Հայտարարում ենք և զգուշացնում Նիկոլ Փաշինյանին․ Հայտարարություն

Հայաստանի գործող իշխանությունը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ հայտարարել է պետականավնաս և քրեորեն պատժելի հերթական գործընթացի մասին, որով Տավուշի մարզից տարածքներ են հանձնվելու Ադրբեջանին:

Աջակցություն հայտնելով միակողմանի զիջումների օրակարգի դեմ Տավուշում ձևավորվող ժողովրդային հակազդեցությանը՝ արձանագրում ենք.

1.    ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի ղեկավարած սահմանազատման հարցերով հանձնաժողովն, ըստ իր ստեղծման իրավական հիմքի խորհրդակացական մարմին է, չունի որևէ լիազորություն տալ համաձայնություն կամ կայացնել որոշում Հայաստանի Հանրապետության ինքնիշխան իրավազորության ներքո գտնվող որևէ տարածք այլ պետությանը փոխանցելու կամ Հայաստանի Հանրապետության պետական սահմանի գիծը որոշելու հարցում: Հակառակը լիազորությունների չարաշահում է և քրեորեն պատժելի արարք.

2.    Տավուշի մարզից սահմանազատման և դրա հիման վրա փաստացի սահմանագծման աշխատանքների մեկնարկման որոշումը կայացվել է ոչ միայն նման հարցերով միջազգային լավագույն փորձի լիակատար անտեսմամբ, միջազգային իրավունքով արգելված՝ ուժի սպառնալիքի կամ այն կիրառելու, Հայաստանի անվտանգությունն անտեսելու պայմաններում, այլ նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրության, այդ թվում՝ «Պետական սահմանի մասին» օրենքի կոպտագույն խախտումներով.

3.    նշված տարածքները գտնվում են Հայաստանի Հանրապետության ինքնիշխան իրավազորության ներքո, որտեղ գործում են Հայաստանի Հանրապետության օրենքները, տեղակայված են Հայաստանի զինված ուժերը, իսկ  2015 թվականի դեկտեմբերի 22-ից ուժի մեջ մտած Սահմանադրության 205-րդ հոդվածի հանաձայն՝ Հայաստանի Հանրապետության տարածքի որևէ փոփոխությանը վերաբերող հարցերը լուծվում են բացառապես  հանրաքվեի միջոցով.

4.    վերահաստատելով սահմանազատման և սահմանագծման համար անհրաժեշտ միաջավայրի բացակայության վերաբերյալ նախկինում մեր արտահայտված դիրքրոշումը, կրկին հիշեցնում ենք, որ երկու երկրների միջև սահմանազատումն ու սահմանագծումը միմյանց հաջորդող գործընթացներն են: Նախ, միջազգային իրավունքի համաձայն և փորձի հաշվառմամբ՝ երկու երկրների միջև պետք է իրականացվի սահմանի ամբողջական սահմանազատում (դելիմիտացիա), որի նկարագրությունը հաստատող փաստաթուղթը, երբ այն նախատեսում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան իրավազորության ներքո գտնվող որևէ տարածքի փոփոխություն, ենթակա է հանրաքվեով հաստատման: Վերջինիս առկայության դեպքում է միայն իրականացվում սահմանագծում (դեմարկացիա).

5.    մինչև նշված հանրաքվեով հաստատումը՝ Հայաստանի զինված ուժերը պարտավոր են կատարել Հայաստանի Հանրապետության պաշտպանության, անվտանգության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության ապահովման իրենց՝ սահմանադրական գործառույթները.

Ըստ այդմ, հայտարարում ենք և զգուշացնում Նիկոլ Փաշինյանին ու գործընթացում ներգրավված բոլոր անձանց, առանց հանրաքվեի Հայաստանի Հանրապետության ինքնիշխան իրավազորության ներքո գտնվող որևէ տարածքի փոփոխություն (փոխանցում այլ պետության) կամ այդ ուղղությամբ իրականացված որևէ գործողություն ոչ միայն առոչինչ է, այլ նաև համարվում է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգի և պետության անվտանգության դեմ ուղղված առանձնապես ծանր հանցագործություն, որը  պատժվում է ընդհուպ ցմահ ազատազրկմամբ:

ՀՅ Դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմին
22.04.2024 թ.

Տեսանյութեր

Լրահոս