Ռուսաստանը եռօրյա դադարից հետո զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին
Ռուսաստանի զինված ուժերը Կիևի մարզի վրա զանգվածային հարձակում է իրականացրել՝ օգտագործելով բալիստիկ, թևավոր, հականավային հրթիռներ, ռեակտիվ անօդաչու թռչող սարքեր։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին իր Telegram ալիքում։
Նրա խոսքով՝ գիշերային հարձակման ժամանակ ռուսները միտումնավոր փորձել են հնարավորինս շատ վնասել մարդկանց։ Կիևում բնակելի շենքերին և քաղաքացիական ենթակառուցվածքներին զգալի վնաս է հասցվել, 2 մարդ զոհվել է, 10՝ վիրավորվել։ 13 մարդու հաջողվել է փրկել։
Նախագահը նաև նշել է, որ Կիևի մարզում թիրախավորվել են կարևորագույն ենթակառուցվածքային օբյեկտները։
Զելենսկին տեղեկացրել է Խարկովում երկու վիրավորի և բնակարանային շենքի վնասվելու մասին։ Հարվածների են ենթարկվել նաև այլ մարզեր։
«Այսօր առավոտյան Սումիի մարզի երկաթուղային կայարանում հարձակման է ենթարկվել Կիև-Սումի գնացքի շոգեքարշը, սակայն զոհեր չկան։ Հարձակումներ են եղել նաև Զապորոժիեում և Դնեպրի մարզում», – նշել է նա։
«ՌԲԿ-Ուկրաինա» պարբերականը հաղորդում է, որ գիշերը հարվածներ են գրանցվել Կիևի յոթ շրջաններում, վնասվել են առնվազն 14 բարձրահարկ շենքեր, դպրոց, կլինիկա, սուպերմարկետ և բենզալցակայան։
Կիևի քաղաքային դատախազությունը քրեական հետաքննություն է սկսել պատերազմական հանցագործության վերաբերյալ։
Հարվածի տակ է հայտնվել նաև Օդեսան։ Քաղաքի արվարձաններում գտնվող շուկային հարվածի հետևանքով կան տուժածներ։
ՌԴ պաշտպանության նախարարությունը հաստատել է Կիևին և Օդեսային հասցված հարվածները՝ նշելով, որ թիրախավորվել են ուկրաինական ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններ։
Մինչ այդ Ռուսաստանը և Ուկրաինան երեք օրով փոխադարձաբար դադարեցրել էին մայրաքաղաքների ուղղությամբ հարձակումները՝ ԱՄՆ նախագահի բանագնացներ Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների՝ Մոսկվա և Կիև այցի ֆոնին։
ՌԴ ՊՆ-ն նաև հայտարարել է, որ սեպտեմբերի 8-ի գիշերը հակաօդային պաշտպանության համակարգերը երկրի մարզերի և Սև ծովի վրա որսացել և ոչնչացրել են ուկրաինական 384 անօդաչու թռչող սարք։
Սարատովի մարզի նահանգապետը հայտնել է, որ ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով վիրավորվել է 10 մարդ, այդ թվում՝ երեք երեխա, վնասվել է մի քանի շենք։
ՏԱՍՍ գործակալությունը տեղեկացնում է, որ Ղրիմում Ուկրաինայի զինված ուժերի հարձակման հետևանքով երկու մարդ զոհվել է, մեկը՝ վիրավորվել։
Բրյանսկում ԱԹՍ-ի հարվածից 1 մարդ է զոհվել, ևս 3-ը՝ վիրավորվել։

