Շարժումը պետք է հաղթանակ տանի ոչ միայն փողոցում, այլև ներկուլիսային մակարդակում.  մարդը, որն այսօր գիտակցաբար պատասխանատվություն կստանձնի՝ մահապարտ է. Հրաչյա Խաչատրյան

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը բարձր տեխնոլոգիաների ոլորտի ինժեներ, հրապարակախոս Հրաչյա Խաչատրյանն է։

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

  • Թեև իշխանություններն ամեն կերպ փորձում են իրենց պառակտող օրակարգն առաջ տանել, սակայն այսօր հրապարակում ստացվում է օրակարգ փոխել: Բագրատ սրբազանն ասում է, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը համերաշխություն հաստատելու փորձ է, մի բան, որ մեզ բոլորիս այսօր պետք է։ Շատ կարևոր է, որ մենք վերջապես իշխանությունների պառակտող օրակարգից կարողանանք  ազատվել, հասարակությանը հաշտության տանել։ Բայց դա մեկ-երկու օրվա գործ չէ, այս հարցում շատ կարևոր է շարժման ներառականությունը։ Պետք է այս գործընթացի մեջ ներառված լինել տարբեր ձևերով, պետք է ճանաչել դերակատարներին և տեղում ստանալ հարցերի պատասխաններ։ Վստահեցնում եմ, որ գործընթացի մեջ ներառվելով՝ ամեն ինչ շատ ավելի լավ է երևում։
  • Արագ լուծումներ չի կարելի ակնկալել այս գործընթացում։ Մեր առջև կանգնած են ոչ միայն գործող իշխանությունները, այլև շատ ավելի խոշոր՝ արտաքին խաղացողներ։
  • Տեղեկատվական, բարձր տեխնոլոգիաների ոլորտի մասնագետները չեն մասնակցում իշխանություններին բերելու գործընթացներին, իսկ 2018-ին մի քանի օր փողոց դուրս գալը դեռևս գործընթացների մասնակցել չի նշանակում, ինչպես իրենցից շատերը ներկայացնում են։ 2018-ի այդ գործընթացը տարիներով նախապատրաստված էր: Ձեզ թվում է՝ դո՞ւք եք բերել այս իշխանություններին, ոչ, իհարկե, այդպես չէ։ Եվ հենց դրա համար է կարևոր, որպեսզի հենց սկզբից՝ հենց այսօր այդ մարդիկ ներգրավվեն պրոցեսներին։

Ընթերցողին հիշեցնենք, 2024 թվականի պետական բյուջեից Կառավարությունը հերթական անգամ աջակցություն կտրամադրի 55 ՏՏ ընկերություններին. այս անգամ՝ 5 միլիարդ դրամի չափով։ 2025 թվականի բյուջեով ՏՏ ընկերությունների համար նախատեսված է 2 միլիարդ դրամ աջակցություն։

Կարդացեք նաև

Նշենք, որ այս գումարը տրամադրվում է այն պայմաններում, երբ հայտնի չէ, թե նախորդ անգամ տրամադրված գումարը ՏՏ ընկերություններն ինչ նպատակներով են ծախսել և ինչ հավելյալ արժեք են ստեղծել։ Հիշեցնենք նաև, որ «Հետք»-ն ամիսներ առաջ հետաքննություն էր արել Տեղեկատվական տեխնոլոգիաների ընկերություններին տրամադրվող պետական աջակցությունների մասին և պարզել, որ պետբյուջեից 10 մլրդ դրամ պետական աջակցություն տրամադրվել էր տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտի այնպիսի ընկերությունների, որոնցից 14-ի գործունեությունը ժամանակավոր դադարեցվել էր, 4-ը լուծարման գործընթացում էին եղել։ Ավելին, ԲՏԱ նախարարության հետ պայմանագիր էին կնքել ու օգնություն ստացել ընկերություններ, որոնք գումարը ստանալու պահին համարվել էին լուծարված։ Իսկ 8 ընկերություն էլ պատկանել էին օտարերկրյա քաղաքացիների կամ կազմակերպությունների։

