Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի ներկայացուցիչները հանդիպել են Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի հետ
Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ-ների) հակակոռուպցիոն կոալիցիայի ներկայացուցիչները, կոալիցիայի քարտուղարության համակարգող, Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանն ու կոալիցիայի կառավարման խորհրդի նախագահ, Տնտեսական իրավունքի կենտրոնի ղեկավար Մովսես Արիստակեսյանը մարտի 1-ին հյուրընկալվել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում՝ համատեղ հետաքրքրության շրջանակի առնչվող, ինչպես նաև ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության և դրանից բխող 2023-2026 թվականների միջոցառումների ծրագրով նախատեսված մի շարք հարցեր քննարկելու նպատակով:
Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են հակակոռուպցիոն օրենսդրության կատարելագործմանը, այդ թվում՝ կոռուպցիոն բնույթի հանցագործությունների ենթակայությանն առնչվող հարցերը: Անդրադարձ է եղել նաև կոռուպցիայի դեմ պայքարում Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից արձանագրված արդյունքներին, կադրերի ընտրության, համալրման և վերապատրաստման գործընթացներին, ազդարարման համակարգին առնչվող հարցերին, ինչպես նաև նախաքննության իրականացման արդյունավետության բարձրացման նպատակով վերջին շրջանում ներկայացված օրենսդրական նախաձեռնություններին:
Հակակոռուպցիոն կոալիցիայի ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել աջակցել կոմիտեի կարողությունների հզորացման, հակակոռուպցիոն կրթության զարգացման և իրազեկվածության բարձրացման, հակակոռուպցիոն բարեփոխումների իրականացման ուղղությամբ: Դիտարկվել են նաև Հակակոռուպցիոն կոմիտեի և Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի միջև համագործակցությունն ավելի ամրապնդելու հնարավորությունները: