Վրաստանում յուրաքանչյուր հինգերորդը թոշակառու է
Վրաստանում յուրաքանչյուր հինգերորդը թոշակառու է. թոշակառուների թիվը և նրանց մասնաբաժինը ընդհանուր բնակչության շրջանում անշեղորեն աճում են, ըստ aliq.ge-ի՝ գրել է bpn լրատվամիջոցը:
Տեղեկության համաձայն, վերջին 5 տարիների ընթացքում այս ցուցանիշն աճել է 9,8 տոկոսով և կազմել ընդհանուր բնակչության 22,4 տոկոսը։ Նույն ժամանակահատվածում բնակչությունն աճել է ընդամենը 0,3 տոկոսով։
Ավելի կոնկրետ՝ Սոցիալական ծառայությունների գործակալության տվյալներով, 2019 թվականին տարիքային կենսաթոշակառուների թիվը կազմել է 762 հազար 621, 2020 թվականին՝ 783 հազար 705, 2021 թվականին տարիքային կենսաթոշակառուների թիվը կազմել է 793 հազար 751 մարդ, 2022 թվականին՝ 808 հազար 326. 2023 թվականի դեկտեմբեր ամսվա տվյալներով՝ Վրաստանում ընդհանուր առմամբ ապրում է 838 հազար 097 թոշակառու։
Ինչ վերաբերում է բնակչությանը, ապա, ըստ Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ 2019 թվականին երկրում ընդհանուր առմամբ ապրել է 3 մլն 723 հազար 464 մարդ, և պարզվում է` թոշակառուների թիվն այդ ժամանակ կազմում էր բնակչության 19,8 տոկոսը։ Բնակչության թիվը 2020 թվականին կազմել է 3 մլն 716 հազար 858 (թոշակառուների տեսակարար կշիռը` 21 տոկոս), 2021 թվականին բնակչության թիվը կազմել է 3 մլն 728 հազար 573 մարդ (թոշակառուների տեսակարար կշիռը՝ 21,2 տոկոս), 2022 թվականին Վրաստանում ապրել է 3 մլն 688 հազար 647 մարդ (թոշակառուների տեսակարար կշիռը` 21,9 տոկոս): Բնակչությունը 2023 թվականին կազմել է 3 մլն 736 հազար 357 մարդ (թոշակառուների տեսակարար կշիռը՝ 22,4 տոկոս)։
Ըստ այդմ, ստացվում է, որ վերջին 5 տարում կենսաթոշակառուների տեսակարար կշիռն ընդհանուր բնակչության մեջ աճել է 2,6 կետով և կազմել ընդհանուր բնակչության 22,4 տոկոսը։ Սա նշանակում է, որ ազգի ծերացման գործընթացն ակտիվորեն շարունակվում է, և եթե ծնելիության առումով իրավիճակը չբարելավվի, ապա առաջիկա 10 տարում թոշակառուների տեսակարար կշիռը կգերազանցի 28 տոկոսը։