Բաժիններ՝

«Երկաթե թոքում ապրող մարդը» մահացել է 78 տարեկանում

Փոլ Ալեքսանդրը, որը հայտնի էր որպես «երկաթե թոքում ապրող մարդ», մահացել է 78 տարեկանում։

1952 թվականին, երբ ԱՄՆ-ում պոլիոմիելիտ էր տարածվել, 6 տարեկան Փոլ Ալեքսանդրը վարակվել էր հիվանդությամբ։ Պոլիոմիելիտի պատճառով տղան պարանոցից ներքև ամբողջությամբ կաթվածահար էր եղել և ի վիճակի չէր ինքնուրույն շնչել։

Բժիշկներին հաջողվում է փրկել նրա կյանքը, սակայն շնչառությունն ու օրգանիզմի բնականոն կենսագործունեությունն ապահովելու համար նրան դնում են մի սարքի մեջ, որը կոչվում է «Երկաթե թոք»։

Փոլը գլանի ներսում է մնում 70 տարուց ավելի․ հիվանդության բարդությունները չեն խանգարում, որ նա ստանա իր երազանքի կրթությունը, ինչպես նաև գիրք հրատարակի։ Նա ավարտում է միջնակարգ դպրոցը, հետո ընդունվում համալսարան, իսկ 1984 թվականին ստանում իրավաբանի կոչում։ Երկու տարի անց նա ընդունվում է փաստաբանների միություն և տասնամյակներ շարունակ զբաղվում իր սիրած գործով։

Երկաթե գլանում տարիներ շարունակ գտնվելուց հետո Փոլ Ալեքսանդրը սովորել էր ինքնուրույն շնչել և կարողանում էր կարճ ժամանակով դուրս գալ սարքից։

Նա հրատարակել է իր հուշագրությունը, իսկ 2023 թվականին գրանցվել Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես «երկաթե թոքում» ամենաերկար ապրած մարդ։

1950-ականներին պոլիոմիելիտի պատվաստանյութի շնորհիվ հիվանդությունը նահանջեց, իսկ 60-ականներին «երկաթյա թոքը» դուրս եկավ կիրառությունից, բայց Փոլը շարունակում էր ապրել գլանի ներսում, քանի որ ասում էր, որ սովորել է դրան։

Հունվարին նա TikTok-ում օգտահաշիվ էր բացել, որն ուներ 300 000 հետևորդ։ Նա իր հետևորդներին պատմում էր իր կյանքի և նվաճումների մասին, պատասխանում նրանց հարցերին։ Փոլը նաև պոլիոմելիտի դեմ պատվաստվելու ջատագովներից էր։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս