Արդեն 90 հազարից ավելի էլեկտրոնային դեղատոմս է դուրս գրվել. Անահիտ Ավանեսյան

Դեղերի տրամադրման թվային համակարգի ներդրումից հետո Հայաստանում արդեն ավելի քան 90 հազար էլեկտրոնային դեղատոմս է տրվել հիվանդներին:  Կառավարության մարտի 14-ի նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Նա նշեց, որ բժիշկներն ու բուժառուներն աստիճանաբար ընտելանում են նոր կարգին, ինչը վկայում է նորամուծության կենսունակության մասին:

«Էլեկտրոնային դեղատոմսերի խնդիրը հետզհետե կարգավորվում է. թե էլեկտրոնային դեղատոմս դուրս գրողները, թե պացիենտները սովորում և ընտելանում են համակարգին: Այս օրերին արդեն 90 հազարից ավելի էլեկտրոնային դեղատոմս է դուրս գրվել, ինչը խոսում է այն մասին, որ համակարգը շատ ակտիվ աշխատում է: Նորից հայցում եմ մեր բոլոր քաղաքացիների ներողամտությունը, որովհետև ցանկացած համակարգ ներդնելիս որոշակի ժամանակ է անհրաժեշտ, որպեսզի բոլոր օղակները սկսեն համահունչ աշխատել: Մեր բոլոր օղակների աշխատողները փորձում են հնարավորինս սահուն կազմակերպել գործընթացները: Մի քանի օրից, կարծում եմ, խնդիրները կկարգավորվեն»,- նշեց Անահիտ Ավանեսյանը:

Նախարարը չի կիսում այն տեսակետը, որ նորամուծությունը պետք էր հետաձգել մինչև հասարակության ավելի պատրաստ լինելը: Նա հայտարարեց, որ նախարարությունը մտադիր է սահմանված ժամկետներում իրականացնել բոլոր նախանշած բարեփոխումները:

Միաժամանակ, Անահիտ Ավանեսյանն ընդգծեց, որ իրենք ուսումնասիրում են նոր համակարգի հետ կապված բոլոր մտահոգությունները, որոնց վերաբերյալ արդեն իսկ տրվել են համապատասխան լուծումներ: Մասնավորապես, փորձ է արվում պահպանել բժշկական գաղտնիքը և նվազագույնի հասցնել էլեկտրոնային դեղատոմսից օգտվող անձի անհատական տվյալների արտահոսքը:

Տեսանյութեր

Լրահոս