Հնդիկ արվեստագետը նորովի է բացահայտում Հայաստանը և մտածում է համատեղ ծրագրեր իրականացնելու մասին
Արվեստը սահմաններ չի ճանաչում, հետևաբար պետք է ապագայում առավելագույն չափով սերտացնել հայ-հնդկական մշակութային կապերը, որոնք կարող են նպաստել երկու երկրների միջև առկա հարաբերությունների ամրապնդմանն ու խորացմանը։
«Արմենպրես»-ի հետ զրույցում նման համոզմունք հայտնեց հնդիկ արվեստագետ և պրոդյուսեր Ջյոտիրմոյ Բհատտաչարյան՝ ով տասներկու հայրենակից նկարիչների հետ այցելել է Հայաստան՝ երկու երկրների արվեստագետների միջև համագործակցության ուղիներ հարթելու նպատակով։
Նա բավականին հայտնի արվեստագետ է ոչ միայն Հնդկաստանում, այլև նրա սահմաններից դուրս։ Ղեկավարել է հնդիկ հայտնի նկարիչներ Ջոգեն Չոուդհուրիի, Շուվապրասաննայի, Աքբար Պադամսիի, Լալու Պրասադ Շովուի և Սումիտրա Չատերջիի աշխատանքների ցուցահանդեսները, նկարահանել է ֆիլմեր Հիմմաթ Շահի և Ռաբին Մոնդալի մասին, հայեցակարգել է բավականին հետաքրքիր նախագծեր: «Իմ նպատակն է նկարահանել ֆիլմեր, որոնք հասանելի կլինեն բոլորին՝ արձանագրելով արվեստագետների կյանքն ու ստեղծագործական գործունեությունը, նախքան նրանք կհասնեն բարձր դիրքի»,-նշեց Բհատտաչարյան:
Ի դեպ, նա երրորդ անգամ է անցելում Հայաստան։ 2016 թվականին ժամանեց մեր երկիր՝ որպես զբոսաշրջիկ և կարճ ժամանակում, ինչպես ինքն է նշում, սիրահարվեց Հայաստանին, նրա պատմամշակութային հարուստ ժառանգությանը։
«Երբ վերադարձա Հնդկաստան, արդեն կարոտում էի ձեր երկիրը, ուստի երկու տարի հետո նորից այցելեցի Հայաստան՝ ուղեկցելով հնդիկ հայտնի նկարիչ Ջոգեն Չոուդհուրիին, ով նույնպես տպավորված էր Հայաստանով ու հայկական մշակույթով։ Մեզ վրա աննկարագրելի ազդեցությունն թողեցին Գառնին ու Գեղարդը, տեսարժան մյուս վայրերը, որոնք ուղղակի ներշնչանքի աղբյուր են արվեստագետի համար։ Դեռ այն ժամանակ մտածում էի գործնական կապեր հաստատել հայ գործընկերների, նկարիչների ու ճարտարապետների հետ, հետևաբար երրորդ այցի ընթացքում իմ ուշադրության կենտրոնում արդեն կոնկրետ ծրագրերի քննարկումն է։ Արվեստը սահմաններ չի ճանաչում և սա այն բնագավառն է, որտեղ ներդաշնակորեն համադրվում են տարբեր ժողովուրդների մշակույթները»,- ասաց նա։
Նա հայրենաիցկների պատվիրակության հետ մարտի 6-ին հյուրընկալվել է Հայաստանի նկարիչների միությունում: Կառույցի նախագահ Սուրեն Սաֆարյանը հնդիկ արվեստագետների հետ շրջայց է կատարել «Գարնանային Սալոն 2024» ցուցահանդեսով։ Հյուրերին ներկայացվել են ցուցադրվող աշխատանքները և հեղինակներին: Հանդիպման շրջանակում կողմերը քննարկել են երկու երկրների վարած մշակութային գործունեությունը և պայմանավորվել են համատեղ մշակութային ծրագրեր իրականացնել, կազմակերպել ցուցահանդեսներ, վարպետության դասեր և պլենարային նախագծեր Հայաստանի և Հնդկաստանի կերպարվեստի ոլորտի ներկայացուցիչների մշակութային կապը ամրապնդելու և նոր անուններ բացահայտելու համար:
«Հայ հեղինակների գործերն իսկապես տպավորիչ են, իսկ նկարիչների միությունում առկա մթնոլորտն ուղղակի ֆանտաստիկ էր։ Արվեստագետներն ընդհանրապես էությամբ բարդ մարդիկ են և շատ դժվար է նրանց մեկտեղել, սակայն հայ գործընկերներին հաջողվել է դա անել։ Աներևակայելի է նույն տանիքի ներքո տեսնել իրար հետ սերտորեն համագործակցող և կարևոր հարցեր քննարկող բազմաթիվ վարպետների։ Առհասարակ հայերի հոգեկերտվածքին ծանոթ եմ վաղուց, որովհետև Կալկաթայում, որտեղ բնակվում եմ, և Մադրասում կան բավականին ազդեցիկ հայկական համայնքներ, որոնք պահպանել են իրենց ազգային դիմագիծը, մշակույթն ու ավանդույթները։ Նրանք ավելի մեծ հաջողություններ են արձանագրել երաժշտության մեջ, թեև նկարչության և ճարտարապետության ոլորտում նույնպես կան խոստումնալից երիտասարդ արվեստագետներ»,- ասաց Բհատտաչարյան։
