Հանդուրժելիս չանիծես

Երբ հանրային-քաղաքական քննարկումներում հնչում է գնահատական, որ հասարակությունը հանդուրժում է գործող իշխանությանը՝ չնայած բոլոր ապօրինություններին, պետության դեմ ուղղված քայլերին, և այլն, և այլն, շատ-շատերը, առաջին հերթին՝ իրականում հանդուրժողները, այդ գնահատականում չեն գտնում իրենց։

Մարդկանց մեծ մասին թվում է, թե հանդուրժողականության հակառակը ոչ թե չհանդուրժումն է, այլ ուղղակի իշխանությանը հարմար պահի ու անշառ վայրում հայհոյելը, լավագույն դեպքում՝ այլ հայհոյողի սոցցանցային գրությունները հավանելը։ Ահա այդպես մտածողներից յուրաքանչյուրը՝ անհատապես, և բոլորը՝ հավաքականորեն, հանապազօրյա հայհոյանքը հնչեցնելուց և լայքի կոճակը սեղմելուց հետո չհանդուրժման իր հասանելիքը համարում է կատարված ու շարունակում փնտրել հանդուրժողներին։ Սա լավագույն դեպքում՝ մոլորություն է, իրականում՝ խաբեություն։

Իշխանությունը բազմաշերտ, բազմամակարդակ, բազմամասնակից հասկացություն է, և Նիկոլ Փաշինյանը միայն դրա երևացող մասն է։ Պետության դեմ նրա բոլոր գործողությունները՝ սկսած սահմանային գյուղերի՝ ադրբեջանցիներին հանձնումից, մինչև դրա դեմ պայքարող գյուղացիներին՝ ասֆալտին հանձնում, Փաշինյանը կատարում է տասնյակ պաշտոնյաների, նրանց հարյուրավոր ստորադասների և հազարավոր շարքային ոստիկանների ու զանազան գույներով բերետավորների միջոցով։ Դա ոչ թե անանուն ու անդեմ զանգված է, այլ հստակ անուն-ազգանուններ, դեմքեր, սանրվածք, հասցե ունեցող մարդկանցից կազմված հավաքականություն։

Հետևաբար՝ հանդուրժել իշխանությանը՝ նշանակում է ոչ միայն, իսկ երբեմն՝ ոչ այնքան հանդուրժել Նիկոլ Փաշինյանին կամ Ալեն Սիմոնյանին (և այլն), այլ հանդուրժել նաև նրանց սպասարկողներին՝ պատգամավորներից մինչև նախարարներ, ոստիկանության հրամանատարներից մինչև շարքային անդեմ, բայց այդուհանդերձ դեմք ունեցող ծառայողներ։ Բոլոր այդ մարդիկ նույնականացված են՝ պատգամավորների դեմքերը տեսանելի են բոլոր հարթակներում, սահմանազատումն, օրինակ, իրականացվում է արտաքուստ քաղաքավարի (Գագիկ Մելքոնյանի համեմատությամբ) Մհեր Գրիգորյանի կողմից, քաղաքացիների դեմ բռնություն գործադրող ոստիկաններից մեծ մասի դեմքերը նույնականացված են գրեթե բոլոր լրատվամիջոցների ուղիղ եթերներում, և այդպես շարունակ։

Կարդացեք նաև

Բոլոր այդ մարդիկ, աշխատանքային ժամին կատարելով իրենց հանապազօրյա ստորաքարշությունը, գործից ազատ ժամերին ապրում են իրենց կյանքով՝ տուն են վերադառնում ու հյուր են գնում, զբոսնում են քաղաքում, ժամանակ են անցկացնում ռեստորաններում ու սրճարաններում, և այդպես շարունակ։

Մեր հասարակությունը, ահա, ամբողջությամբ հանդուրժում է այդ մարդկանց՝ անհատապես, եթե անգամ ամենավերջին հայհոյանքներն է հղում իշխանությանը՝ հավաքականորեն։ Սոցցանցային այս օրերում, երբ վայրկյաններ անց ամեն մի շրշյուն դառնում է հանրային սեփականություն, մենք չենք կարդացել որևէ գրառում  այն մասին, որ, ասենք, վարսավիրը հրաժարվել է սպասարկել ՔՊ-ական որևէ ուսապարկի՝ ի նշան իր անհամերաշխության իշխանության կողմից վարվող հակապետական քաղաքականությանը։ Մենք չենք տեսել նաև որևէ տեսանյութ այն մասին, ինչպես է սրճարանում մատուցողը քաղաքավարի կերպով հրաժարվում սպասարկել պայմանական Մհեր Գրիգորյանին՝ ցույց տալով իր վերաբերմունքը նրա կողմից իրականացվող հակապետական գործունեությանը։

Մենք ոչ միայն որևէ ստույգ տեղեկություն չենք կարդացել, այլ անգամ բամբասանք չենք լսել այն մասին, որ կամայական մի աներձագ հրաժարվել է չալաղաջի կտորը հյուրասիրել իր փեսային, որը, ինչպես երևացել է տեսանյութերում, որպես սև բերետավոր՝ անասնաբար է վարվել քաղաքացիների հետ։ Նման չարձանագրված օրինակների շարքը կարելի է երկար շարունակել, բայց դրանից խնդրի էությունը չի փոխվում։

Իսկ խնդիրն այն է, որ մենք՝ որպես հասարակություն, չունենք հանրային պարսավանքի, համայնքային մերժման ներքին մեխանիզմներ, չգրված օրենքներ, որոնցով հակապետականությունը՝ անկախ դրսևորման քաղաքավարի կամ կենդանական ձևերից, կհամարվեր պախարակելի և այդ այլանդակությանը սպասարկողը գոնե կզգուշանար հանրային վերաբերմունքից։

Իսկ նման մեխանիզմներ չունենք ոչ թե այն պատճառով, որ որևէ արևմտյան կազմակերպություն դրա ներդրման համար գրանտ չի տվել, այլ որովհետև այդպիսի մեխանիզմով ապրելը շահավետ չէ անշառ վայրում հայհոյողների մեծամասնության համար։ Քաղաքացուն սամասուդ անող ոստիկան հարևանը մի օր կարող է պետք գալ՝ քաղմասից տեղեկանք ստանալիս, եթերից վայրահաչող պատգամավորը՝ երեխային գործի տեղավորելիս, ավելի բարձրաստիճան պաշտոնյային ուղղված գլխահակ բարևը՝ ավելի կարևոր հարցեր լուծելիս…

Ամոթը՝ ամենապարզ, մարդկային ամոթը հանրային բարոյականության ու առողջության կարևորագույն նախապայմաններից է։ Հիմա մենք ապրում ենք անամոթ ժամանակներում, անամոթ երկրում ու անամոթ հասարակությունում՝ անբարոյականության հանդուրժումը ներկայացնելով որպես քաղաքավարություն, անբարոյականության հանդուրժումը՝ որպես հաշվենկատություն, հակապետականության հետ հաշտությունը՝ որպես հարմարվողականության նշան։

Այս ընթացքը շարունակվելու է այնքան ժամանակ, քանի դեռ չի գտնվել բորենի ոստիկանի երեսին թքող հարևան ու ստորաքարշ պաշտոնյայի առաջ դուռը չբացող բաջանաղ։

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս