Բաժիններ՝

Աղեստամոքսային տրակտի խնդիրներից խուսափելու համար հարկավոր է երեխայի մոտ սննդային ճիշտ կուլտուրան զարգացնել մանկուց

Շատ հաճախ երեխաների մոտ տարբեր պատճառներով կարող են լինել փորացավեր, որոնք արագ անցնում են և առանձնապես անհանգստանալու առիթ չեն տալիս: Բայց, երբեմն, ստամոքսի և փորի ցավերը լուրջ պատճառ կարող են ունենալ, այդ իսկ պատճառով ծնողները պետք է կարողանան խնդիրները տարբերակել և լինել հետևողական:

Աղեստամոքսային տրակտի խնդիրները տարբերակելու և դրանց լուծումերը գտնելու շուրջ «Արմենպրես»-ի «Հարց բժշկին» նախագծի հերթական թողարկման շրջանակում զրուցել ենք ԵՊԲՀ «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի Մանկական գաստրոէնտերոլոգիական ծառայության ղեկավար, Մանկաբուժության թիվ 1 ամբիոնի դասախոս Օլյա Ասատրյանի հետ:

Մասնագետի խոսքով՝ վերջին շրջանում առավել հաճախ դիմում են սննդային չարաշահումներից կամ որևէ ինֆեկցիայից առաջացած ստամոքսի բորբոքումներով, որոնք չեն պահանջում լուրջ հետազոտություններ, այս պարագայում կարելի է նշանակել սննդակարգ և հետևել:

«Ինչը չէի ասի, օրինակ՝ խրոնիկ գանգատներով երեխաների պարագայում, ովքեր երեք ամսից ավելի ունենում են գանգատներ, որի հիմնական հարուցիչը հելիկոբակտեր պիլորի վարակն է: Այն կարող է տարիներով մնալ օրգանիզմում և չտալ աղեստամոքսային տրակտի պաթոլոգիկ փոփոխություններ, բայց նաև լինում է հակառակը՝ որոշ փոփոխությունների ֆոնին հելիկոբակտերն ակտիվանում է՝ առաջացնելով գրգռված վիճակ»,-ասաց բժիշկ Ասատրյանը:

Նա ընդգծեց՝ վերջին շրջանում երեխաների մոտ ստամոքսաղիքային համակարգի խնդիրների պատճառ են դարձել ֆասթ ֆուդերի և գազավորված ըմպելիքների օգտագործումը: Դրանց պարբերաբար և մեծ քանակությամբ օգտագործումը կարող է հանգեցնել լուրջ խնդիրների:

Գաստրոէնտերոլոգը նշեց, որ աղեստամոքսային տրակտի խնդիրներից խուսափելու համար հարկավոր է երեխայի մոտ սննդային ճիշտ կուլտուրան զարգացնել մանկուց: Շատ կարևոր է, թե մանկական տարիքում ինչպիսի վերաբերմունք է ձևավորվում սննդի նկատմամբ և ինչպիսի ռեժիմով է երեխան սնվում ամբողջ օրվա ընթացքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս