ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեն ապրիլի 20-ին կայցելի Թուրքիա։
Այս մասին հայտնում է թուրքական NTV հեռուստաալիքը՝ հղում անելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։
Նշվում է, որ ՀԱՄԱՍ-ի առաջնորդին Էրդողանն ընդունելու է Ստամբուլի Դոլմաբահչե պալատում, որտեղ էլ տեղի են ունենալու բանակցությունները:
Էրդողանը խորհրդարանում ելույթի ժամանակ նշել էր, որ Պաղեստինի ղեկավարությունից հյուր է լինելու Թուրքիայում, սակայն չէր հստակեցրել, թե խոսքն ում մասին է։
Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ Եգիպտոսի արտգործնախարար Սամեհ Շուքրին այս շաբաթվա վերջին ծրագրում է այցելել Թուրքիա՝ քննարկելու պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորման հեռանկարները և երկկողմ հարաբերությունները։
Ըստ TRT հեռուստաալիքի՝ դիվանագիտական աղբյուրները նշում են, որ ծրագրվում են բանակցություններ Շուքրիի և Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի միջև։