Եթե Ադրբեջանը պատերազմ սկսի, ՀՀ իշխանությունն ո՞ւմ է զանգահարելու, ո՞վ է զսպելու Ադրբեջանին. Տաթևիկ Հայրապետյանը՝ առանց միջնորդի բանակցությունների մասին

Մայիսի 6-ին ՀՀ ԱԳՆ խոսնակը տեղեկացրել էր, որ մայիսի 10-ին Ղազախստանում՝ Ալմաթիում տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը։

«Նախապես ձեռք բերված պայմանավորվածություններին համապատասխան՝ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների բանակցությունները կանցկացվեն մայիսի 10-ին Ալմաթիում (Ղազախստան)»,- ասել էր ԱԳ խոսնակ Անի Բադալյանը։

Այս հանդիպման մասին Ղազախստանի նախագահը հայտարարել էր ապրիլի 15-ին Հայաստան կատարած այցի ժամանակ, ասելով, որ Ղազախստանը կարող է հարթակ տրամադրել Հայաստանին ու Ադրբեջանին երկխոսության համար։ Երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարների վերջին հանդիպումը տեղի է ունեցել փետրվարի վերջին Գերմանիայում՝ մայրաքաղաք Բեռլինում։

Ի՞նչ սպասել Միրզոյան-Բայրամով հանդիպումից, ի՞նչ կարող են տալ հայկական կողմին այս՝ առանց միջնորդների հանդիպումները։

Կարդացեք նաև

168.am-ի հետ զրույցում Ադրբեջանի հարցերով փորձագետ Տաթևիկ Հայրապետյանը մինչ այս հարցերին պատասխանելը, նախ մատնանշեց ՀՀ և Հունգարիայի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսում Արարատ Միրզոյանի հնչեցրած մտքերը, շեշտելով՝ այսօր Հայաստանի արտգործնախարարությունն իր քաղաքականության մեջ նշում է, որ Ադրբեջանի ուժի, ուժի սպառնալիքի հիմքով ձևավորված իրողությունները ձեռքբերումներ են։

«Ու միասին իբրև համաձայնեցնելով կետերը՝ գնում են խաղաղության պայմանագրի ստորագրմանը, մինչդեռ այն բոլոր կետերը, որոնք իրենք ժամանակին նշել են և որոնք կոչել են «կարմիր գիծ», Ադրբեջանը դրանք օրակարգից դուրս է բերել պատերազմով։ Ի՞նչ ձեռքբերման մասին կարող է խոսք լինել, երբ ռազմական գործողություններով, բլոկադայով ու այլ մեթոդներով Ադրբեջանը ստիպել է 120 հազարից ավելի հայերի լքել իր տունը, իսկ Արարատ Միրզոյանը սա համարում է  ձեռքբերում խաղաղության պայմանագրի կնքման ճանապարհին։ Այսինքն՝ ՀՀ իշխանությունն այսօր միջազգային հարթակներում զբաղված է Ադրբեջանի ագրեսիան ոչ միայն՝ արդարացնելով, հետագայում՝ նաև ագրեսիվ քայլերը կոծկելով ու դրա միջոցով Ադրբեջանի առաջ կանաչ լույս են վառել։ Սրանից լավ նվեր Ադրբեջանը չէր կարող ունենալ»,- նշեց Տաթևիկ Հայրապետյանը։

Անդրադառնալով Միրզոյան-Բայրամով առաջիկա հանդիպմանը, Տաթևիկ Հայրապետյանն ասաց՝ Ադրբեջանը կրկին գործում է խորամանկորեն, չգնաց արևմտյան հարթակներ, որտեղ ենթադրվում էր, որ պաշտոնապես պետք է ճանաչի ՀՀ տարածքային ամբողջականությունը, նաև հետագայում հնարավոր կլիներ սահմանազատման գործընթացի շուրջ կոմպրոմիսների հասնել քարտեզների շուրջ։

«Այդ օրակարգից խուսափելու համար, Ադրբեջանը չգնաց արևմտյան հարթակներ, իսկ հայկական կողմն էլ մերժում է ռուսական հարթակներում հնարավոր խոսակցությունը և արդյունքում՝ շրջանառության մեջ մտավ Ղազախստանի կողմից երկխոսության համար հարթակ տրամադրելու խոսակցությունը։ Եթե հիշում եք՝ Ղազախստանի նախագահ Տոկաևը սկզբում եղավ Ադրբեջանում, բազմաթիվ պայմանավորվածություններ ձեռք բերեցին, հետո հանդիպումներ եղան Երևանում և կայացվեց այդ որոշումը»,- ընդգծեց փորձագետը։

Տաթևիկ Հայրապետյանը նաև ասաց, որ Ադրբեջանը բաց տեքստով հայտարարել է, որ Ղազախստանը միջնորդ չէ, պարզապես հարթակ է տրամադրել, իսկ այդ հարթակն ինքնին թուրքական է։

«Այսինքն՝ չգնացին արևմտյան հարթակներ, խոսակցություն չեղավ ռուսական հարթակներում, փոխարենն ընտրվեց թուրքական հարթակը՝ որպես հետագա բանակցությունների ձևաչափ»,- հավելեց մեր զրուցակիցը։

Տաթևիկ Հայրապետյանն այդ հանդիպումից որևէ դրական ակնկալիքներ չունի, քանի որ Ադրբեջանն այսօր ուժով ու ուժի սպառնալիքով հարցեր է լուծում, իսկ ՀՀ իշխանությունը տալիս է դրա քաղաքական ամրագրումը։

«Ադրբեջանն իրականացրեց մի քայլ, որի վերաբերյալ ամիսներ շարունակ խոսել եմ, ասել եմ՝ եթե Հայաստանը գնա Ադրբեջանի հետ երկխոսության ու դուրս թողնի միջնորդներին, հետո Հայաստանը որևէ մեկից ոչինչ չի կարող պահանջել։ Եթե Ադրբեջանը պատերազմ սկսի, ՀՀ իշխանությունն ո՞ւմ է զանգահարելու, ո՞վ է զսպելու Ադրբեջանին։ Այս ամբողջ գործընթացը բխում է բացառապես Ադրբեջանի շահերից։ Այսօր ՀՀ իշխանությունները հղում են անում Ալմա Աթայի հռչակագրին, ասում են՝ դրանով են սահմանազատում անում ու դա համարում են ձեռքբերում, սա ձեռառնոցի է, Ալմա Աթայի հռչակագիրը քարտեզ չէ։ Ադրբեջանի զորքը որևէ կետից հետ չի քաշվելու, ու ՀՀ իշխանությունը սա հոյակապ գիտի»,- եզրափակեց Տաթևիկ Հայրապետյանը։

Տեսանյութեր

Լրահոս