Նա հավելեց, որ հաշվի առնելով երկու երկրների միջև առկա ընդհանրությունները, ցանկանում է կազմակերպել փոխայցելություններ։ Այդ հարցն արդեն հանգամանորեն քննարկել է Հնդկաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վահագն Աֆյանի հետ։ Հնդիկ արվեստագետը հայտնեց, որ շոշափելի արդյունքների դեպքում նաև կնկարահանի ֆիլմ՝ հանրայնացնելով երկու երկրների մշակութային փոխգործակցությունը։ Նրա խսքով՝ ընդամենը մի քանի օր տևող այցերը դեռ բավարար չեն՝ ավելի ընդգրկուն տեղեկատվություն և համապատասխան նյութեր հավաքագրելու համար, առավել ևս, որ Հայաստանը բացօթյա թանգարան է, որտեղ ամեն քայլափոխի կարելի է հանդիպել հետաքրքիր բացահայտումների։
Բհատտաչարյան հեղինակել է նաև հետաքրքիր աշխատություններ հնդկական արվեստի, մասնավորապես` գեղանկարչության մասին։ Նրա ուշադրության կենտրոնում է եղել, օրինակ, բենգալական մշակույթը, որի վերաբերյալ հրապարակել է նկարներով ու մասնագիտական մեկնաբանություններով մի գիրք, որը ներկայացնում է 19-20-րդ դարերի Բենգալիայի միֆոլոգիան։ Նկարչությունը խորապես ներգրավված է Հնդկաստանի մաս կազմող Բենգալիայի հասարակական կյանքում և իր ընդերքում անթեղել է հիշարժան պատմություններ ու ավանդույթներ։ Դրանց մեջ տեղ են գտել ոչ միան գեղանկարչությունը, այլև այլ արվեստներ։
«Այդտեղ դուք կտեսնեք արվեստի, մասնավորապես գեղանկարչության տարբեր ուղղություններում առկա բազմաթիվ ընդհանրություններ։ Հնդկաստանը բազմազգ երկիր է, որտեղ հարյուրամյակներ առաջ բնակվել են բազմաթիվ ազգերի ներկայացուցիչներ՝ իրենց հետ բերելով հարազատ մշակույթն ու արվեստը։ Այդ առումով հնդկական մշակույթը բազմաշերտ է ու բազմազան, և հենց դրա մեջ է նրա հարստությունը»,- նշեց Բհատտաչարյան։
Զրույցի ընթացքում անդրադարձանք նաև մի հետաքրքիր տեղեկության։ Պարզվեց՝ նա տեղյակ էր, որ 2021 թվականին Հնդկաստանի արտգործնախարար Սուբրամանյամ Ջայշանկարն այցելել է Հայաստանի ազգային պատկերասրահ, որտեղ քննարկվել են հայ-հնդկական մշակութային հարաբերություններին ուղղված մի շարք հեռանկարային ծրագրեր: Արտգործնախարարին ներկայացվել են նաև հայ մեծանուն նկարիչ Սարգիս Խաչատուրյանի՝ բնօրինակի արժեք ունեցող բացառիկ աշխատանքները, որոնք նկարիչը ստեղծել է Հնդկաստանում գտնվող Աջանտա քարանձավային տաճարների համալիրում:
«Անձամբ դեռ չեմ հանդիպել պարոն Խաչատուրյանին, սակայն նրա նկարների մասին տեղյակ եմ։ Պետք է աշխատենք, որպեսզի նման օրինակները շատ լինեն, հետևաբար ցանկանում ենք հայ նկարիչների գործերի ցուցահանդեսներ կազմակերպել Հնդկաստում, իսկ մեր հեղինակներին նույն կերպ ներկայացնել Հայաստանում։ Պատրաստ եմ հետագայում նույնպես հնդիկ արվեստագետներին ուղեկցել ձեր հյուրընկալ երկրում»,- ասաց Բհատտաչարյան՝ հավելելով, որ մեծապես ազդվել է հատկապես Կոմիտասի երաժշտությունից և հիմա անպայման գնելու է դուդուկ, որպեսզի իր որդին, ով հաճախում է երաժշտական դպրոց, սովորի նվագել նաև այդ գործիքով։
Մանվել Մարգարյան