«Իրենք ինչո՞վ են զբաղվում՝ հողերը տալուց բացի, ծնողները ոչ մեկին չեն վստահում». «Քիմիկների զորամասից» անհետ կորած զինծառայողի մայր
Ապրիլի 1-ին համացանցում տեղեկություն տարածվեց, որ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է ընդունել 2020 թվականի 44-օրյա պատերազմում անհետ կորած զինծառայողների ծնողներին։ Սակայն պաշտոնական որևէ հաղորդագրություն չեղավ հնարավոր հանդիպման վերաբերյալ։
168.am–ի հետ զրույցում «Քիմիկների զորամասի» անհետ կորած զինծառայողներից մեկի մայրը փոխանցեց, որ զորամասի անհետ կորած զինծառայողներից միայն երկուսի ծնողին են հրավիրել Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման։
Նրա փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանն ասել է, թե ադրբեջանական կողմի հետ բոլոր հանդիպումների ժամանակ անհետ կորած զինծառայողների մասին հարցը բարձրաձայնում է, սակայն Ադրբեջանն ամեն կերպ մերժում է, թե տղաներից որևէ մեկի մասին տեղեկություն ունեն։
«Մենք խոսում ենք բռնի անհետ կորած զինծառայողների մասին, որոնց վերաբերյալ կան փաստեր»,- նշեց մեր զրուցակիցը։
Նույն զորամասի անհետ կորած զինծառայողներից մեկի մայրն էլ՝ Կարինե Մանավազյանը, ասաց, որ այդ հանդիպմանը չի մասնակցել, իսկ մասնակիցներն էլ այնպես չէ, որ գոհ են մնացել, քանի որ որևէ արժեքավոր բան այդ հանդիպումը չի տվել։
«Կոնկրետ մեր խմբից որևէ մեկին չի ընդունել, մեզ ամեն օր ասում են՝ այսօր-վաղը կընդունենք, բայց չեն ընդունել։
Արդեն տևական ժամանակ է՝ դիմում ենք Պաշտպանության նախարարին, որպեսզի մեզ ընդունի՝ արձագանք չկա։ Երևի անսպասելի են արել, մի քանի հոգու կանչել են, մյուսներին մոռացել։ Հիմա ումի՞ց պարզաբանում ստանանք, մեր զանգերին Կառավարությունից պատասխանո՞ւմ են, որ մի հատ էլ պարզաբանում ստանանք։ Եթե մեզ ընդունեն, գուցե հարցերի պատասխանները ստանանք»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Կարինե Մանավազյանը։
Նրա խոսքով՝ ծնողներն այս պահին որևէ բան չեն պատրաստվում անել, որովհետև բոլորը հիասթափված են։ «Քիմիկների զորամասի» գործով դատական նիստն անընդհատ ձգձգվում է։
Ըստ Կարինե Մանավազյանի՝ դատական նիստի ընթացքում մեկ բառ ասում են ու ամիսներով հետաձգում։
«Բոլոր ծնողները հիասթափված են, ոչ մեկին արդեն չեն վստահում։ Աստծո փեշին ենք կախված, ոչ մեկից որևէ լավ բան չենք սպասում, վատ բան սպասում ենք։ ՊՆ-ից 100 հատ հեռախոսահամար ունեմ, զանգահարում եմ՝ ոչ մի պատասխան։ Գիտե՞ք ինչ, ես ինձ կարող եմ հիմարի տեղ դնել, բայց թույլ չեմ տա, որ դիմացինս էլ հիմարի տեղ դնի ինձ։ Իրենք ինչո՞վ են զբաղվում՝ հողերը տալուց բացի»,- շեշտեց մեր զրուցակիցը։
Կարինե Մանավազյանը նաև ասաց, որ անհետ կորած զինծառայողների ծնողներն իրենց ցավը տանելով՝ չեն դիմացել, ու արդեն քանի հոգի մահացել է։
«Օգոստոսից մինչև այսօր երեք ծնող է մահացել։ Իշխանությունն էլ դա է ուզում, որ մահանան ու ոչ մեկին ոչ մի պատասխան տալու պարտավորություն չունենան։ Իրենց ձեռնտու չէ, որ մեր երեխաների գործով զբաղվեն, ու մեր երեխաները վերադառնան»,- եզրափակեց Կարինե Մանավազյանը։
Հիշեցնենք, որ նախորդ տարվա օգոստոսի 30-ին Էջմիածնի «Քիմիկների զորամասի» անհետ կորած զինծառայողների ծնողները գնացել էին Պաշտպանության նախարարություն՝ հանդիպում պահանջելու նախարար Սուրեն Պապիկյանի հետ։ Մեկ ամբողջ օր ծնողները մնացել էին ՊՆ շենքում, բայց հետո նրանց տեղեկացրել էին, որ Պապիկյանը շենքում չէ՝ վստահեցնելով, թե նախարարն իրենց հետ անպայման կհանդիպի։ Ծնողների հետ հանդիպել էր Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը, զրուցել նրանց հետ, սակայն, ինչպես ծնողներն էին ասել, իրենց հարցերին չի պատասխանել, այդ պատճառով էլ ցանկացել են, որ հանդիպումն անպայման լինի Սուրեն Պապիկյանի հետ։