Լարսը երբ փակվեց, Բրյուսելից ստացած փողն ի՞նչ եք անելու. ցանելու եք, որ աճի՞. Նաիրի Սարգսյան
Ապրիլի 5-ին Բրյուսելում Փաշինյան-Բլինքեն-Ուրսուլա Ֆոն Դեր Լայեն հանդիպումից Հայաստանի տնտեսական դիմակայունությունն ամրապնդելուն միտված լուրջ քայլեր և հետո Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորի փոփոխություն ակնկալող շրջանակներին Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը զգուշացնում է՝ պետք չէ այդ հանդիպումից միլիոնավոր դոլարներ ակնկալել, որովհետև, եթե մի փոքր գումար էլ տրամադրեն, ապա այդ գումարների դիմաց Հայաստանի համար որոշակի ծուղակներ են ստեղծելու՝ արգելելով գումարներն օգտագործել, օրինակ, Ոսկեպարն ամրացնելու, արտադրություն զարգացնելու համար։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, Բրյուսելում կայանալիք հանդիպումը Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորի փոփոխության հիմք դիտարկող գործիչների համար որոշ պարզաբանումներ ներկայացնելուց հետո Նաիրի Սարգսյանն ընդգծեց նաև.
«Ենթադրենք՝ որոշակի գումար Հայաստանին տրամադրեցին՝ որոշակի քայլերի դիմաց, ի՞նչ եք անելու, երբ Լարսի ճանապարհը փակվեց. էդ փողն ի՞նչ եք անելու, ցանելու եք, որ աճի՞։ Կամ, երբ տեսնում ենք, որ Ադրբեջանն ու Թուրքիան Հայաստանի հետ խաղաղություն չեն ցանկանում հաստատել և ունեն նպատակ ոչնչացնելու Հայաստանի Հանրապետությունը, աշխարհին Հայաստանը կապող ճանապարհը՝ Լարսը փակում եք, որ ի՞նչ անեք, ի՞նչ ճանապարհով եք Հայաստան ցորեն և այլ առաջնահերթ մթերք ներկրելու»։
Հստակ պատասխաններ ակնկալող հարցեր հնչեցնելուց հետո Սարգսյանը ՀՀ Կառավարության վարած քաղաքականությունը բնութագրեց՝ Հայաստանի համար բլոկադա ենթադրող քաղաքականություն։
Նրա դիտարկմամբ՝ Հայաստանի տնտեսական դիվերսիֆիկացիայի մասին խոսելիս պետք է հիշել, որ այն, ինչ արվում է հիմա, դիվերսիֆիկացիա չէ, պարզապես Ռուսաստանին ասում են հաջողություն՝ առանց այլընտրանքային ճանապարհներ գտնելու։
«Մատակարարումների համար Լարսին այլընտրանք ճանապարհներ ունե՞ք, խոսում էին Փոթիի նավահանգստում լաստանավեր գնելու մասին, հայտարարում, թե լաստանավերը Լարսի այլընտրանքն են դառնալու, կա՞ն դրանք, դարձա՞ն, իհարկե ոչ»,- ասաց Սարգսյանը՝ ընդգծելով, որ խնդիրը ոչ թե Արևմուտքին և Ռուսաստանին անվանարկելն է, այլ թացը չորից տարբերելու անհրաժեշտությունը, ինչի համար կան ուղղակի չոր թվեր։
Մանրամասները՝ տեսանյութում։