ այդ տարածքներն ապօրինի փաստացի զբաղեցնող ֆիզիկական և իրավաբանական անձանց:
Այսպես, Գագիկ Մարտիրոսյան չի կատարել ծառայողական պարտականությունները, այն է` ՀՀ կառավարության 2001 թվականի ապրիլին 12-ի որոշմամբ սահմանված պետական սեփականություն հանդիսացող հողամասերի վարձակալության կամ կառուցապատման իրավունքի տրամադրման համար նախատեսված մրցույթի անցկացման կարգը, «Հրապարակային սակարկությունների» մասին ՀՀ օրենքի և ՀՀ հողային օրենսգրքի պահանջների կոպիտ խախտմամբ, իր պաշտոնեական դիրքի օգտագործմամբ ապօրինի հանձնարարել է պաշտոնեական փաստաթղթերում` հողամասերի վարձակալության և (կամ) կառուցապատման նպատակով հայտարարված մրցույթներին մասնակցելու հայտերում ու մրցույթի արդյունքներով կազմված արձանագություններում ներառել ակնհայտ կեղծ տեղեկություններ, ինչի արդյունքում հաղթող է ճանաչել իր կողմից նախապես որոշված` հիմնականում մինչ այդ տվյալ հողամասերն ապօրինի փաստացի զբաղեցնող ֆիզիկական և իրավաբանական անձանց։ Ապօրինի կնքված պայմանագրերի հիման վրա վերջիններս «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի հողատարածքների նկատմամբ ապօրինաբար ձեռք են բերել վարձակալության և (կամ) կառուցապատման իրավունքներ եւ ստացել իրավունքի պետական գրանցման վկայականներ:
Բացի նշված ապօրինություններից, պարզվում է, որ Գագիկ Մարտիրոսյանն ունեցել է նաեւ անձնական շահագրգռվածություն։ Իհարկե, դժվար է հավատալ, որ ֆիզիկական ու իրավաբանական անձանց օգտին կեղծիքներ է կատարել սիրուն աչքերի համար եւ չի ունեցել նյութական շահագրգռվածություն, բայց այս մասին քրեական գործում խոսք չկա։ Փոխարենը պարզվել է, որ նա անձամբ 2002 թվականի օգոստոսի 15-ին որպես ֆիզիկական անձ ՀՀ պետական գույքի կառավարման նախարարության հետ կնքված պետական գույքի օտարման պայմանագրով սեփականության իրավունք է ձեռք բերել Սևան–Ճամբարակ ճանապարահատվածում գտնվող հանգստյան տան նկատմամբ ։ Հանգստյան տանը կից եղել է նաեւ 5.96 հա հողամաս, որը Գ.Մարտիրոսյանը որպես ֆիզիկական անձ տնօրինել է առանց պայմանագիր ունենալու։ Այսինքն, Գ.Մարտիրոսյանը, օգտագործելով «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենի իր պաշտոնեական լիազորություններն ծառայության շահերին հակառակ, որպես ֆիզիկական անձ «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի հետ չի կնքել վերոհիշյալ հանգստյան տանը կից 5.96 հա հողամասի վարձակալության պայմանագիր, ինչի արդյունքում չի վճարել 22.08.2002-13.05.2011 թվականների հողամասի վարձակալության 3909645 դրամ վճարը:
Գագիկ Մարտիրոսյանի վերընշված գործողությունների հետևանքով անզգուշությամբ ծանր հետևանքներ առաջացնող էական վնաս է պատճառվել պետության և հասարակության օրինական շահերին, ինչն արտահայտվել է «Սևան» ազգային պարկի» որպես բնության հատուկ պահպանվող օբյեկտի, հողատարածքների օգտագործման, տիրապետման, պահպանման, վերականգնման ու վերարտադության ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգի տևական և կոպիտ խախտումներով, գույքային վնաս պատճառելով:
Գ.Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի երկու հոդվածով՝ 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 314-րդ հոդվածով:
Գործը դատարանում քննվել է արագացված դատաքննության կարգով՝ ամբաստանյալի միջնորդության հիման վրա՝ Գ. Մարտիրոսյանը հայտարարել էր, որ համաձայն է առաջադրված մեղադրանքի հետ և որ իրեն լիովին մեղավոր է ճանաչում առաջադրված մեղադրանքում:
Դատարանը գտել է, որ ամբաստանյալ Գագիկ Մարտիրոսյանի արարքը ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի 2-րդ մասով և 314 հոդվածով ճիշտ է որակվել, և նա ենթակա է քրեական պատասխանատվության ու պատժի, բայց մասամբ կիրառվել է համաներում: Այսպես, ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածով պատիժ սահմանելիս դատարանը հաշվի է առել այն հանգամանքը,որ ամբաստանյալ Մարտիրոսյանի կողմից այդ հոդվածով նախատեսված հանցավոր արարքը կատարվել է 2004-2008 թվականների ընթացքում,ուստի նրա նկատմամբ համապատասխան պետք է պատիժ սահմանվի հանցագործության կատարման ժամանակ գործող քրեական օրենքով,այսինքն մինչև 23.05.2011 թվականը կատարված օրենսդրական փոփոխությունը գործող ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված սանկցիայի սահմաններում՝ այն է ազատազրկում առավելագույնը երկու տարի ժամկետով, քանի որ նշված հոդվածում կատարված օրենսդրական փոփոխությամբ,օրենսդրի կողմից նշված հոդվածով որպես պատիժ է սահմանվել ազատազրկում առավելագույնը չորս տարի ժամկետով,այսինքն ընդունվել է անձի վիճակը վատթարացնող օրենք,որը համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 13-րդ հոդվածի պահանջների հետադարձ ուժ չունի։
Դատարանը միաժամանակ գտել է, որ նշված պայմաններում ամբաստանյալ Գագիկ Մարտիրոսյանի նկատմամբ որպես պատիժ պետք է նշանակվի ազատազրկում՝ զրկելով որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից, որը կարող է ապահովել պատժի նպատակները՝ վերականգնել սոցիալական արդարությունը, ուղղել պատժի ենթարկված անձին և կանխել հանցագործությունները, հաշվի առնելով նաև 2009 թվականի հունիսի 19-ի «Համաներում հայտարարելու մասին» Ազգային ժողովի կողմից ընդունված որոշման պահանջները, քանի որ ամբաստանյալ Մարտիրոսյանը հանցանքը կատարել է մինչև 2009 թվականի հունիսի 1-ը ընկած ժամանակահատվածում։
Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Սամվել Ասատրյանի նախագահությամբ, Մարտիրոսյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի 2-րդ մասով՝ Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր եւ դատապարտել երեքուկես տարվա ազատազրկման: Միաժամանակ համաներման կիրառմամբ նշանակված պատիժը կրճատվել է մեկ երրորդով։ Հաշվարկը պետք է կատարվի ՀՀ ԱՆ համապատասխան քրեակատարողական հիմնարկում։
Դատավճռով նա զրկվել է նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, կազմակերպություններում որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից՝ 2 տարի ժամկետով։
Դատավճռով բավարարվել է ՀՀ Գլխավոր դատախազության կողմից ներկայացված քաղաքացիական հայցը՝ Գագիկ Մարտիրոսյանից հօգուտ պետական բյուջեի 3909645 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին:
Սոնա Մաշուրյան