«Աշոտյանին կալանավորելը քաղաքական հաշվեհարդարի ցցուն օրինակ է»․ ընդդիմադիր պատգամավորները երաշխավորություն են ներկայացնելու դատարան

«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորներով Արմեն Աշոտյանի գործով առաջիկա նիստին Հակակոռուպցիոն դատարանին ենք ներկայացնելու երաշխավորություն, որով կստանձնենք պարտավորություն՝ ապահովելու Աշոտյանի դատավարական պարտավորությունների պատշաճ կատարումը»,-հայտնել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը։

«Աշոտյանի՝ շուրջ 10 ամիս ձգվող կալանքը քաղաքական հաշվեհարդարի ցցուն օրինակ է։ Արմեն Աշոտյանի արդարացի ու թափանցիկ դատաքննության կոչով հանդես է եկել նաև Եվրոպայի Ժողովրդական Կուսակցությունը՝ ՀՀ իշխանություններին կոչ անելով ազատ արձակել վերջինիս։

Մենք ներկայացրել ենք երաշխավորություն, քանի որ գտնում ենք, որ կալանքը չպետք է լինի քաղաքական հաշվեհարդարի, պատժելու գործիք։ Ուստի բնական էր նաև երկու խմբակցությունների պատգամավորների արձագանքը, երբ ընդամենը երկու ամիս առաջ ցուցադրաբար կալանավորվեցին «Սիներջի» ընկերության կին աշխատակցուհիները և ԱԺ ՔՊ-ական 65 պատգամավոր ընտրողաբար անձնական երաշխավորություն ներկայացրեց վերջիններիս համար։ Իհարկե, իրավիճակն այլ կլիներ, եթե բոլորը անհանդուրժող լինեին հարյուրավոր անհիմն կալանքների դեպքում, ոչ միայն յուրայինների։

Արմեն Աշոտյանի, Մամիկոն Ասլանյանի, Նարեկ Մալյանի, Վազեն Սաղաթելյանի, Նարեկ Սամսոնյանի քաղաքական բանտարկյալ լինելու հանգամանքին չի կարող և չպետք է անտարբեր մնա մեր երկրում իրական ժողովրդավարության ձգտող որևէ քաղաքացի։

Աժ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորների երաշխավորության բավարարումը, Աշոտյանի և մյուս քաղաքական բանտարկյալների կալանքից ազատ արձակումը կմեղմի ներքին չարությունը և լարվածությունը»,- գրել է Էլինար Վարդանյանը:

Տեսանյութեր

Լրահոս