  • Կա օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառ, թե ինչու այդ ոլորտի ներկայացուցիչները չեն մասնակցում նման գործընթացներին։ Սուբյեկտիվ պատճառն այն է, որ մարդկանց զանգված կա, որոնք իրենց Հայաստանի մաս չեն համարում։ Օբյեկտիվ պատճառն էլ այն է, որ մեր հասարակության զգալի մասը՝ 90 տոկոսը, անցկացնում է վիրտուալ աշխարհում և ապրում է այդ աշխարհում, հենց այդ պատճառով, երբ մի պահ դուրս են գալիս այդ աշխարհից և Հայաստանում տեղի ունեցողի մասին որոշ տեղեկություններ են կարդում,  ընկալում  է առաջանում, որ տեղի ունեցողը պարզապես  ներքաղաքական պայքար է։ Մի մասն էլ կարծում է, որ սա Արևմուտքի և Ռուսաստանի կռիվ է: Բայց իրականությունն այն է, որ  այդ կռվի մեջ, այս իշխանությունների գործունեության պատճառով,  Հայաստանի կարծիքը հարցնող չկա։ Դրա համար մարդիկ պետք է վիրտուալ աշխարհից դուրս գան ու ներգրավվեն այս պայքարում:  Եթե ուզում ենք ստանալ այնպիսի  Հայաստան, որի կարծիքը հարցնում են, պետք է պայքարենք։ Եթե չմասնակցեն՝ դա չի լինի։

  • Հավատացեք նրանց, ովքեր իրենց կյանքը կապում են էս հողի հետ, ովքեր քաղաքական կամք են դրևորում էս հողը պահելու համար:
  • Եթե ՀայԹեք ոլորտի մարդիկ, ովքեր հետաքրքրված են Հայաստանի ապագայով, ներգրավվեն այս գործընթացում, կկարողանան հասկանալ՝ այս իշխանությունները Ռուսաստանի դե՞մ եմ, թե՞ Ռուսաստանի հետ են աշխատում։ Ցավոք, ՀայԹեք ոլորտի մարդիկ ուրիշ տեղ են ապրում, Հայաստանում չեն։ 
  • Ոմանք այս շարժման մասին խոսելիս մի բառ են շրջանառում՝ աթոռակռիվ: Հիմա ի՞նչ աթոռակռվի մասին կարող է խոսք լինել. աթոռակռիվ կարող էր լինել 2018 թվականին, երբ երկիրն անվտանգ վիճակում էր, դրսից էլ գումարներ կային, տնտեսություն կար երկրում… 
  • Այսօրվա իշխանություններն իրենց անձնական շահերը սպասարկելու համար են մնում և բաց չեն թողնում աթոռը։
  • Այսօրվա Հայաստանը 2018-ի վիճակում չէ։ Եթե ցանկացած ինտելեկտուալ մարդ գա ու ստանձնի վարչապետի պաշտոնը, կտեսնի, որ մարտահրավերներն այնքան շատ են, որ մեկ մարդը չի կարող լուծել: Այն մարդը, որը գիտակցաբար պատասխանատվություն կստանձնի, ինչպես Բագրատ սրբազանն է ասել՝ մահապարտ պետք է լինի։  Պրոֆեսիոնալների թիմ պետք է լինի: Մարդիկ սպասում են այն մարդուն, որը կստանձնի վարչապետի պաշտոնը, բայց հանրությունն էլ պետք է պատրաստ լինի ընդունելու այդ մարդուն:  
  • Դեռ շուտ է վարչապետի թեկնածուի հարցը քննարկել, շարժումը պետք է հաղթանակ տանի ոչ միայն փողոցում, այլ նաև ներկուլիսային մակարդակում։ Որոշումն էլ պետք է լինի խմբային։
  • Մեզ այս պահի դրությամբ պետք են բոլոր այն պրոֆեսիոնալները, որոնք կկարողանան վերլուծել մարտահրավերները, մարդ, որ կկարողանա բոլոր պրոֆեսիոնալներին իրար գլխի հավաքել։
  • Վարչապետի թեկնածուի հարցում կան տարբեր մոտեցումներ. մարդիկ կան, որ Բագրատ սրբազանի թեկնածությունը կապում են թեոկրատիայի հետ, մարդիկ էլ կան, որոնք պահանջում են աշխարհիկ պրոֆեսիոնալ մարդ։ 
  • Փաստն այն է, որ այսօր Հայաստանում միանձնյա կառավարում է, և ցանկացած պրոֆեսիոնալ մոտեցում իշխանությունները հավասարեցնում են զրոյի։
  • Շարժումը դեռ իր էմբրիոնային փուլում է, դեռ պետք համերաշխանանք, իր հետ ճանապարհ անցնենք իշխանությունների դեմ պայքարում, դրանից հետո կերևա՝ ով ով է։
  • Այս մի քանի օրվա ընթացքում Հանրապետության հրապարակում կարևոր փոփոխություն է երևում, մարդիկ գալիս են հրապարակ և իրար հարցեր են տալիս։ Դեռևս դժվար է այդ հարցերի պատասխանները ստանալ, բայց կարևոր է, որ հրապարակ եկած մարդկանց մոտ կուտակված հարցերը պոռթկում են, և դա շատ կարևոր փոփոխություն է։ Մարդիկ պետք է հասկանան, որ մենք չենք կարող և իրավունք չունենք հիասթափվելու, պետք է զինվենք համբերությամբ և միմյանց հետ աշխատելով՝ հասնենք հաշտության ձևավորման ավարտին։
  • Իշխանության գալուց հետո կառավարող այս խումբը հասարակության մեջ հակասություններ առաջացնելով են խաղում, իրենց հարցերը լուծում, իրենց արածների մեղքը գցում են ուրիշների վրա և դրանով իրենց օրակարգն են թելադրում: Այդ իսկ պատճառով հակառակ կողմը պետք է ինքն իր օրակարգը ստեղծի:

  • Իշխանությունների մեղադրանքները բացառապես սև փիառ անելու  և հակաքարոզչություն անելու համար է։ 
  • Արևմուտքն իրենց համար ուրիշ ժողովրդավարություն է պահում, իսկ մեզ ուրիշ բան է առաջարկում։ Իրենք մեզ «տվեցին» ժողովրդավարություն, բայց բանալին չտվեցին, այդ բանալին հենց տեխնոլոգիաներն են։ Ժողովուրդը չգիտի, թե այդ ժողովրդավարությունը ոնց օգտագործի։ Ժողովուրդը չի տիրապետում այդ գործիքներին, դրա համար ինքը չի կարող իրացնել ժողովրդավարությունը։ Այսօրվա աշխարհում իշխանություն կրող ժողովուրդը պետք է տիրապետի ժողովրդավարության գործիքներին, որովհետև ով տիրապետում է այդ գործիքներին, նա էլ հաղթում է։ Բագրատ սրբազանը տիրապետում է, հակառակ դեպքում չէր հասնի հոգևորականի այդ բարձր կարգին։
  • Համոզված եմ, մեզ պետք է ազգային՝ հարուստ ինստիտուտներով կայացած ժողովրդավարություն։ Հայաստանի մարտահրավերներն ուրիշ են, և ազգային պետություն ունենալը մեզ պարզապես պարտադրված է։
  • Եթե մենք արագ հաղթենք՝ կարող է իրականությունը կորցնենք ու պատրաստ չլինենք հետագա մարտահրավերներին, իսկ եթե երկարեց շարժումը, և մենք հիասթափվենք, նշանակում է՝ մենք պատրաստ չէինք: Մեր նպատակը պետք է հեռահար լինի:

Մանրամասները՝ տեսանյութում.

Տեսանյութեր

Լրահոս