Ադրբեջանն ասում է` ես պիտի բարձունքները հսկողության տակ պահեմ, կապ չունի` ում տարածքում են. դա մեր տարածքային ամբողջականության ուղիղ ոտնահարում է. Փաշինյան
Հայաստանը Ֆրանսիայի կողմից արդեն ռազմական օգնություն ունի ռադարների տեսքով, նախագահ Մակրոնը նոր` պաշտպանական զինատեսակներ է խոստացել: Նիկոլ Փաշինյանից France 24-ի թղթակիցը հետաքրքրվել է` հաշվի առնելով, որ Ադրբեջանն ավելի ուժեղ է ռազմական առումով, արդյոք դա նշանակում է, որ Հայաստանն ավելի պետք է զինվի:
«Ադրբեջանն ամեն անգամ աղմուկ է բարձրացնում ռազմատեխնիկական ոլորտում մեր որևէ նոր պայմանագրի կամ համագործակցության դեպքում, բայց Ադրբեջանը չի ասում, որ ինքն ամեն օր միլիարդավոր դոլարների զենք է գնում, և սա կարևոր փաստ է արձանագրելու համար, մյուս կողմից` ինչու է Ադրբեջանն անհանգստացած ՀՀ բանակի բարեփոխումներով` այն պայմաններում, երբ օկուպացիայի տակ է պահում ՀՀ ինքնիշխան տարածքներ, և մենք ասում ենք` շատ լավ, եկեք Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա սահմանը արտահայտենք, և զորքերը հայելային հետ քաշենք, ու դա կլինի վստահության շատ կոնկրետ քայլերից մեկը: Մեր բանակի բարեփոխումը որևէ մեկին չպետք է անհանգստացնի, ինչու, որովհետև մենք ասում ենք, որ մեր բոլոր հարևանների տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը ճանաչում ենք, հետևաբար, ինչու պետք է որևէ մեկին մեր բանակի բարեփոխումն անհանգստացնի: Մենք ասում ենք, որ մեր բանակը մեր ինքնիշխան տարածքից դուրս որևէ խնդիր չունի լուծելու, և չի ունենալու, այդ ֆոնին Ադրբեջանը աղմուկ է անում, դա որ պարագայում կարող է տեղի ունենալ` երբ ինքը խնդիր ունի մեր ինքնիշխան տարածքում ռազմական խնդիր լուծելու, ուրիշ տրամաբանություն չկա»,- պատասխանել է Նիկոլ Փաշինյանը:
Փաշինյանի խոսքով` բանակ ունենալը յուրաքանչյուր երկրի ինքնիշխան իրավունքն է, որևէ երկիր չի կարող այլ երկրի մեղադրել բանակ ունենալու մեջ:
«Ադրբեջանն անհանգստություն է հայտնում, ինչու, միթե ինքն ունի խնդիր մեր ինքնիշխան տարածքում լուծելու, նաև այս արձագանքն է, որ շատ փորձագետների հիմք է տալիս ենթադրելու, որ Ադրբեջանը շարունակելու է իր ագրեսիվ քաղաքականությունը, բայց մենք լուծումներ էլ ենք առաջարկում. ճանաչել սահմանը, հետ քաշել զորքերը, միմյանց ինքնիշխան տարածքում ոչ մի հատիկ տեխնիկա և զինվոր չունենալ, սահմանային գոտու ապառազմականացման և սպառազինությունների փոխադարձ վերահսկման առաջարկ ենք անում. եթե մենք որևէ խնդիր ունենայինք Ադրբեջանի անվտանգությանը սպառնալու, էս առաջարկներն ինչու պիտի անեինք, էդ Ադրբեջանն է ասում` ես պիտի բարձունքները հսկողության տակ պահեմ, կապ չունի` ում տարածքում են, բայց դա մեր տարածքային ամբողջականության ուղիղ ոտնահարում է, ագրեսիվ քաղաքականության իրականացում և այդ քաղաքականությունից չհրաժարվելու մտադրության իրականացում»,- նշել է Փաշինյանը։