Տավուշի մարզպետը հացի սեղանի շուրջ փորձել է լվանալ գյուղացիների գլուխները. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն օրերս խնջույք է կազմակերպել Կիրանց գյուղի հարեւան Աճարկուտ համայնքում եւ հացի սեղանի շուրջ փորձել է գյուղացիների գլուխները լվանալ, որ չմիանան Տավուշի համար պայքարին։ Իսկ տավուշցիները փակ են պահում միջպետական ճանապարհի Կիրանցի հատվածը՝ փորձելով կանխել հողերի հանձնման ծրագիրը։
Քանի որ Ղալումյան եղբայրները եւ տավուշցի ՆԳ նախարար Վահե Ղազարյանը հեղինակություն են վայելում իրենց մարզում, Փաշինյանը որոշել է օգտվել դրանից եւ ծառայեցնել իր ծրագրի իրագործմանը։ Եվ նրանք կաշվից դուրս են գալիս, որ ծառայեն ու գոհացնեն Փաշինյանին․ մեծ գումարներ են ծախսում՝ մեկին լավություն անում, մյուսի խնդիրը լուծում, իսկ Աճարկուտի խնջույքին մարզպետն աներեւակայելի խոստումներ է տվել, թե ոչ մեկի գլխից մազ չի պակասելու։
Մինչդեռ նեղ շրջանակներում ասում են, որ իրենք կողմ չեն այս սցենարին, բայց ճար չկա։ Ինտենսիվ «աշխատում» են նաեւ Ոսկեպարի, Բաղանիսի, Կիրանցի վարչական ղեկավարների վրա, որ նրանք հետ պահեն իրենց ժողովրդին ակցիաներից: Կիրանցի վարչական ղեկավար Կամո Շահինյանն ասաց, որ «սյուները» դեռ իրենց գյուղ չեն հասել, հույս ունի՝ չեն հասնի, քանի որ մարդիկ համառ պայքար են մղում, եւ վստահեցրեց, որ իրեն ոչ մեկը չի կարող հետ պահել պայքարից»: