Նիկոլ Փաշինյանն ու ԱՄՆ պետքարտուղարը կարևորել են ռազմավարական երկխոսության հետևողական զարգացումը
Նիկոլ Փաշինյանն ու ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Մյունխենում քննարկել են Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների օրակարգային հարցերին վերաբերող թեմաներ:
ՀՀ կառավարությունը մանրամասներ է ներկայացրել Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում Փաշինյան-Բլինքեն հանդիպումից:
Ողջույնի խոսքում Փաշինյանը նշել է. «Մենք գնահատում ենք այն դինամիկան, որ ունենք մեր երկկողմ հարաբերություններում։ Կարծում եմ` մենք հաստատել ենք շատ արդյունավետ գործընկերություն և 2019-ին սկսեցինք Ռազմավարական երկխոսությունը: Այս տարին ևս կարևոր է, մենք սպասում ենք մեր ամերիկյան գործընկերների հետ բավականին ծավալուն օրակարգով նիստին»:
Բլինքենն իր հերթին ընդգծել է, որ Հայաստանը շատ արժեքավոր գործընկեր է ԱՄՆ-ի համար, կարող են ուժեղացնել երկու երկրների միջև կապերը բոլոր ուղղություններով,և այս ամենը քննարկել են Փաշինյանի հետ:
Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների օրակարգային հարցերին վերաբերող թեմաներ, կարևորել ռազմավարական երկխոսության հետևողական զարգացումը:
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ: