Չինաստանը հայտարարել է ծովում իր շահերը վճռականորեն պաշտպանելու պատրաստակամության մասին
ՉԺՀ-ն վճռականորեն կպաշտպանի իր օրինական իրավունքներն ու շահերը ծովում և կշարունակի արձագանքել ցանկացած սադրանքների։ Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտարարել են չինացի զինվորականները Հավայան կղզիներում ԱՄՆ-ի բանակայինների հետ բանակցությունների ժամանակ։
ԱՄՆ-ի և Չինաստանի զինվորականները հանդիպել են Հավայան կղզիներում ապրիլի 3-4-ը՝ քննարկելու օդում և ծովում անվտանգ համագործակցության հարցերը։
Ինչպես նշել են Չինաստանի պաշտպանության նախարարությունից, հանդիպման նպատակն էր նպաստել երկու երկրների զինվորականների միջև հարաբերությունների առողջ և կայուն զարգացմանը։ Հանդիպման ընթացքում կողմերը կարծիքների անկեղծ և կառուցողական փոխանակում են ունեցել Չինաստանի և ԱՄՆ-ի միջև ծովային և օդային անվտանգության ոլորտում առկա իրավիճակի շուրջ։
«Չինաստանի զինված ուժերը կշարունակեն արձագանքել բոլոր վտանգավոր և սադրիչ գործողություններին օրենքին և կանոնակարգերին համապատասխան, չինական կողմը կշարունակի խստորեն պաշտպանել իր տարածքային ինքնիշխանությունը, ծովային իրավունքներն ու շահերը և պաշտպանել տարածաշրջանային խաղաղությունը, կայունությունն ու բարգավաճումը»,- ասված է Չինաստանի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ։
ՉԺՀ-ի զինվորականները նաև ընդգծել են, որ Պեկինը վճռականորեն դեմ է Չինաստանի ինքնիշխանությունն ու անվտանգությունը նավարկության և թռիչքների ազատության պատրվակով վտանգելու ցանկացած փորձի: